Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հայկական համայնքի կազմակերպած խաղաղ ցույցի մասնակիցների վրա հարձակման հեղինակները հենց Էրդողանի անվտանգության աշխատակիցներն են եղել: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian-ը:
Պարբերականի հետ զրույցում ականատեսներից մեկն ասել է, թե Էրդողանի անվտանգության աշխատակիցները ծեծկռտուք են սկսել այն ժամանակ, երբ ցույցի մասնակիցներից մեկը պահել է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դրոշը:
Կատարվածին անդրադարձել են նաև հեղինակավոր մի շարք այլ լրատվամիջոցներ ևս: CNN-ը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց իրականացված հարձակման հետևանքով տուժել է ինը մարդ:
New York Post-ը ևս գրում է, որ ցուցարարների վրա հարձակվել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Տեղադրված տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են նրանք հայհոյանքներ հնչեցնում խաղաղ ցուցարարների հասցեին: Լրատվամիջոցը հայտնում է, որ վիրավորներից երկուսը ծանր վիճակում են:
Ոստիկանական դեպարտամենտի խոսնակ Դաստին Ստերնբեքը տեղեկացրել է, որ կատարվածի առնչությամբ երկու մարդ ձերբակալվել է: Նրանցից մեկը մեղադրվում է բախման ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու մեջ:
«Նման հարձակումներ չենք ակնկալել տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում, հակառակ նրա, որ դրանք սովորական են Էրդողանի կառավարած Թուրքիայում եւ այլ բռնատիրական երկիրներում։ Թուրքիան փորձում է իր անհանդուրժողականությունը Միացյալ Նահանգներ փոխադրել»,- այս առնչությամբ հայտարարել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով հարձակման մի մասը տեսագրել է և տեղադրել Հայ Դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: