Life.panorama.am-ը ընտանիքի և ապագա փոքրիկի մասին զրուցել է Արամեի կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի հետ:
«Ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է: Հենց այս երկու՝ շատ կարևոր հանգամանքների առկայության դեպքում ամեն ինչ հարթելի է: Սիրո ու հարգանքի վրա կառուցված ընտանիքում զույգերը յուրաքանչյուր պարագայում անպայման կփորձեն միմյանց հասկանալ: Ասածս գուցե շատ հասարակ ու պրիմիտիվ թվա, որի մասին բոլորը գիտեն, բայց հաստատ ոչ բոլորն են փորձում այդ պրիմիտիվ, բայց ամենակարևոր հատկանիշները պահպանել»,- նշեց Աննան: Երգչուհին վստահեցնում է՝ ընտանիքում կնոջ դերը շատ մեծ է.
«Կինը պետք է իմաստուն լինի, կարողանա զիջել, ճիշտ պահին լռել: Հանդուրժող կինը միշտ կգնահատվի իսկական տղամարդու կողմից: Իհարկե, չի կարող միշտ քո ցանկությունների նման կյանքդ ընթանա, իդեալական ոչինչ չկա, դրա համար պետք է զույգերը հաշվի նստեն իրար հետ, բոլոր հարցերը համաձայնեցնեն միմյանց, որպեսզի երկուսի համար էլ լավ լինի: և, ամենակարևորը, խոսեն այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է, այլ ոչ թե կուտակեն ներսում ու մի օր պոռթկան՝ դարձնելով մեծ վեճ: Հարաբերություններում միշտ պետք է երկուսն էլ, այպես ասած, դողան, որ հանկարծ չկորցնեն իրար: Հարաբերությունների և միմյանց համար դողալով՝ կարելի է ինչ-որ տեղ լռել, զիջել, միայն թե միասին լինել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Խոսելով Արամեի մասին, Աննան շեշտեց՝ նա իդեալական է. «Արամեն իսկապես օրինակելի ամուսին է, մեր շրջապատում շատերն են նրան մատնացույց անում՝ որպես գնահատող ու նվիրված տղամարդու: Ես իսկապես երջանիկ եմ, որ իմ կողքին ունեմ նրան: Ես չեմ վախենա այս խոսքից՝ նա իսկապես իդեալական ամուսին է, նա անչափ հավատարիմ ու պարկեշտ մարդ է, ում համար ընտանիքն ամենաառաջինն է: Մեր ընտանիքի կառուցման հարցում Արամեից շատ բան է եկել, եթե նա չունենար այս հատկանիշները, ապա ես հաստատ միայնակ չէի կարողանա ստեղծել ու պահպանել մեր գեղեցիկ ընտանիքը»:
«Ընտանիքը լիարժեք է դառնում երեխաներով»՝ սա հայտնի ասույթ է: Արամեի և Աննայի ընտանիքում ընդամենը մեկ ամսից ամեն ինչ կփոխվի՝ ավելի գեղեցիկ ու լիարժեք կդառնա:
«Ըստ իս՝ սիրող զույգերի համար միայն երեխան չէ, որ պետք է լիարժեք դարձնի ընտանիքը: Չէ որ շատ ընտանիքներ կան, որտեղ մի քանի երեխաներ են ծնված, բայց, միևնույն է, ծնողների սիրո ու հարգանքի բացակայության պատճառով, բացակայում է այդ լիարժեքության զգացողությունը: Եթե զույգերի միջև հարմոնիա չկա, ապա հաստատ երեխան դա չի բերի, երեխան միայն կրկնապատկում ու եռապատկում է արդեն գոյություն ունեցող սերը: Իհարկե, այդ ասույթում ևս կա ճշմարտություն, ինչը կկատարվի նաև մեր ընտանիքում: Ընդամենը մեկ ամսից կծնվի մեր փոքրիկը, մենք արդեն չեն համբերում, թե երբ ենք տեսնելու նրան, անգամ օրերն ենք հաշվում, թե երբ է մեր ընտանիքում լսվելու մեր փոքրիկի ձայնը: Հիմա անծանոթ, բայց շատ հաճելի զգացողություններ ունեմ, դեռևս չեմ գիտակցում ու պատկերացնում, որ մամա եմ դառնալու, բայց շատ եմ սպասում այդ օրվան»,- պատմեց Արամեի կինը:
Ի դեպ՝ Աննան ու Արամեն արդեն վաղուց ձեռք են բերել երեխայի համար անհրաժեշտ իրերը.
«Գիտեք, անգամ նրա համար հագուստ կամ խնամքի պարագաներ գնելը անասաելի զգացողություններ է առաջացնում: Մոսկվայում ես ու Արամեն միասին որոշ բաներ գնեցինք, դա մեր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր, իսկ այստեղ՝ Հայաստանում, ես միայնակ եմ գնումներ կատարում, Արամեն էլ իր հերթին շրջագայությունների ժամանակ պահը բաց չի թողնում ու մեր բալիկի համար շատ գեղեցիկ իրեր է գնում»,- ժպիտով նկատեց ապագա մայրիկը:
Աննան մեզ հետ զրույցում նկատեց նաև, որ շատ թեթև հղիություն է տանում.
«Արամեն ինձ միշտ ասում է, թե ոչ սովորական հղի կին եմ: Ես երբեք անսովոր բաներ չեմ ցանկացել ուտել, երբեք գիշերը չեմ արթնացել ուտելու ցանկությամբ ու ամուսնուս ուղարկել խանութ՝ որևէ բան գնելու: Մի խոսքով՝ Արամեի համար ևս իմ հղիությունը շատ թեթև է անցնում, նրան նեղություն չեմ պատճառում: Այս հարցում Արամեն խոստովանում է, որ իր բախտը բերել է»,- նշեց նա:
Արամեն ու Աննան դուստր են ունենալու: Ի դեպ՝ զրույցի ընթացքում Աննան կատակելով նկատեց նաև, որ չի ցանկանա իրենց դուստրը հայրիկի նման բարձարահասակ լինի.
«Միշտ ծիծաղելով ասում եմ, որ մեր աղջիկը Արամեի նման բարձրահասակ չլինի, այլապես ինչպե՞ս ենք նրա համար ամուսին գտնելու: Աղջկա համար շատ բարձրահասակ լինելը այնքան էլ գեղեցիկ չէ, միշտ ասում եմ Արամեին, թող ինձնից բոյով, բայց քեզնից ահագին կոլոտ լինի: Իսկ ընդհանուր առմամբ, ուզում եմ մեր աղջիկը ժառանգի մեր լավագույն գծերը, կարևորը՝ նա լավ մարդ լինի»,- հավելեց երգչուհին:
Խոսելով աղջկա անվան ընտրության մասին՝ Աննան ժպիտով պատմեց.
«Մեր ամուսնությունից տարիներ անց ես ու Արամեն որոշեցինք պսակադրվել՝ մտածելով, որ Աստծո օրհնությունից հետո մենք ծնողներ կդառնանք: Այդ կարևոր արարողությունից ուղիղ մեկ ամիս անց մեզ հետ կատարվեց այդ հրաշքը, ինչի համար շնորհակալ ենք Տիրոջը: Քանի որ իմ՝ մայրանալու հետ կապված այս խորհուրդը եղավ, Արամեն որոշեց, որ մեր երեխայի անունը պետք է սրբի անուն լինի: Հետո երկար մտածում էինք, բայց մի օր Արամեն արթնացավ ու ասաց, որ երազ է տեսել, թե ինչ է լինելու իր աղջկա անունը, ու այդուհետ այս հարցի շուրջ որոշումը վերջնական կայացվեց մեր տանը: Չեմ ասի, թե ինչ անուն ենք ընտրել, քանի որ այդ մասին Արամեն ուզում է դեռևս չխոսել, այսպես ասած՝ պապայություն է անում»: