Դերասանուհի Մերի Հակոբյանը «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթում առաջին տեղն է գրավել:
Life.panorama.am-ի հետ զրույցում մոդել, դերասանուհին պատմեց մրցույթի հետ կապված ողջ մանրամասները.
«Նախ պետք է նշեմ, որ Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին մասնակցելու համար, երբ ժամանեցինք Բարսելոնա, մեզ այստեղ շատ ջերմորեն դիմավորեց հայ համայնքը, որի համար շատ շնորհակալ ենք: Այստեղ գալու առաջին իսկ օրից կազմված էր մեր ամեն օրվա գրաֆիկը՝ քայլվածքի դասընթացներ, և միայն 20 րոպե հանգիստ, այս ընթացքում իրենց շտկումներն էին անում քայլվածքի մասնագետները, քանի որ այդ առումով ամեն երկիր ունի իր մոտեցումները: Ի դեպ՝ շնորհակալ եմ Ջուլիային, ում շնորհիվ կարողացա հաջողության հասնել՝ չունենալով որպես մոդել ներկայանալու փորձ: Աշխատում էինք տարբեր մոդելյորների և դիզայներների հետ: Մենք հնարավորություն չունեինք 3 ժամից ավել քնել, քանի որ առավոտյան 07:30-ից արթնանում էինք, մասնակցում ոչ միայն դասընթացներին, այլև հանդիպումներին»,- պատմեց Մերի Հակոբյանը:
Հետաքրքրվելով, թե ժյուրին ի՞նչ չափորոշիչներով է գնահատական տվել, մանրամասնեց.
«Գնահատվում էր մոդելների մարմինը, քայլվածքը, կեցվածքը, հագուստը, լուսանկարվելու պրոֆեսիոնալ կարողությունն ու էթիկան: Ժյուրիի համար շատ կարևոր էր, որպեսզի մոդելները բացի արտաքնապես գեղեցիկ ու գրավիչ լինելուց, կարողանային իրենց ճիշտ դրսևորել: Ընդ որում, ժյուրիի աշխատանքն էլ ավելի էր բարդանում նրանով, որ 1-10 բալերը պետք է բաշխվեր մոդելների միջև, այսինքն՝ երկու մոդելի հնարավոր չէր, օրինակ, 10 բալ տալ: Ժյուրիի կազմում էին հեղինակավոր դիզայներներ, իսպանացի երգիչներ, հեռուստաաստղեր, ի դեպ՝ ժյուրիի կազմում էր նաև հայ դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը: Անբացատրելի հուզմունք էի ապրում, երբ ողջ դահլիճը «Արմենիա» էր բացականչում, դա շատ հաճելի էր»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am