Ընտրակաշառքների մասին խոսակցությունները տարիներ անց ծիծաղելի կդառնան. Գալուստ Սահակյան
Advertisement 1000 x 90

Ընտրակաշառքների մասին խոսակցությունները տարիներ անց ծիծաղելի կդառնան. Գալուստ Սահակյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով, ԱԺ նախագահը պետք է լինի մեծ փորձ ունեցող անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ Ազգային ժողովում պաշտոնների բաշխման հետ կապված հարցը կքննարկվի մայիսի 16-ին կամ 17-ին:

«ԱԺ նախագահ վերընտրվելու  վերաբերյալ կարող եմ ասել, որ այդ պաշտոնը զբաղեցնողը պետք է մեծ փորձ ունենա: Այդ հարցը քննարկման արդյունքներից է կախված, և չեմ կարծում, որ իմ ԱԺ նախագահ լինելով որոշակի մեծ դիրքորոշումներ են փոխվելու: Այնպես որ, պետք է սպասենք մայիսի 16-ին և 17-ին»,- ասաց Սահակյանը:

Որդու ինքնաբացարկի և այն խոսակցությունների հետ կապված, թե իբր մեկ ընտանիքից երկու հոգի չեն կարող աշխատել Ազգային ժողովում, ասաց, որ ինքն ու իր տղան` Արման Սահակյանը, միաժամանակ աշխատել են ԱԺ-ում:

«Տղաս ավելի մեծ տրամադրվածություն ունի աշխատելու Գործադիր մարմնում, բայց նա ասում է, որ երկու տեղում էլ կարող է աշխատել: Այն խոսակցությունները, որ մեր վարչապետը դեմ է որդուս գործադիրում աշխատելուն` ասեկոսեներ են: Նմանատիպ խնդիրներ չկան, և ինքս էլ շատ մոտ եմ վարչապետի հետ»,– շեշտեց Գալուստ Սահակյանը:

Ընտրակաշառքների, ցուցակագրումների, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակների  մասին էլ նա նշեց, որ տարիներ կանցնեն, և բոլոր այդ խնդիրները ծիծաղելի կդառնան:

«Այս անգամ մենք կարողացել ենք և′ խորհրդարանական, և′ Երևան քաղաքի ընտրական այնպիսի գործունեություն սկսել, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու: Այդ փաստն ընդունում են թե′ ընդդիմությունը, և թե′ բոլոր ժամանած դիտորդները: Եթե ինչ-որ տեղ գումար են վերցնում կամ այլ անօրինական գործողություններ են լինում` դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են բռնել և դատապարտել: Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, այն անձինք, ովքեր ինչ-որ քայլեր են ձեռնարկում այսպես կոչված մրցակից կուսակցության մասին ապատեղեկատվություն տարածելով, ապա նրանք ցանկանում են որևէ կերպ «պոպուլյար» դառնալ հասարակությունում:



Նման նյութեր