Տարօրինակ բաներ են կատարվում Երևանի ավագանու ընտրությունների ինչպես նախընտրական, այնպես ես էլ` բուն ընտրական փուլում: Քարոզարշավի և դրա տեխնոլոգիաների մասին արդեն խոսել ենք:
Ստացվել է այնպես, որ հատկապես ընդդիմադիրներից որևէ մեկը հանդես չի եկել կոնկրետ քաղաքական ծրագրով: Նրանք իրենց քարոզարշավն հիմնականում կառուցեցին ստի և պոպուլիզմի վրա: Վերլուծական կայքերը, փաստերով անդրադարձան այդ ամենին:
Տեսնելով, որ այդ սկզբունքը չի աշխատում, նրանք դիմեցին բացահայտ պոպուլիզմի: Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները սկսեցին հարձակվել Մարգարյանի շտաբերի վրա: Տողերիս հեղինակը չգիտի, այլ երկրներում կա նման փորձ, թե ոչ, բայց Հայաստանում արդեն աբսուրդի գագաթնակետն է: Այսպես ասած ընդդիմությունը ստացել է մեղքի թույլտվություն` հարձակվել շտաբերի վրա: Եթե նույնը լիներ հակառակ կողմից, ապա նրանք կբողոքարկեին մինչև Հռոմի պապ:
Փաշինյանի և նրա կողմնակիցների կատարած գործողությունները զավեշտալից իրավիճակում դրեցին հենց իրենց` կազմակերպիչներին: Ամբողջ քարոզարշավի ընթացքում, Փոստանջյանը և Փաշինյանը փաստացի պայքարեցին միմյանց դեմ, փորձելով հետ չմնալ իրարից: Դա վերաբերվում է հավասարապես պոպուլիզմին և զանգվածային ստերին: Այժմ էլ, գնալով Փաշինյանի հետքերով, Փոստանջյանն ինքն է հարձակվում ՀՀԿ շտաբի վրա:
Տարօրինակն այստեղ այն է, որ այդ նախկին և ներկա պատգամավորները շատ լավ գիտեն օրենքի տառը: Նրանք հստակ գիտեն նաև, որ իրենց գործողություններում կա հանցակազմ: Առանց դատարանի որոշման կամ դատախազի հատուկ թույլտվության, որևէ մեկն իրավունք չունի խուզարկություն կատարել: Առավել ևս ` քաղաքացին: Հիմա ի՞նչ է ստացվում:
Ամեն ինչ շատ պարզ է: Այս երկու թեկնածուներին իրականում ընտրությունը չի հետաքրքրում: Նրանց ավելի շատ հետաքրքիր է շոուն: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական գործընթացն անցնում էր անաղմուկ և առանց խոչընդոտների, պետք է մի բան ձեռնարկեին աղմուկ բարձրացնելու համար` իրար հետ մրցակցելով, ով ավելի շատ ընդդիմադիր կլինի ու աղմուկ կբարձրացնի:
Մարտին Միսակյան