Չեխիայում ձերբակալվել է ռուսաստանցի քրեական հեղինակություն համարվող Ռուբեն Թաթուլյանը, ով, պարզվել է, հայկական դիվանագիտական անձնագիր ունի: Թաթուլյանը տեղաշարժվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած 138 D 307 77 RUS համարանիշով ավտոմեքենայով:
Այս առնչությամբ EADaily-ն հրապարակել է Kavkazoved.info-ի հոդվածը Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի մասին: Վարդան Տողանյանը դեսպանի պաշտոնում աշխատանքի առաջին ամիսներին ակտիվություն է ցույց տալիս դիվանագիտական աշխատանքի գրեթե բոլոր ուղղություններում, նշում է Kavkazoved.info-ն: Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են լինում նրա մասնակցությամբ հանդիպումների, միջոցառումների, այցերի մասին: Նոր դեսպանը գործունեության առաջին իսկ օրվանից անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրին:
Kavkazoved.info-ն գրում է, որ Տողանյանը բախվել է ինչպես գործընկերների, այնպես էլ որոշ կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը և ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել: Հայաստանի դեսպանատան աղբյուրն անանունության պայմանով պորտալի հետ զրույցում պատմել է, որ նոր դեսպանը որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները և փաստացի զինված դիմադրության է հանդիպել:
Տողանյանը Երևանի ու Մոսկվայի տարբեր հայկական խմբերի կողմից լուրջ ճնշման տակ է հայտնվել: Բանը հասել է նրան, որ դեսպանատան շենքում անօրինական գործունեություն ծավալողներին հեռացնելու համար օգտագործվել են չեչենական մասնավոր թեիկնազորային խմբեր: Տողանյանը մի քանի անգամ ստիպված է եղել գիշերով դեսպանատուն գնալ այդ վարձակալների հետ բանակցությունների համար:
Տողանյանը նաև չեղյալ է արել մի շարք քրեական խմբերին տրված դիվանագիտական համարանիշերը: Մասնավորապես, վերջին մեկ ամսում մոտ 20 համարանիշեր են չեղյալ արվել: Տողանյանը դեսպանատանը խորհրդակցություններից մեկի ժամանակ սպառնացել է սոցիալական ցանցերում հրապարակել դիվանագիտական համարներով երթևեկողների ու նրանց հովանավորների անունները:
Կարգի բերելով հյուպատոսական հաստատությունները, որտեղ տարատեսակ գանձումները սովորական երևույթ էին, պարզվել է, որ մինչև վերջերս մի շարք ռուսական քաղաքներում տեղական քրեական խմբավորումների հետ համագործակցությամբ հյուպատոսական ուղեկցման ծառայություն է գործել: Պարզվել է, օրինակ, հյուպատոսարաններում գումար են գանձել անգամ զուգարան այցելելու համար: Փաստաթղթերի ձեւակերպման միջոցով անօրինական ստվերային շրջանառությունը կազմել է տարեկան մի քանի հարյուր հազար ռուբլի: Այդ մեքենայությունների մասին չեն իմացել ոչ դեսպանատանը, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ում: Ըստ որոշ տվյալների, անօրինական բիզնեսների տանիքը Մոսկվայում նախկին հյուպատոսն էր, որին աշխատանքի են տեղափոխել Հայաստանի Պետական եկամուտների կոմիտե:
Այս սխեմայի բացահայտումից հետո նոր դեսպանի հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել: Այդ պատճառով Տողանյանը վերջին ժամանակներս ստիպված է թիկնապահներով շրջել: Վերջերս մերձմոսկովյան ռեստորաններից մեկում հավաքի ժամանակ Տողանյանը հասկացնել է տվել, որ շարունակելու է կոշտ գիծ վարել, և ոչ ոք իրեն չի կանգնեցնի, գրում է Kavkazoved.info-ն: