«Հայի աչքերը՝ Կորեայում»
Advertisement 1000 x 90

«Հայի աչքերը՝ Կորեայում»

Պարզվում է, Հայաստանում էլ են հրաշքներ տեղի ունենում: Այն տարածված, բայց, ցավոք, ինչ-որ տեղ նաև իրականությանը համապատասխանող կարծիքը, թե ուսանողը կարող է արտասահմանյան բուհերում հայտնվել միայն «պապայի» միջոցով, բացառեց Քնարիկ Գևորգյանն՝ իր ուսումնատենչությամբ և ուզածին հասնելու համառությամբ: Մինչ հայ ուսանողությունը ձանձրանում էր ամառվա տապին, Քնարիկը Կորեայում բոլորին զարմացնում էր իր հայի աչքերով, կարոտում հայկական մատնաքաշն ու ուսումնասիրում կորեերենն ու Կորեայի մշակույթը: Եվ այդ ամենը՝ շնորհիվ «The 15 th Annual AKS Cultural Program for Foraeign Students and Scholars» ծրագրի:

– Առաջարկը դասախոսինն էր: Սովորում եմ Երևանի Պետական լեզվաբանական համալսարանում` Բրյուսովի անվան: Արդեն փոխադրվեցի 4-րդ կուրս: Մասնագիտությունս՝ անգլերեն-իսպաներենն է, բայց երրորդ կուրսում առաջարկեցին, որպես լրացուցիչ առարկա, սովորել նաև կորեերեն, որը նոր լեզու է Հայաստանում` ընդամենը առաջին տարին է: Լեզուն բավականին դժվար է, մանավանդ, երբ այն ուսումնասիրվում է շաբաթական ընդամենը 2 անգամ` դասերից հետո: Բայց այս տարվանից արդեն կորեերենը մտցվեց որպես մասնագիտական առարկա: Երբ ես իմ կամքով ընտրեցի կորեերենի ուսումնասիրությունը, քանի որ այն դեռ պարտադիր լեզու չէր, իմ գնահատականները ոչ մի պետական փաստաթղթի վրա չէին գրանցվել: Միայն այս տարի մեզ տվեցին սերտիֆիկատ. տարվա վերջում ես քննություն հանձնեցի, որն աշխարհի բոլոր երկրներում անցկացվում է լևելներով: Սերտիֆիկատ, որտեղ գրված էր, որ ես առաջին լևելը հանձնել եմ բարեհաջող: Մեկ անգամ լինելով Կորեայում` հասկացա, որ Կորեան ամեն կերպ աջակցում է տարբեր երկրների համալսարաններին, որպեսզի իր երկրի լեզուն և մշակույթը տարածում ստանա: Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ծախսել նմանատիպ ծրագրերի վրա, միայն թե իրենց երկրի մասին աշխարհը հնարավորինս շատ իմանա:

Սա ուսանողի փոխանակման ծրագիր չէ: Այսինքն՝ Կորեան հրավիրում է ուսանող, բայց իր ուսանողին չի ուղարկում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դասախոսս ընդամենը տեղեկացրեց, որ կա նմանատիպ ծրագիր, մնացածը ես եմ արել: Միևնույն ժամանակ, նա մի փոքր կասկածում էր, որ Հայաստանից ուսանող կվերցնեն: Որովհետև այնտեղ գնում են այնպիսի երկրներից, որտեղ կորեերենն ուսումնասիրում են 5-6 տարուց ոչ պակաս: Իսկ ես ընդամենը մի տարի էր, որ ուսումնասիրում էի կորեերենը: Ամեն տարի աշխարհի 20-25 երկրներից ուսանողներ են լինում, բայց այս տարի քիչ էր կազմը` 16 երկիր: Ամենամեծ աչքերն իմն էին, մեկ էլ Լինդայինը` Ֆրանսիայի սևամորթ ներկայացուցչինը:

– Ինչպիսի՞ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնել՝ այդ ծրագրում ընդգրկվելու համար:

– Ծրագիրն ունի շատ լավ ինֆորմացիոն կենտրոն: Նախ՝ պետք է այցելել այդ համալսարանի ինտերնետային կայքը, որտեղ ներկայացված է այդ ծրագրին մասնակցելու բոլոր անհրաժեշտ գործողությունների շարքը` բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնել, ինչպես նաև՝ ռեզյումե: Ես 2 ռեզյումե եմ ներկայացրել, որոնցից մեկն իմ դասախոսն է գրել: Դա պարտադիր է: Քեզ պետք է ներկայացնի իրենց ազգի ներկայացուցիչը: Իմ դեպքում՝ իմ դասախոսն էր: Ես նույնիսկ չգիտեմ, թե նա ինչ է գրել իմ մասին:

Կարծում եմ, իրենց վրա շատ թանկ է նստում իրենց երկրի մասնագետին ֆինանսավորելը` որպեսզի նա մեկ այլ երկրում տարածի կորեերենը: Իրենց շատ ավելի ձեռնտու է, որ տվյալ երկրի ներկայացուցիչը տիրապետի կորեերենին. դա ևս մի պատճառ է նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով նրանք շատ մեծ ջանքեր են թափում:

– Եվ ի՞նչ կար-չկար Կորեայում:

– Ինչ կար այնտեղ, այստեղ չկա, ու հույս էլ չկա, որ կլինի: Օրն անցնում էր չափազանց հագեցած: Մեծ ուսանողական հանրակացարանի մուտքից վերցրել են իմ պայուսակներն, ուղեկցել մինչև իմ սենյակ: Ամբողջ երկրորդ հարկը մերն էր` 29 ուսանողներինս: Դասերի օրերը` երկուշաբթիից՝ ուրբաթ: Ազատ օրերին կարող ես անել՝ ինչ ուզում ես, բայց պետք է անպայման տեղեկացնել իրենց և 12-ից ուշ չվերադառնալ: Եթե 12-ից ուշ ես գալիս, ավելի լավ է չգաս, քանի որ դուռը փակ է մինչ առավոտյան 7:30-ը: Իրենք սպասում են բոլորիս` հատ-հատ, մինչ 12-ը: Հետո գնում են քնելու, իսկ եթե դու իրենց արթնացնես ու բանալի ուզես, առավոտյան բոլորի առաջ մի մեծ ու տհաճ նկատողության կարժանանաս: Ասեմ, որ միակ մարդն էի, ով ընդամենը մեկ տարի էր տիրապետում կորեերենին: Եվրոպական մասի հետ խոսում էինք անգլերենով, սլավոնականի հետ՝ ռուսերեն, բարդությունն ասիական մասի հետ էր լինում: Երբեմն շփոթում էի լեզուները, չինացիների հետ` ռուսերեն, ռուսների հետ՝ անգլերեն: Եվ պետք էր անընդհատ լեզվի «ճտտիկը» միացրած լիներ, որ յուրաքանչյուրի հետ խոսեիր իր լեզվով: Այս կորեացիներն ահավոր բարի մարդիկ են: Մի անգամ մեր թաիլանդցի ընկերները վերցրին քարտեզն ու կորան, մենք էլ մնացինք դրսում ու չգիտեինք ինչպես տեղ հասնել: Կանգառում մի կորեացի պապիկ էր կանգնած, որոշեցինք նրանից հարցնել, թե որ համարի ավտոբուսը պետք է նստենք` մեր ուզած տեղը հասնելու համար: Նա այնքան էր ուզում մեզ օգնել, որ իր գործերը թողնելով, կես ժամ մեզ հետ քայլեց, մեզ տարավ բոլորովին սխալ ուղղությամբ, վերջում էլ սխալ ավտոբուսի համար ասեց ու ժպտաց: Դասախոսները մեզ հետ խոսում էին միայն կորեերենով, այնպես որ, ուզած-չուզած պարտավոր էիր հասկանալ: Դասերը չափազանց հետաքրքիր էին անցնում, քանի որ մենք միայն տեսականորեն չէինք ծանոթանում Կորեայի լեզվի, մշակույթի և պատմության հետ: Առաջին օրը թեստ ենք գրել, որի արդյունքների հիման վրա մեզ բաժանել են 3 խմբի. դե պարզ է, որ մեկ տարի կորեերեն իմացողը չի կարող լինել այդ լեզուն 7 տարի ուսումնասիրողի կողքին: Ամեն օր անցնում էինք կորեերեն, յուրաքանչյուրն՝ իր դասախոսի հետ: Երգի ուսումնասիրության դասին մեզ տարել են այն կենտրոնը, որտեղ այն ուսումնասիրվում է, նրանք նվագել են իրենց երաժշտական գործիքների վրա, իսկ հետո նաև մենք ենք փորձել նվագել: Մեզ ծանոթացրել են իրենց խոհանոցի գաղտնիքներին, փորձել ենք ինքնուրույն պատրաստել, այցելել ենք բազում թանգարաններ, թագավորների նստավայրերը, որոնք այնքան մեծ են, որ շատ հեշտությամբ կարելի է այնտեղ անվերադարձ կորչել: Քեզ տալիս են քարտեզ և 3 ժամ՝ տվյալ թագավորական նստավայրում շրջելու և ծանոթանալու համար: Անցնում է 3 ժամը, բայց դու դեռ կեսն էլ չես անցել: 4 շաբաթ էր տևում մեր ծրագիրը, որից մեկ շաբաթը միայն տուրեր էին: Այնուհետև մեզ ինքնաթիռով տարել են Չեջուդո, որը համարվում է Կորեայի սիրտը: Չեջուդոն կղզի է, որը բավականին թանկ առողջարան է: Այնտեղ հսկայական բուսաբանական այգի կա, որը ուսումնասիրելու համար հինգ ժամն էլ չի բավականացնի: Որ գնում էի՝ աչքերիս էին նայում. ամենամեծ աչքերն իմն էին: Անկեղծ ասած, մի տեսակ հավես չունեի շպարվելու, բայց մի անգամ պետք է կինո գնայինք, որոշեցի պուպուշանալ: Երբ դուրս եկա, մեր ուսանողների ասիական կողմը զարմացել էր աչքերիս վրա: Դե, նրանք տանջվում են աչքերը ներկելիս, իսկ ես դուրս էի եկել առանց այն էլ մեծ աչքերս ավելի ընդգծելով: Մեկն ասաց. «Մի հատ աչքերդ փակի, նայեմ, էլի»: Ես նրանց ասացի, որ հայուհիների աչքերը գեղեցիկ են ու ընդգծված: Մի անգամ ինձ հարցրեցին՝ որտեղի՞ց եմ, ասացի՝ Արմենիա, նրանք էլ մտածեցին-մտածեցին ու հարցրին. «Հա, Արգենտի՞նա»: Ասում եմ՝ չէ, Կովկասի տեղը գիտե՞ք, պարզվեց՝ չգիտեն: Սկսեցի քարտեզը բացատրել, բայց անօգուտ: Մի անգամ էլ անհաջող հարց ու պատասխան եղավ: Ասացի՝ Արմենիայից եմ, գիտե՞ք այդ երկրի մասին: Ասաց. «Իհարկե, գիտեմ, Բաքուն է էլի»: Կատաղել էի: Ով գնում է Կորեա, անպայման այցելում է Բուդդայի արձանին։ Ետդարձի ճանապարհին տախտակներ կան, որոնց վրա հուշեր են թողել տարբեր երկրների ներկայացուցիչներ: Ես համառորեն Հայաստանն էի փնտրում, բայց անօգուտ: Վերջում մի տախտակ էլ ես գնեցի և հայերենով ու անգլերենով գրեցի.«Այս երկտողը թողել է Քնարիկ Գևորգյանը ի հիշատակ այս այցի: Հայաստան»:
Բայց ահավոր կարոտել էի մեր ամեն ինչին: Նույնիսկ մեր երթուղային տաքսիներին, փողոցից փողոց գոռգոռալով «զրուցող» հայերիս: Եկա Հայաստան, մտա մեր տուն ու գրկեցի սեղանին դրված մատնաքաշը, սկսեցի հոտ քաշել: Ախր, մերն ուրիշ ա…

Քրիստինե Հակոբյան

«3 Միլիոն»



Նման նյութեր