Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 704 խմբի սաները հյուրընկալել էին ապրիլյան պատերազմի օրերին հակառակորդի ուղղաթիռը խոցած ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանին, ով այսօր արդեն պայմանագրային ծառայող է և սովորում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Հակատանկային նռնականետով ԼՂՀ տարածք (Ջաբրայիլի ուղղությամբ) ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը խոցած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր չափազանց համեստ Նարեկը իր սխրանքի մասին սաների հարցին, պատասխանեց. «Ուղղակի ստացվեց: Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը: Ինձ թվում է՝ ով էլ լիներ, կփորձեր նույնն անել»:
Իսկ ամենադժվար հարցի պատասխանը, թերևս, կորցրած ընկերների մասին էր. «Չեմ կարողանում զոհված ընկերներիս ծնողների աչքերին նայել, մեղավորության զգացում եմ ունենում, որ ես կամ, իսկ իրենց տղաները՝ ոչ»:
Սաների հարցերը բազմազան էին ու հետաքրքիր, որոնց բոլորին էլ Նարեկը պատասխանում էր սիրով:
Անանիա Շիրակացու անվան ճեմարան