Խորհրդային տարիներին, երբ որևիցե տեղ ԽՍՀՄ-ում խոսվում էր կոնյակի մասին, ապա դա առաջին հերթին զուգակցվում էր «հայկական» բառի հետ: Այդպես է եղել նաև 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրության քաղաքներում, երբ բարձրորակ կոնյակ ասելով՝ հասկացել են «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերության երևանյան կոնյակը: Իսկ ահա կոնյակի արտադրության հիմնադիրը Երևանում և ընդհանրապես Անդրկովկասում հանդիսացել է 1-ին գիլդիայի (դասի) վաճառական, գործարար և բարեգործ Ներսես Աղաջանի Թաիրյանը: Ուղիղ 140 տարի առաջ` 1887 թվականին նա առաջին անգամ Երևանի իր գործարանում ներդրեց սպիրտի թորման և կոնյակ ստանալու դասական ֆրանսիական տեխնոլոգիան:
Ներսես Թաիրյանը
Ներսես Թաիրյանը ծնվել է 1833 թվականին Ղարաքիլիսայում, ներկայիս Վանաձորում: 1870-ականների սկզբին Թաիրյանը հաստատվում է Երևանում և հողատարածքներ գնում եղբայրներ Տեր-Հովակիմյաններից նախկին Երևանի բերդի տարածքում՝ այստեղ այժմ տեղակայված է «Նոյ» գինու և կոնյակի գործարանը: Շուտով դրան են գումարվում Դալմայի այգիների որոշ հատվածները, որտեղ Թաիրյանը խաղողի նոր այգիներ է հիմնում: 1874 թվականից արդեն սկսում է աշխատել Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման գործարանը, իսկ որոշ ժամանակ անց Թաիրյանն իր գործարանում աշխատանքի է հրավիրում թիֆլիսաբնակ ճանաչված գինեգործ Գարեգին Խարազյանցին՝ թնդեցված գինիների արտադրությունը կազմակերպելու նպատակով:
«Նոյ» գինու և կոնյակի գործարանի մառանը:
Տարիների ընթացքում Թաիրյանի արտադրանքը դառնում է բավականին պահանջված, և նա որոշում է ընդլայնել իր արտադրության տեսականին և սկսել ֆրանսիական տեխնոլոգիայով կոնյակի արտադրությունը: Այդ նոր գաղափարը պատկանում էր Ներսես Թաիրյանի հորեղբոր որդուն՝ ապագա անվանի գիտնական Վասիլի Թաիրովին, ով այն ժամանակ արդեն ճանաչված գինեգործ էր Ռուսաստանում՝ կայսերական հողագործության նախարարության գիտական խորհրդի անդամը: Վասիլի Թաիրովը ավարտել էր Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան, որից հետո կատարելագործել իր մասնագիտական հմտությունները եվրոպական մի շարք երկրներում:
Այդ նպատակն իրականացնելու համար Ներսես Թաիրյանը մեկնում է Ֆրանսիա և այստեղ ձեռք է բերում և տեղափոխում Երևան խաղողի սպիրտի ծխեցման շարանտային տիպի հատուկ սարքավորումներ: Ընդլայնվում են նաև Թաիրյանի գործարանի շենքային պայմանները` կարճ ժամանակամիջոցում վեր են խոյանում խաղողի սպիրտի հնեցման և կաղնու տակառների պատրաստման նոր արտադրամասերը: Հետաքրքիր փաստ է, որ կոնյակի արտադրության նոր մասնաշենքի կառուցման հարցում Ներսես Թաիրյանին ֆինանսապես աջակցել էր Թաիրյանների ազգական, մեծ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։
Եվ ահա 1887 թվականից Թաիրյանի գործարանը սկսում է արտադրել «Կոնյակ. Ն. Թաիրովի ընկերություն Երևանում» պիտակներով կոնյակ, որն իր յուրահատուկ բուրմունքի և համային հատկանիշների շնորհիվ շուտով համբավ է ձեռք բերում: 1892-ին Թաիրյանը գլխավոր տեխնոլոգի պաշտոնում գործարան է հրավիրում երիտասարդ և խոստումնալից մասնագետ, Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի գինեգործության ակադեմիայի շրջանավարտ, ծնունդով երևանցի Մկրտիչ Մուսինյանին, որն էլ արդեն կարողանում է ամենաբարձր չափանիշների հասցնել կոնյակի արտադրությունը Թաիրյանի գործարանում: Տարիներ անց արդեն, 1900 թվականին, Մուսինյանի ստեղծած տեսակավոր «Ֆին-Շամպայն Ընտիր» կոնյակը Փարիզի միջազգային ցուցահանդեսում նվաճում է գլխավոր՝ «Գրան Պրի» մրցանակը:
Այդպիսին էր կոնյակագործության ավանդույթների ստեղծման և զարգացման սկզբնական շրջանը Երևանում: Հետագայում առողջական, որոշակի ֆինանսական խնդիրների, ինչպես նաև ժառանգներ չունենալու պատճառով Ներսես Թաիրյանը 1899-ին վարձակալության է տալիս իր արդեն անուն հանած Երևանի գինու և կոնյակի գործարանը ռուսաստանյան արդյունաբերողներին` «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը: 1900-ին գործարանը վերջնականապես վաճառելով Շուստովներին, Թաիրյանը տեղափոխվում Թիֆլիս, որտեղ էլ մահանում է երկու տարի անց՝ 1902 թվականին:
Նշենք նաև, որ Ներսես Թաիրյանը հայտնի է եղել նաև իր բազմաթիվ բարեգործական ձեռնարկումներով: Նա երկար տարիներ օգնել է Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցին, որի հոգաբարձուների խորհրդի անդամն էր, ինչպես նաև մշտապես ֆինանսական օգնություն է տրամադրել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցուն և իր ծննդավայրում՝ Ղարաքիլիսայում գտնվող մանկատանը, որոնց էլ կտակեց իր ժառանգության մի մասը: Ի դեպ, Ներսես Թաիրյանի կիսանդրին, որի հեղինակն էր 20-րդ դարասկզբի հայ ճանաչված քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանը, նրա մահից հետո տեղադրվել էր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Սակայն արդեն խորհրդային տարիներին, շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով այդ կիսանդրին տեղափոխվում է Հայաստանի ազգային պատկերասրահ:
Մի հարցի էլ անդրադառնանք, որը, կարծում ենք, կարևոր և արդի է այսօր: Անցյալ տարի հասարակության քննարկմանն էր արժանացել Երևանի կենտրոնում վտանգված մի ամբողջական պատմական թաղամաս` Աբովյանի, Պուշկինի փողոցների և Սախարովի հրապարակի հատվածում: Այստեղ, Պուշկինի փողոցի վրա գտնվող «Դոլմամա» ռեստորանից դեպի աջ գտնվող տանը մինչ հիմա էլ պահպանված է հին նկուղ, որտեղ 19-րդ դարում գինու պատրաստման փոքր արտադրամաս է եղել: Կան պատմական վկայություններ, որ այդ տունը պատկանել է հենց Ներսես Թաիրյանին:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հարցազրույցներից մեկում հաստատել էր այդ կարևոր փաստը: Պարզվում է, որ Ներսես Թաիրյանը մի քանի տուն է ունեցել Երևանում, իսկ ահա Պուշկինի (այն ժամանակ` Թարխանյան) փողոցի վրա գտնվող այս տունը նա գնել էր 1880-ականների վերջին և որոշ ժամանակ իր կնոջ Ջավահիրի հետ բնակվել այստեղ: Մեր կողմից հավելենք, որ ոչ մեծ ներդրումներով այն կարելի է վերանորոգել և դարձնել հայկական կոնյակագործության հիմնադիր, հայ ժողովրդի արժանի զավակ, մեծ երևանցի Ներսես Թաիրյանի տուն-թանգարանը: