Esquire հանդեսը ծավալուն հրապարակում է պատրաստել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասին։
Հեղինակի հետ զրույցում Լավրովը խոսել է ներկայիս քաղաքական իրավիճակի մասին, պատմել, թե ինչպես է նա դիմակայում վերջին 23 տարվա հարվածներին, և նշել, թե ինչի մասին է մտածում, երբ բանակցությունները հայտնվում են փակուղում։
168.am-ը ներկայացնում է հրապարակման առավել ուշագրավ հատվածները։ Հեղինակը նախ պատմում է Լավրովի կերպարի մասին.
«Առավոտյան ժամը 11-ին ԶԼՄ ներկայացուցիչներին թույլ են տալիս կարճ ժամանակով մոտենալ Ռուսաստանի և Ճապոնիայի բանակցային սեղանին։ Լավրովն այնպիսի տեսք ունի, ասես վերջին 10 ժամն անցկացրել է սպա սրահում, այլ ոչ թե՝ ինքնաթիռի. նա աննկարագրելի թարմ տեսք ունի։ Նույն տեսքը նա ուներ մեկ շաբաթ առաջ, երկուշաբթի վաղ առավոտյան, երբ հանդիպում էր աֆրիկյան երկրներից մեկի պատվիրակության հետ, երբ ներկաներին դանդաղորեն, դադարներով հաղորդեց. «Նաև մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր գործընկերների տնտեսության մեջ ռուսական բիզնեսի ներդրումներին…»։
Այնուհետև Լավրովը կարճ հայացք է գցում դահլիճի վրա և հասկանում, որ իր վրա որս է սկսվել։ Esquire հանդեսի լուսանկարիչը ծանոթ չէր Լավրովին, և քանի դեռ աֆրիկացի պատվիրակը ելույթ էր ունենում, Լավրովը մի քանի անգամ սևեռուն հայացքն ուղղում է լուսանկարչի վրա։ Ես մի քայլ առաջ եմ գնում, որպեսզի հայացքով հանդիպեմ արտգործնախարարին, և ցույց եմ տալիս, որ դա իմ լուսանկարիչն է։ Լավրովը թեթևակի գլխով է անում ինձ, բայց չի թուլանում։
«Գազանային ինտուիցիա»,- նշում եմ նոթատետրիս մեջ։ Իմ հետևում կանգնած լրագրողներից մեկը մյուսին շշնջում է. «Ինչպե՞ս է նրան հաջողվում այդպիսի տեսք ունենալ, այն էլ՝ ինքնաթիռում գիշերելուց հետո»։ Հարկ է նշել, որ Լավրովը միայն ինքնաթիռում չի գիշերել։ Բանակցություններից երեք օր առաջ նա 37 հանդիպում է ունեցել Մոսկվա-Բոնն-Մոսկվա-Բիշքեկ-Մոսկվա երթուղում։ Նույն հարցը ես նրան տվեցի մեկ շաբաթ առաջ Մոսկվայում, և Լավրովը պատասխանեց. «Եթե անկեղծ, դա գեներից է։ Շնորհակալ եմ հորս և մորս։ Եվ այսպես, մանրուքներից. ամեն առավոտ ձգումներ, հեծանվասարք, կիրակի օրերին, եթե հաջողվում է, ֆուտբոլ»»։
ՌԴ արտործնախարարի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, հեղինակի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսին է Լավրովն ընտանիքում. «Հայրս երբեք ոչ մի ծնողական ժողով բաց չէր թողնում, երբ մենք ապրում էինք Նյու Յորքում։ Նա ստուգում էր իմ կուրսային աշխատանքները, սովորեցնում մեքենա վարել, առաջինն է կարդացել իմ դիսերտացիան։ Նա ինձ երբեք չի ճնշել, վստահել է ինձ։ Ես շատ ազատ երեխա եմ մեծացել»։
Լրագրողը Կատյայից հետաքրքրվել է, թե ինչ է հայրը նրան նվիրել չափահաս դառնալու առիթով։ «Երգ։ Հայրս ինձ իր հեղինակած ու ձայնագրած երգն է նվիրել։ Դա ընտանեկան ընթրիքի ժամանակ էր։ Նա, ընդհանրապես, տան մարդ է»,- ի պատասխան՝ ասել է Լավրովի դուստրը։
Հեղինակը հիշում է, որ 2014թ. աշնանը, երբ առանց կանոնների խաղ էր ընթանում, հեռուստահարցազրույցի ժամանակ Լավրովն իրեն ասել է. «Աշխարհը մեզանից չի փախչի, հավատացնում եմ ձեզ»։ Դա, ըստ հեղինակի՝ հենց ԱԳՆ-ի լուրջ ձեռքբերումն էր։ «Այն ժամանակ, երբ ամերիկացի գործընկերները ԵՄ-ի և Ասիայի իշխանություններին «մեթոդաբանություններ» էին ուղարկում ռուսական կողմի վերաբերյալ, Լավրովը մարաթոնյան տեմպ ցուցադրեց՝ թռչելով մի երկրից մյուսը, ունենալով հեռախոսազրույցներ, ստեղծելով դաշինքներ և կոնտր-դաշինքներ»։
Նա գրում է, որ մի անգամ Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ The Telegraph-ի լրագրողներից մեկն անսպասելիորեն հարց է տալիս. «Կհաղթահարվի՞ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև առկա տուրբուլենտությունը»։ «We should not interfere in a domestic matter of other countries» («Մենք չպետք է խառնվենք ուրիշ երկրների ներքին գործերին»),- պատասխանում է Լավրովը։ Իսկ նրա խոսնակ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնում գործընկերներին և մի հայացք նետում The Telegraph-ի կողմը՝ հասկացնելով, որ հարցեր տալու ժամանակը չէ, և լրագրողը պետք է դուրս գա»։
Հոդվածում հեղինակը գրում է, որ ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրները պատմել են, թե ինչպես է մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ժամանակ, նրա այն արտահայտությանը, թե ԱՄՆ-ը երբեք իր գործընկերներին չի թելադրում՝ ինչպիսի արտաքին քաղաքականություն վարել, Լավրովը հրապարակայնորեն մեկնաբանել է ամերիկյան առաջին «մեթոդաբանություններից» մեկը՝ կապված Ռուսաստանի հետ։
«3 տարի անց ես Լավրովին հարցնում եմ այդ իրավիճակի մասին։ «Առանց մեկնաբանության»,- պատասխանում է ՌԴ արտգործնախարարը։ Ապա հետաքրքրվեցի, թե ինչպես մեկ արտահայտությամբ կբնութագրի մեր և ԱՄՆ-ի հարաբերությունները։
«Սպասողական,- գրեթե առանց դադարի պատասխանեց նախարարը,- Այսօր ամեն ինչ իներցիայով է զարգանում, քանի որ դեռ իրենց տեղում նստած են Օբամայի մարդիկ։ Մենք չենք կարող ամբողջական աշխատանքի անցնել. Թրամփի թիմը դեռ չի կազմավորվել։ Ես չգիտեմ՝ ինչքան ժամանակ դա կտևի։ Բուշից հետո Օբաման փոխեց մարդկանց մոտ 8 ամսվա ընթացքում։ Չեմ կարծում, թե Թրամփի մոտ ավելի արագ ստացվի»։ Ապա հետաքրքրվում եմ, թե հաջողվո՞ւմ է Թիլերսոնի հետ հարաբերությունները կարգավորել։ «Ամբողջովին։ Ընդհանրապես բոլոր պետքարտուղարների հետ իմ հարաբերությունները եթե ոչ՝ ընկերական, ապա՝ լավ են»»։
Հեղինակը հետաքրքրվում է Լավրովից, թե դիվանագետները կարո՞ղ են հրապարակայնորեն միմյանց կոշտ արտահայտություններով դիմել, համառորեն պաշտպանել սեփական երկրների շահերը։ «Իսկ հետո նստեն և խմեն»,- Լավրովը գինի է խմում։ Ապա լրագրողը հետաքրքրվում է՝ այսինքն՝ անձնական հանդիպումների ժամանակ բոլորն ընկերներ են և ամեն ինչ հասկանում են, իսկ հետո հրապարակայնորեն իրար դե՞մ են խոսում։ «Այդ պրոբլեմը զարգացած քաղաքական համակարգերի մեծամասնության մոտ առկա է»,- ժպտում է Լավրովը՝ ուղղելով ակնոցը։
Լավրովը հիշում է, թե ինչպես է Միլիբենդին ասել, որ եվրոպացի նախարարներից մեկն իր հետ զրույցում Սահակաշվիլիին անվանել է fucking lunatic (գրողի տարած լուսնոտ)։ «Այդ անգլիացիներն ամեն ինչ այլափոխում էին»։ Ապա նշում է, որ Սպիրիդոնովկայի առանձնատանը հավաքվել էր Հայաստանի պատվիրակությունը, հայերի դեմքին լուռ նախատինք էր։ «Թվում էր, թե նրանք հիմա խմբով սրա նման մի բան կասեն. «Եղբայրաբար խնդրում ենք, կարո՞ղ ես հիմա նրանից հեռու գնալ։ Սերգեյ Վիկտորովիչը ժամանակ, այսպես թե այնպես, չունի, իսկ այստեղ նաև՝ դու։ Իսկ մենք դեռ Արցախի, Թուրքիայի խնդիրն ունենք, էլեկտրաէներգիայի հարց ունենք, բացի դրանից՝ Մոսկվայի պետական համալսարանում աղջկաս 2 են նշանակել»։ Ես երբեք չեմ կատակել հայերի հետ և փորձեցի ձուլվել ամբոխին»։
«Մինչ բանակցությունների սրահ մտնելը հայկական պատվիրակությունը բռնացնում է Լավրովին, և գրեթե բոլոր մասնակիցները մի բան ասում են նախարարին։ Նրա դեմքին տարբեր էմոցիաներ են՝ խղճահարություն, զայրույթ, վիրավորվածություն։ Լավրովը կարճ պատասխանում է յուրաքանչյուրին։ Նրա դիմախաղի մեջ կարդացվում է. «Գլուխ կհանենք, մի անհանգստացեք, կփորձենք լուծել, այո, հասկանալի է, կօգնենք»։
Ակնհայտ է, որ դա դիվանագիտական պարտության դրվագ չէ, այլ հանդիպում ավագ ընկերոջ հետ, որը կլսի, խորհուրդ կտա, կօգնի նրան, ում անարդարացիորեն նեղացրել են, կպաշտպանի, եթե հարկ լինի»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ իր այս դիտարկումների մասին կիսվել է հայ բիզնեսմենի հետ։
«Դե, բա էլ ո՞ւմ մոտ պոստսովետական երկրները գնան, որ մեր գործերը կարգավորվեն։ Մենք միայն ունենք Պուտին և Լավրով»,- ասաց նա, իսկ ես լուռ համաձայնեցի հիպերպատանեկան պարադիգմայի հետ։ Իմ դիտարկումներով՝ Լավրովը կարողանում է նաև այդ լեզվով խոսել»,- գրում է հեղինակը։
Թարգմանությունը՝ 168.am-ի
esquire.ru