«Աուդիովիզուալ գիդ» հավելվածի շնորհանդեսն անցկացվեց մայիսի 19-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում:
«Թանգարանային գործում սա քայլ է առաջ: Այս հավելվածը աուդիովիզուալ և վիրտուալ թարգմանիչ է, որը մշտական կապ է ստեղծում թանգարան այցելած զբոսաշրջիկի հետ, քանի որ այն մնում է նրա հեռախոսում, և այցելուն մշտապես կարողանում է հետևել մեր երկրի թանգարաններում տեղի ունեցող իրադարձություններին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը և դեսպանին նախարարության առաջարկին արձագանքելու և 25 000 դոլար արժողությամբ նախագծի իրականացմանն աջակցելու համար: Համագործակցությունը նվիրվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թյան Էռլունի խոսքով` իրենք շատ ուրախ են, որ մասնակցում են նման հիանալի նախաձեռնությանը, որը պատկանում է ՀՀ մշակույթի նախարարին: «Չէի սպասում, որ գաղափարն այսքան արագ կիրականանա: Այս նախագիծը վկայում է այն մասին, որ Հայաստանում զարգացած են IT տեխնոլոգիաները, իսկ նախաձեռնողներն էնտուզիաստներ են»,-ասաց դեսպանը և հավելեց, որ Հայաստանում զբոսաշրջիկների այցելության թվով Չինաստանը երրորդ տեղում է Իրանից և Ռուսաստանից հետո:
«Այս ծրագիրը կնպաստի, որ այլ երկրների քաղաքացիները, նաև չինացիները, ավելի շատ բան իմանան Հայաստանի, ավանդույթների, մշակութային գործիչների և այդ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք մեր պարտքն ենք համարում ներդրում ունենալ Հայաստանի մշակութային կյանքի զարգացման գործում և շարունակելու ենք համագործակցել այդ հարթակում»,- շեշտեց դեսպան Թյան Էռլունին:
TSD ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն ասաց, որ իրենց աշխատանքի արդյունքը դեռ շատ մեծ չէ, բայց նախաձեռնությունն իմաստալից է: «Մեր օրերում արվեստի մասին խոսելով` բազմաթիվ պայծառ անուններ ենք հիշում: Երբ անդրադառնում ենք տեխնոլոգիաներին առաջին հերթին հիշում ենք խելացի հեռախոսների մասին: Համատեղել ենք արվեստն ու ժամանակակից տեխնոլոգիաները: Վեբ կայքը և հեռախոսային հավելվածը հնարավորություն են տալիս տարբեր լեզուներով աշխարհին ներկայացնել այն հարստությունը, որն ունի Հայաստանը»,- եզրափակեց նա:
«Երևանի թանգարաններ» վեբ կայքը և հեռախոսային հավելվածը կազմված է բազմաթիվ բաժիններից: Գլխավոր էջում հնարավոր է տեղեկություններ գտնել տվյալ թանգարաններում իրականացվող գալիք միջոցառումների և ցուցահանդեսների մասին, քարտեզ, որում նշված են հավելվածում ընդգրկված դեռևս երեք թանգարանների գտնվելու վայրերը:
Հավելվածում կան թանգարանների, միջոցառումների, ցուցահանդեսների բաժիններ, բլոկ բաժին, որում ներկայացված են հավելվածում առկա թանգարանների մասին հոդվածներ, տարատեսակ նյութեր:
Հիմնական կայքն աշխատում է երեք լեզվուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն;
Այն ունի նաև վիրտուալ թանգարան, որի միջոցով հետաքրքրասերը կամ այցելուն կարող է զբոսնել թանգարանների բոլոր հարկերով:
Մայիսի 20-ից սմարթֆոններում ներբեռնելով «Աուդիովիզուալ գիդ» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով հնարավոր կլինի ճամփորդել Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի թանգարաններում: Ծրագրային հավելվածն այս տարվա ընթացքում ներդրվելու է Հայաստանի այլ պետական թանգարաններում։