Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին
Advertisement 1000 x 90

Թոմ Քաթինան հանդիպեց ապագա բժիշկներին

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան մայիսի 22-ին հանրային դասախոսություն կարդաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Դասախոսության ընթացքում բժիշկը պատմեց իր փորձառության մասին Սուդանի պատերազմական Նուբա լեռներում, որտեղ տարիներ շարունակ նա աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան ավելի քան 700,000 բնակչություն ունեցող բնակավայրի հիվանդանոցի միակ վիրաբույժն է:

«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի և ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս:  Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից, – ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան, – ես շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք տալիս՝ ներկայացնելու իրավիճակը Նուբայում»:

Երևանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:

«Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին  ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական  խորհրդի որոշմամբ, բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, – ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, – «Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվություն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»:

Դասախոսության ավարտին Թոմ Քաթինան պատասխանեց  ուսանողների և դասախոսների հարցերին:

Թոմ Քաթինայի այցը Հայաստան հնարավոր է դարձել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ջանքերով երեք հայ բժիշկների՝ Սուդանի Նուբա լեռներ մեկնելու շնորհիվ, ովքեր բժիշկ Թոմի բացակայության ընթացքում աշխատում են «Գթության մայր» հիվանդանոցում:

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինան: Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառնա 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը: Դափնեկիրը կստանա $100,000 պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև $1,000,000 դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

auroraprize.com