Արմավիրցիները բացել են ի նշան բողոքի փակած Էջմիածին տանող ճանապարհը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի Ապագա գյուղի ղեկավար Արտաշես Բարսեղյանը:
«Բնակիչների հետ որոշվել է, որ երկուշաբթի-երեքշաբթի օրերին պետք է վարունգի գնի հետ կապված խնդիրները ներկայացվեն վարչապետին, գյուղնախարարին, արտահանող ընկերություններին և դրանց հնարավորինս լուծում տրվի», – ասաց Արտաշես Բարսեղյանը:
Դիտարկմանը, որ Aysor.am-ի տեղեկություններով՝ վարունգի գինն իջել է և ներքին շուկան գերլցվել է, քանի որ մի քանի համայքում թույլ չեն տվել այն արտահանել, Ապագայի գյուղապետը պատասխանեց.
«Եթե գաք մեր գյուղ, ես ձեզ թույլ կտամ, որ տեսնեք արտահանման վերաբերյալ իմ տված տեղեկանքները: Երևի մոտ 10 տեղեկանք եմ տվել: Այսօր էլ ես գյուղացիներին նույնն եմ ասում` արտահանեք: Եթե վարունգը ստեղ արժի 60 դրամ, իսկ Ռուսաստանում ծախվում է 350 դրամով, Մաքսային միությունն էլ կա, բաց ճանապարհ` ինչի՞ չեք ուզում արտահանեք», – ասաց Ա. Բարսեղյանը:
Հարցին` ի՞նչ են ի պատասխան ասում գյուղացիներն ու ի՞նչու այդ դեպքում չեն ցանկանում արտահանել վարունգը, Ապագայի գյուղապետը պատասխանեց.
«Դե գիտեք ի՞նչ կա, ով մի քիչ հանկարծ նեղն ա ընկնում, էն որ ասում են` մենք մեր գյուղում խոտ ենք ցանել, խոտը չի ծլել հանրապետության նախագահը մեկ էլ կառավարությունն են մեղավոր: Չի կարելի էդ ձև մտածել: Ես իմ կնգա հետ կռվեմ մեր տան մեջ, ուրեմն հանրապետության նախագա՞հն ա մեղավոր: Չի կարելի», – ասաց գյուղապետը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրավիճակը ստեղծվել է, քանի որ գյուղացիները վարունգն առանց հաշվարկելու են ցանել: