Հայկական քաղաքային ֆոլկի՝ ռաբիսի ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի «Մի գնա» երգը Հայաստանից առավել հիթային է դարձել Թուրքիայում: Այն հնչում է թուրքական սրճարաններում, ակումբներում, մեքենաներում, ռադիոներով, այն անգամ լսում և նույնիսկ մեծ վայելքով կատարում են թուրքիայում հայտնի արտիստները: Ավեին՝ նախորդ ամիսներին «Shazam» հայտնի հավելվածով Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի հարյուրյակում «Մի գնա» երգն առաջին հորիզոնականում է:
Մեր երկրում այս փաստը տարբեր կերպ է ընկալվում: Կարծիքները երկու մասի են բաժանվել՝ մի մասը պնդում է, որ սա մեծ առավելություն է մեզ համար, որ թուրքերը, իմանալով, որ այս երգը երգում են հայ երգիչները, սիրում ու տարածում են այն, ավելին՝ Թուրքիայում հայկական երգն է ամենահիթայինը համարվում: Սակայն մարդկանց մյուս խումբը հակադարձում է՝ նշելով, որ այս փասը բնավ ուրախալի չէ, քանի որ երգի մեղեդին հայկական չէ, այն մոտ է թուրքական երաժշտությանը, այդ պատճառով էլ սիրվել է նրանց կողմից:
Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ:
«Եթե թուրքերին դուր է եկել այդ երգն, ուրեմն իրենց սրտով է տվյալ երաժշտությունը: Եթե նրանք հաշվի չեն առնում, որ այդ երգը հայերեն լեզվով է (չասենք հայկական, որովհետև այն 100 տոկոս հայկական չէ), նշանակում է՝ իրենք ավելի թեթև են ընդունում այդ փաստը, փոխարենը՝ մենք ենք շատ բարդացնում: Ես հիշում եմ, որ տարիներ առաջ մեզ մոտ թուրք երգիչ Տառկանի երգերն էին լսում, դրանից ի՞նչ եղավ, չեմ կարծում, որ աշխարհը քանդվեց: Ավելին՝ այն տարիներին ոչ միայն Տառկանին ուղղակի լսում էին մեր երկրում, այլ նույնիսկ շատ երգիչներ փորձում էին կրկնօրինակել, ոմանք նույնիսկ նմանատիպ մեղեդիներով գնացին Եվրատեսիլ, այնպես որ, շատ ուշադրություն սրան տալ պետք չէ: Մենք երևի չգիտենք, որ Թուրքիայում հայկական շատ ավելի այլ արժեքավոր բաներ են նաև տարածվում, մենք ուղղակի կենտրոնանում ենք նման դեպքերի վրա: Այնտեղ թուրքերի կողմից հնչում են շատ հայկական երգեր, նրանք խոստովանում են, որ դրանք հայկական են ու հենց հայերենով էլ երգում են: Ավելին՝ Ստամբուլում մեծ ոգևորությամբ է ընդունվում հայ շատ նշանավոր արտիստների համերգները, մեր երաժիշտները շատ մեծ գնահատականի են արժանանում թե թուրքերի, թե քրդերի կողմից: Այստեղ կրիմինալ բան չկա, եթե մարդկաց դուր է գալիս, թող լսեն, ոչինչ, եթե ճակատագրով մեզ ամեն ինչ բաժանում է, թող որ երաժշտությունը մի կերպ միացնի, այլապես մինչև աշխարհի վերջ թշնամիներ ենք մնալու»,- նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով հնչած կարծիքներին, թե մեզ համար մեծ առավելություն է, որ Թուրքիայում հիթ է դարձել հայերեն երգը, Ա. Բայաթյանը նկատեց.
«Ճիշտն ասաց՝ ես չէի ասի, որ դա առավելություն է: Դա իրենց համար ուղղակի մոդայիկ երաժշտություն է, դրա համար էլ լսում են, ինքս դրան շատ մեծ նշանակություն չեմ տալիս, որովհետև երաժշտությունն այնպիսի բան է, որ մեկ ամիս անց նրանք կարող են ընդհանրապես այդ երգը չլսել, ինչը սովորական երևույթ է փոփ արվեստում»:
Ինչ վերաբերվում է երկրորդ կարծիքներին, թե երգը սիրվել է Թուրքիայում, քանի որ այն թուրքական մեղեդիներով է հարուստ, երգահանը ժպիտով ընդգծեց.
«Նախ պետք է Հայաստանում հայկական երգեր հնչեն ու սիրվեն: Այսօր հայկական երգարվեստի 99 տոկոսն անհասկանալի երաժշտությունով է լցված: Երբ մենք այստեղ կունենանք լավագույն տարբերակները, այդ դեպքում կխոսենք դրսում տարածում գտած հայկական երգերի որակի մասին: Մենք մեր տան աղբը դեռ չմաքրած, ուզում ենք հարևանների տան աղբը մաքրենք, դա մի փոքր անպատասխանաոը բան է»: