Թուրքիայի արդարադատության նախարարությունը մեջլիս է ուղարկել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի պատրաստած մեղադրական եզրակացությունը, որով պահանջվում է հայ պատգամավոր Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է թու րքական T 24 լրատվամիջոցը:
Դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորին մեղադրում է 2016 թվականի մարտի 25-ին լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի գործով դատական նիստի ժամանակ «ծառայողի աշխատանքը խոչընդոտելու և դատավարության գաղտնիությունը խախտելու» մեջ: Համաձայն մեղադրանքի՝ Փայլանը հրաժարվել է դուրս գալ դատական նիստերի դահլիճից՝ այդպիսով խոչընդոտելով դատավարության բնականոն ընթացքը և խախտելով գաղտնիությունը:
«Սա հորինված մեղադրանք է, որով շատ մարդիկ՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ են կալանավորվել»,- ասել է Փայլանը՝ նշելով, որ բոլոր դատարաններն առաջնորդվում են նրանով, թե ինչ կասի կամ կմտածի երկրի նախագահը: «Գործ ունենք կուսակցական դատական համակարգի հետ: Այստեղ ընդդիմադիր պատգամավորներին կամ ընդդիմության ներկայացուցիչներին դիտարկում են իբրև տարրերի, որոնց պետք է ցույց տալ իրենց տեղը»,- ընդգծել է նա: