Երկար ժամանակ մենք փնտրում էինք այն աննկարագրելի գեղեցկուհու ընտանիքից որևէ մեկին, որն առաջին անգամ անսպասելիորեն Հայաստան եկավ շուրջ հիսուն տարի առաջ, և Ֆրունզե Դովլաթյանի ու Խորեն Աբրահամյանի «Սարոյան եղբայրներ»-ում նկարահանվեց Սուրմելյանի խորհրդավոր կնոջ՝ Թագուհու դրվագային դերում՝ մի տեսակ առեղծվածորեն համադրելով Թագուհի անունն ու իր դիվային կանացիությունը:
Երկրորդ անգամ նա «Հայֆիլմում» հայտնվեց «Սարոյան եղբայրներից» տասներկու տարի անց՝ Լևոն Իսահակյանի և Աղասի Այվազյանի «Լիրիկական երթում»՝ հրաշալիորեն կերպավորելով 1918-ի խառնակ Հայաստանում ապրող առաջացող տարիքի կնոջ դերը՝ որում նաև նրա երիտասարդ տարիների կանացի խարդավանքների ուրվագծերը կային:
Դա եղավ նրա վերջին այցելությունը Հայաստան:
Ո՞վ էր դեռևս հեռավոր վաթսունականներից իր դավադիր գեղեցկությամբ ու տաղանդով բազմաթիվ անվանավոր ռեժիսորների սրտերը նվաճած գեղեցկուհին՝ մեծանուն վրացուհի՝ Լիա Էլիավան, ինչպե՞ս ապրեց իր կյանքի տարիները, ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ ճակատագիր ունեցավ և այլն…ահա այսպիսի մարդկային զրույց էինք փնտրում նրա ընտանիքի անդամներին որոնելիս և շատ հետաքրքիր զուգադիպությամբ (այդ մասին՝ ավելի ուշ) գտանք նրա դստերը՝ Նանա Կոբերիձեին և Նանան՝ գուցե մի քիչ զարմացած, որ Լիա Էլիավային հիշում են Հայաստանում, բայց շատ պատրաստակամորեն համաձայնեց պատասխանել «ՀԱՅԵՐԻ» հարցերին:
Լիա Էլիավայի մարմինն այսօր հանգչում է Թբիլիսիի Դիդուբինյան պանթեոնում, նրա ամուսնու՝ վրացական կինոյի փառահեղ անուններից մեկի՝ Օթար Կոբերիձեի կողքին: Լիան մահացավ 64 տարեկանում, իսկ Օթար Կոբերիձեն սիրելի կնոջ մահից հետո ապրեց 17 տարի և ընդամենը երկու տարի առաջ հրաժեշտ տվեց կյանքին:
Մենք, անշուշտ, ուզում էինք Նանայի հետ խոսել նաև այն մասին, թե ինչպե՞ս Լիա Էլիավան առաջին անգամ հայտնվեց հայկական կինոյում, ի՞նչ հանգամանքներում էր կատարվել նրա ընտրությունը, ինչո՞ւ հենց նա, ո՞վ էր զգացել նրա տաղանդը, հմայքը և այլն, որովհետև սրանք այն հարցերն են, որոնց այսօր՝ ժամանակի բերումով դժվար թե որևէ մեկը կարողանա ստույգ պատասխանել, բայց Նանան նույնպես այդ հարցերի պատասխանները չուներ: Նանա Կոբերիձեն շատ անմիջական ու պարզ մարդ էր, պատմում էր խնամքով, սիրով:
«Վաթսունականների մասին, հավանաբար ոչինչ ասել չեմ կարող: Չեմ հիշում, որ Լիան այդ մասին պատմեր: Երկրորդ անգամ, երբ նա նկարահանվում էր Հայաստանում, մենք Երևան եկանք միասին: Նա ինձ բերել էր իր հետ: Լավ հիշում եմ, որ Լիային դիմավորեցին շատ ջերմ ու շատ ուշադիր էին նրա նկատմամբ: Այդ օրերին մենք եղանք Սաթենիկ Սահակյանենց տանը: Նա նկարահանվում էր Սաթենիկի՝ հետագայում Սաթի Սպիվակովայի հետ: Սաթենիկն անհավատալիորեն ջերմ ու սիրալիր ծնողներ ուներ: Մայրս անչափ գոհ էր ամեն ինչից: Հետագայում էլ նա միշտ շատ ջերմ էր խոսում այն ռեժիսորների, դերասանների մասին, ում հետ աշխատել էր Հայաստանում: Թե ինչո՞ւ էին նրան ընտրել, ես չգիտեմ: Նա այդ մասին չի պատմել: Գիտեմ միայն, որ կրկին պետք է հրավիրեին Հայաստան նկարահանումների, բանակցություններ կային, բայց, կարծեմ ռեժիսորը չնկարահանեց այդ ֆիլմը կամ այդպիսի ինչ-որ մի պատմություն: Ասացի, որ «Լիրիկական երթում» նա խաղում էր Սաթենիկ Սահակյանցի՝ Սաթի Սպիվակովայի հետ: Նրանք հետո ընկերացան, բարեկամացան: Ճիշտ է, երկուսն էլ ժամանակ չունեին գնալու Հայաստան, հանդիպելու, բայց անվերջ նամակագրություն ունեին: Այդ նամակները պահպանված են ու թանգարանում են այսօր: Նա Վրաստանում էլ շատ հայ ընկերներ ուներ»,-ասաց Նանա Կոբերիձեն:
-Կպատմե՞ք Լիայի, Ձեր ընտանիքի, նրա կյանքի մասին:
-Նա ընդամենը երեք տարեկան է եղել, երբ 37-ին գնդակահարել են նրա հորը: Լիայի հայրը սովորել է Գերմանիայում, հետո վերադարձել է Վրաստան և նշանակվել է Վրաստանի ֆինանսների նախարար: Նա ֆինանսիստ է եղել, տնտեսագետ: Նրան գնդակահարելուց հետո կնոջը՝ տատիկիս աքսորել են Սիբիր և նա 9 տարի անցկացրել է աքսորներում: Լիան 15-16 տարեկան է եղել, երբ նրա մայրը վերադարձել է: Լիային պահել ու դաստիարակել են մորական կողմից նրա տատիկն ու պապիկը: Լիան անչափ սիրում էր իր տատիկին ու պապիկին, միշտ անչափ մեծ կարոտով էր խոսում նրանց մասին: Սկզբնական շրջանում, երբ մայրը վերադարձել է աքսորից, նրանք շատ բարդ հարաբերություններ են ունեցել: Հասկանալի է: Լիան չէր տեսել մորը մանկության տարիներին: Լիայի նախապապը Իվան Կերեսելիձեն է՝ հայտնի վրաց լրագրող, հրապարակախոս, որը 1800-ական թվականների վերջերին հրատարակել է առաջին և իր ժամանակի մեջ միակ «Ցիսկարի» հայտնի ամսագիրը: Նա միշտ հիշում էր, որ իր մայրը, պապիկն ու տատիկը շատ դժվար ժամանակներ են ապրել, բայց նաև միշտ հիշեցնում էր, որ նրանք դրանից չեն ընկճվել, չեն կորցրել իրենց, չեն չարացել ու շատ բարի, ջերմ մարդիկ են մնացել: Լիայի մայրը, տատիկս, որ հետո ապրեց Լիայի ու Օթարի հետ, իսկապես, անհավատալիորեն բարի մարդ էր, ու նա է ինձ մեծացրել, դաստիարակել: Նա երբեք չէր խոսում այն ժամանակների մասին, երբ իրեն աքսորել էին Վրաստանից: Իհարկե, մայրս ու նա հետագայում շատ լավ հարաբերություններ ունեին, տատիկս շատ սիրում էր Օթարին ու շատ ջերմ ընտանքում ենք ապրել:
-Կպատմե՞ք նրանց սիրո, ամուսնության մասին:
-1956-ին մայրս՝ Մոսկվայից, որտեղ սովորում էր, վերադառնում է Թբիլիսի՝ նկարահանվելու իր առաջին ֆիլմում և այդ ֆիլմի ավարտից հետո էլ նա և Օթարը հանդիպում են: Նա ուղղակի խելացնոր կերպով սիրահարվում է մորս: 56-ին Լիան ընդամենը 22 տարեկան էր, իսկ նրա գեղեցկության մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Օթարը նույնպես շատ գեղեցիկ տղամարդ էր: Լիան ուզում է վերադառնալ Մոսկվա, բազմաթիվ առաջարկներ է ունենում, բայց նրանք ամուսնանում են: Նրանք շատ էին սիրում միմյանց ու այդպիսի սիրով էլ ապրեցին ողջ կյանքում: Մայրս շատ հետաքրքիր կին էր, շատ կարդացած, շատ լավ երգում էր: Նրա հետ անչափ հետաքրքիր էր խոսելը: Շատ լայնախոհ էր: Երիտասարդներին շատ էր սիրում: Նրանք Օթարի հետ շատ ֆիլմերում են նկարահանվել: Մայրս 36 ֆիլմում է նկարահանվել, Օթարը՝ եթե չեմ սխալվում, 82: Նրանք շատ-շատ էին աշխատում: Օթարը հատկապես անընդհատ նկարահանումների էր ամբողջ խորհրդային միությունով մեկ: Ես հիմնականում մեծացել եմ սիրելի տատիկիս հետ՝ Լիայի սիրելի մոր: Ես 16 տարեկան էի, երբ տատիկս մահացավ: Երբ նրանք տանն էին լինում, մեր տանը միշտ շատ մարդ կար, միշտ աղմուկ էր: Հիմնականում նկարիչներ էին, պոետներ: Նրանք իսկական աստղեր էին:
-Ինչպե՞ս դասավորվեց Լիայի ճակատագիրը: Երջանի՞կ էր արդյոք:
-Գիտեք, երբ Վրաստանում սկսվեցին պատերազմները, շատ բարդ մի ժամանակաշրջան սկիզբ առավ: Չկային նկարահանումներ, չկար կինո: Շատ ծանր էր ամբողջ Վրաստանի համար: Երբ նրանք չէին աշխատում, Լիան հիմնականում զբաղվում էր կրկնօրինակումներով: Վերջին ֆիլմը՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում», որում նրան առաջարկեցին խաղալ, նա շատ մեծ ուրախությամբ ընդունեց: Նա ընդհանրապես շատ կենսախինդ կին էր, շատ լավատես, բայց շատ ծանր էր տանում այդ ժամանակաշրջանը: Գիտեք, թե ինչ է նշանակում դերասանի համար, այն էլ այդպիսի դերասանի՝ չաշխատել: Երջանի՞կ կին էր: Այո: Նա շատ լավ աղջիկ էր, մայր, կին: Շատ սիրում էր պատրաստել խոհանոցում ու շատ համեղ էր պատրաստում: Շատ սիրում էր հյուրեր: Աղջիկս և նա պաշտում էին միմյանց: Աղջիկս արդեն մեծ է, իր երեխան ունի, բայց շատ է կարոտում նրան: Լիան միշտ շատ գեղեցիկ հեքիաթներ էր պատմում աղջկաս ու չնայած, որ դժվար, ծանր օրեր էր ապրել իր մանկության տարիներին, շատ ուրախ, շատ հասարակ մարդ էր, ամբիցիաներ չուներ, բոլոր տեսակի մարդկանց հետ շփումներ ուներ:
-Որևէ մեկը շարունակում է՞ նրա ճանապարհը:
-Ոչ, որևէ մեկը չի շարունակում: Ես նկարիչ եմ, նաև՝ լուսանկարիչ, աղջիկս ճարտարապետ է: Օթարն ու Լիան, անկեղծ ասած, չէին ուզում, որ մենք գնայինք իրենց ճանապարհով: Գիտեին, որ դա շատ դժվար կյանք է: Ես էլ ոչ մի ցանկություն չունեի: Հետո, գիտեք, այդպիսի ծնողների դեպքում պետք է շատ տաղանդավոր լինես, որ շարունակես նրանց ճանապարհը, իսկ ես ընդհանրապես տաղանդավոր չեմ: Բացի այդ, մանկուց չեմ սիրել տեսախցիկներ, նկարահանվել և այլն: Երևի նրա համար, որ մեր տանը միշտ եղել են տեսախցիկներ, նկարահանումներ, լրագրողներ, դերասաններ, ռեժիսորներ. չգիտեմ: Բայց ես ողջ կյանքումս հիացել եմ Լիայով ու Օթարով: Նրանք իմ ամենամեծ ընկերներն էին:
-Կպատմե՞ք նրա կյանքի վերջին օրերի մասին, եթե դժվար չէ Ձեզ:
-Ես ասացի, որ Վրաստանի շատ դժվար տարիները նա ծանր էր տանում և այդ օրերն իրենց ազդեցությունը թողեցին Լիայի առողջության վրա: Նա միկրոինֆարկտ էր տարել, մահացել էր քնի մեջ: Ցավոք, ես նրա կողքին չէի: Ես երեք օրով Վիեննայում էի գործով, աղջկաս հետ ու դա մեզ համար ուղղակի ցնցում էր, մեծ ցնցում: Նրան անհավատալի մեծ բազմություն է ուղեկցել դեպի պանթեոն: Գրեթե ամբողջ Վրաստանն է ճանապարհել նրան: Ինքը շատ էր սիրում Վրաստանը: Վրաստանն էլ իրեն էր սիրում:
Հ. Գ.
Նանա Կոբերիձեին «հայտնաբերելու» հետաքրքիր զուգադիպությունն էլ հետևյալում էր. երբ փնտրում էինք Լիա Էլիավային, նրա ֆիլմերի, դերերի մասին բավականաչափ տեղեկատվություն կար համացանցում, բայց անձնական կյանքի մասին՝ գրեթե ոչինչ: Էլիավա ազգանվան փնտրտուքներում էլ ոչ մի կապ չգտանք Լիա Էլիավայի հետ ու սկսեցինք փնտրել Կոբերիձե ազգանունը: Օթար Կոբերիձեն, ինչպես արդեն ասացինք, իսկապես անչափ գեղեցիկ տղամարդ է եղել, ուղղակի վրացական Ալեն Դելոն և մենք որոշեցինք ուղղակի գրել ռուսական արթ ինդուստրիայի ամենահայտնի դեմքերից մեկին՝ հեռուստալրագրող, M-O-D ակադեմիայի համակարգող, ոճաբան և կրեատիվ խորհրդատու Մարի Կոբերիձեին, պարզապես համադրելով կոբերիձեների ընդգծված գեղեցկությունը: Վստահ չէինք, իհարկե, որ Մարի Կոբերիձեն որևէ կապ ունի Օթար Կոբերիձեի հետ, բայց գեղեցկության գենետիկան խոսուն էր: Առավել ևս վստահ չէինք, որ նա կպատասխանի: Նրա հարցազրույցները տպագրված էին «Harper’s bazaar»-ում, «Vogue»-մ և այլն, բայց Մարի Կոբերիձեն արձագանքեց րոպեների ընթացքում և ամեն ինչ արեց, որպեսզի կարողանանք կապ ունենալ, զրուցել ու աշխատել Նանա Կոբերիձեի հետ, որի համար շնորհակալ ենք: Իսկ Մարի Կոբերիձեն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի գծով ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Կոնստանտին Կոբերիձեի կողմից ազգակցական սերտ կապ ուներ Օթար Կոբերիձեի հետ: Գենետիկան, այնուամենայնիվ օգնեց: