Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հին Երևանի կանգուն վկաները. Աբովյան 52. armeniasputnik.am

Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող և այժմ հիմնովին վերանորոգված սև տուֆից այս շենքը, որին երևանցիներն ասում են «համալսարանի սև շենք», արդեն 112 տարվա ուշագրավ պատմություն ունի: Այն կառուցվել է 1905 թվականին ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի և Նիկոլայ Կիտկինի նախագծով: Այժմ այստեղ են գործում Երևանի պետական համալսարանի երեք ֆակուլտետները՝ աստվածաբանության, պատմության, տնտեսագիտության և կառավարման:

Շենքն ի սկզբանե նախատեսված է եղել որպես Երևանի ուսուցչական սեմինարիայի մասնաշենք: Այս ուսումնական հաստատությունը հիմնադրվել էր դեռևս 1881 թվականին և սկզբում գործում էր վարձակալված տարածքներում՝ քաղաքի տարբեր առանձնատներում: Ուսուցչական սեմինարիան փաստորեն մանկավարժական ուսումնարանի նախատիպն է հանդիսացել և պատրաստել է ուսուցիչներ՝ նահանգային դպրոցների տարրական դասարաններում դասավանդելու համար:

Աբովյան 52 հասցեում գտնվող 112-ամյա շենքը:

1901-ին սեմինարիայի ուսուցչական խորհրդի կողմից որոշում է կայացվում ուսումնական հաստատության համար կառուցել առանձին շենք, և ապագա շենքի տեղի ընտրությունը կանգ է առնում Աստաֆյան փողոցի վերնամասում գտնվող և այգիներով շրջապատված տարածքի վրա: Շինարարության հիմնաքարը դրվում է 1902-ին, իսկ 1905 թվականին շենքն արդեն ամբողջությամբ կառուցված էր: Այն սկզբում եղել է երկհարկանի կառույց, 1930-ականներին վերակառուցվել է և ավելացվել 3-րդ հարկը, որի ընթացքում ամբողջությամբ պահպանել է շենքի ճարտարապետական ընդհանուր ոճը: Բացի դասասենյակներից, սկզբնական նախագծով շենքում եղել են ուսուցչական սենյակներ, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, ճաշարան, ժողովների և մարմնամարզական դահլիճներ:

Երևանի ուսուցչական սեմինարիան այս շենքում գործեց մինչև 1915 թվականը: 1915-1916 թթ. այստեղ սովորում էր 117 ուսանող, որից 50-ի ուսուցումը վճարվում էր պետության կողմից: 1915-ին սեմինարիան տեղափոխվում է այլ տեղ, իսկ շենքը դառնում է զորանոց: Արդեն Առաջին հանրապետության օրոք այստեղ է տեղակայվում հայոց եղեռնից մազապուրծ երեխաների որբանոցը: Հայաստանում գտնվող այլ որբանոցների նման, 1919-ի ապրիլին Հայաստանի կառավարության և Ամերկոմի (Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտե) միջև կնքված համաձայնագրով այս որբանոցը նույնպես անցնում է Ամերկոմի խնամատարության ներքո:

1919 թվականի մայիսի 16-ին Առաջին հանրապետության կառավարությունը մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին տնտեսական պայմաններին, դա կարևորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար, և ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայաստանում ձևավորվի ազգային գաղափարներ կրող նոր սերունդ: Երևանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվում է Հայաստանի առաջին համալսարանը բացել և դասընթացների մեկնարկը տալ Ալեքսանդրապոլում (Գյումրի):

Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքը 1910-ին:

Մի քանի ամիս տևած քրտնաջան նախապատրաստական աշխատանքներից հետո, 1920 թվականի հունվարի 31-ին համալսարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդրապոլի առևտրային ուսումնարանի շենքում: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի և արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ:

Համալսարանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ Երևանից և Թիֆլիսից: Երկար հարյուրամյակների անկախության կորստից հետո պատմական հայրենիքում առաջին պետական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումը՝ դա իրոք պատմական մեծ իրադարձություն էր Հայաստանի համար:

Առաջին ուսումնական կիսամյակում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս, իսկ համալսարանի առաջին ռեկտորն է եղել իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: Համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական և գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Ի դեպ, հենց ականավոր հայագետ և բանասեր Ստեփան Մալխասյանցն է 1920-ի փետրվարի 1-ին կարդացել առաջին հանդիսավոր դասախոսությունը նորաբաց համալսարանում:

1920 թվականի հունիսին կառավարությունը որոշում է կայացնում տեղափոխել համալսարանը մայրաքաղաք: Քանի որ Ամերկոմը սկսել էր կենտրոնացնել բոլոր որբանոցները Ալեքսանդրապոլում՝ տեղափոխման էր ենթակա նաև Երևանի Աստաֆյան փողոցի նախկին սեմինարիայի շենքում տեղակայված որբանոցը: Հենց այս շենքում էլ որոշվում է վերսկսել համալսարանի դասընթացները, և շուտով սեմինարիայի ազատված շենքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Համալսարանում դասերը մեկնարկեցին 1920-ի հոկտեմբերի 1-ին, և այդ պահից սկսած Երևանի համալսարանի պատմությունը մինչ օրս կապված է «սև շենքի» հետ: Շուտով սակայն համալսարանի նոր ուսումնական տարվա բնականոն ընթացքը խափանվում է, քանի որ Հայաստանի սահմաններին պատերազմական ծանր դրություն էր: Քեմալական Թուրքիան, օգտվելով տարածաշրջանում իր համար ստեղծված բարենպաստ աշխարհաքաղաքական պահից, ռազմական հարձակում ձեռնարկեց Հայաստանի վրա:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի 1920 թվականի դեկտեմբերի 17-ի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, համալսարանը վերանվանվում է Երևանի ժողովրդական համալսարան, իսկ 1923-ից արդեն՝ պետական համալսարան։ Վերաբացված կրթօջախի ռեկտոր է դառնում անվանի հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը, դասընթացները վերսկվում են 1921 թվականի հունվարից: 1960-ականներին համալսարանը տեղափոխվում է նորակառույց շենք՝ ներկայիս Ալեք Մանուկյանի փողոցի մասնաշենքը: «Սև շենքում» մնում է տնտեսագիտական ֆակուլտետը, որը 1975-ից դառնում է առանձին բուհ՝ Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ներկայիս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1995 թվականից տնտեսագիտական համալսարանը տեղափոխվում է այլ վայր, իսկ Աբովյան 52 շենքը նորից դառնում է համալսարանական մասնաշենք:

armeniasputnik.am