«Երբ որոշեցի քանդակել Հաց բերող Արթուրին, նա դեռ կենդանի էր, արդեն դուրս էր եկել առաջին կալանավորումից և ազատության մեջ էր»,- պատմում է քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Դավիթ Թևանյանը, ով արդեն մեկուկես ամիս է, ինչ աշխատում է Արթուր Սարգսյանի մարդաչափ քանդակի վրա:
Դավիթը պատմում է՝ իրենց ծանոթության առաջին իսկ պահից անընդհատ ուսումնասիրել է նրան, հետո միտք է առաջացել, որ հենց այդ տեսքով քանդակի Արթուրին՝ ցույց տալով նրա բնավորության գծերը. «Բայց իրեն չասացի, որովհետև ինքը շատ համեստ մարդ էր, կարծում էի, որ նույնիսկ դեմ կլինի։ Մյուս կողմից էլ՝ ուզում էի ինչ-որ բան անել, նոր ասել իրեն։ Երբ արդեն արեցի, Գևորգին ցույց տվեցի՝ Արթուրի և իմ ընկերոջը։ Պարզվում է՝ Գևորգն էլ Արթուրին էր ցույց տվել, բայց մենք Արթուրի հետ այդ մասին չէինք խոսել։ Հետո Արթուրը Գևորգին ասել էր, որ երբ գործը հասնի դեմքին, ինքը կգա ինստիտուտ, ու ես կենդանի կքանդակեմ իրեն, որպես Հաց բերողի կենդանի արձան, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ…»։
Հաց բերողին Դավիթը պատկերել է շարժման մեջ՝ մի ձեռքում հաց, մյուս ձեռքում՝ պոկած փշալար։ Քանդակագործն ասում է, որ միանգամից է որսացել շարժման այդ միտքը։ «Մի ձեռքով նա այդ պատնեշն է ճեղքում ու հաղթահարում, փշալարը հենց այդ իմաստն ունի, փշալար բռնելը հեշտ բան չէ, խենթություն է։ Իսկ մյուս ձեռքով հացը կարծես մատուցելու, հասցնելու տեսքով է տանում։ Պորտրետի վրա էլ աշխատել եմ որքան հնարավոր է իր նմանությունը պահել և տալ այնպիսի հոգեվիճակ, որում ես հաճախ էի իրեն տեսնում խոսելիս։ Հիմա, թեև այդ մտայնությամբ չեմ արել, բայց երբ նայում եմ իր հայացքին, կարծես ամբողջ հայ ազգի դարդուցավն իր դեմքին տեսնեմ։ Չգիտեմ՝ ով ինչպես դա կզգա, բայց ես իրոք այդպիսի մի սարսուռ եմ զգում, երբ պատկերացնում եմ, թե անկախ ինձնից ինչ զգացողություն եմ հաղորդել քանդակին»,-պատմում է Դավիթն ու նշում, որ, այնուամենայնիվ, Արթուրը հասցրել է գոնե լուսանկարով տեսնել այն արձանը, որը պատրաստվում էր քանդակել:
«Երբ մահացավ, շատ էի ափսոսում, որ իր հետ այդ մասին չեմ խոսել, տեսնեի, թե ինչն է կոնկրետ իր դուրը գալիս, ինչը՝ ոչ։ Գևորգին երբ ասացի, որ ինչ ափսոս՝ չհասցրեցի Արթուրի հետ իր արձանի մասին խոսել, ասաց, որ ասել է, ու ինքը հավանել էր։ Այդտեղ սիրտս մի քիչ թեթևացավ։ Ու չնայած այն խոչընդոտներին, որի առաջ կանգնեցի այս մեծ արձանը քանդակելիս, բայց քանի որ Արթուրը հավանել էր այս մտահղացումը, դրա համար այդ սկզբնական վիճակից համարյա չշեղվեցի։ Աշխատել եմ պահպանել այն, ինչն իրեն դուր էր եկել, կարծես ես էլ իմ կողմից իրեն տուրք տայի՝ հենց իր տեսածը քանդակելով և ոչ թե ուրիշ մի բան»։
Դավիթը Հաց բերողին պատկերել է ոտաբոբիկ, դրանով ընդգծելով նաև նրա հոգևոր մաքրությունը։ «Ես ուզում էի իրեն սովորական մարդու պես պատկերել, բայց անընդհատ իր մասին մտածելով, զգում էի, որ ինչքան էլ ինքը սովորական՝ մեզ պես մարդ էր, բայց մի աննկարագրելի մաքրության տեր էր, դրա համար փորձեցի այդ մաքրությունը ոտաբոբիկ տեսքով ցույց տալ, որ ունենա նաև բոլորից տարբերվող այդ տեսքը»,- ասում է Դավիթն ու հիշում, որ վերջին հրաժեշտի ժամանակ բավականին երկար նստել է նրա դագաղի մոտ, ուսումնասիրել նրան, դրանից հետո արդեն օգտվել է ինտերնետում այն քիչ լուսանկարներից, որ պահպանվել էին Արթուրից, բայց, անկախ ամեն ինչից, հիշողությունները թարմ են նրա մասին:
Ամբողջությամբ՝ hraparak.am