Ծանր ու դաժան տարիներ էին, դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ. Գայա Արզումանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ծանր ու դաժան տարիներ էին, դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ. Գայա Արզումանյան. life.panorama.am

Այսօր հանրակրթական դպրոցներում տոնում են Վերջին զանգը: Մինչ շրջանավարտները հուզված, բայց նաև բարձր տրամադրությամբ նշում են այս գեղեցիկ տոնը, Life.panorama.am-ը խոսել է հայտնիների հետ և մտովի տեղափոխվել իրենց դպրոցական տարիներ:

Երգչուհի Գայա Արզումանյանը սովորել է 1990-2000 թթ-ներին՝ Արցախի Քրիստաֆոր Ալեքսանդրովիչի անվան թիվ 3 ռուսական դպրոցում:

«Սովորել եմ պատերազմի տարիներին: Ծանր ու դաժան տարիներ էին՝ դրսում պատերազմ էր՝ գոյության կռիվ, դպրոցում՝ երեխաների աշխույժ ձայներ: Վստահ ասում եմ՝ մենք ոչ մի վայրկյան չենք վախեցել պատերազմից, շարունակել ենք գնալ դպրոց ու չմտածել վատ հետևանքների մասին: Այդ տարիներին և միշտ Արցախի երեխաներն էլ են հզոր ու անվախ»,- պատմեց Գայան ու շարունակեց.

«Շատ հիշողություններ ունեմ դպրոցական տարիներից: Ասեմ, որ շատ աշխույժ աշակերտուհի եմ եղել, աչքի էի ընկնում յուրաքանչյուր պահի, կիզակետում միշտ Գայա Արզումանյանն էր: Իսկապես հիմա շատ եմ կարոտում իմ դպրոցը, ընկերներիս, ուսուցիչներիս, դասարանս, դպրոցի հետ կապված ամեն-ամեն ինչ: Հիմա շատ կցանկանայի տեսնել դասղեկից՝ տիկին Ալեքսանյանին, ափսոս, որ երկար տարիներ է՝ կապ չունեմ նրա հետ»:

Դասարանցիների հետ Գայան կապը փորձում է պահպանել, բայց նրանց հաճախ տեսնել չի հաջողվում.

«Դասարանցիներիցս շատերի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, սակայն հիմա Երևանում եմ ապրում և այդ պատճառով չեմ կարողանում նրանց տեսնել: Իհարկե, շատ կցանկանայի, որ հնարավորություն լիներ նրանց հաճախ տեսնելու, չէ որ մենք միասին մեծ ճանապարհ ենք անցել ու լավ հիշողություններ ունենք. միասին դասերից փախել ենք, չարաճճիություններ արել, բարկացրել ուսուցիչներին, բայց նաև շատ ենք սիրել նրանց: Թեև պատերազմ էր, բայց դրանք անհոգ տարիներ էին, որոնք, ցավոք, հետ բերել չենք կարող»,- պատմեց երգչուհին:

Գայա Արզումանյանը խոստովանում է՝ գերազանց չի սովորել.

«Անկեղծ ասեմ՝ գերազանցիկ չեմ եղել, բայց ունեցել եմ սիրված և չսիրված առարկաներ: Չեմ սիրել մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա առարկաները, փոխարենը շատ եմ սիրել հումանիտար առարակները, հատկապես՝ ռուսերենը»,- նշեց նա:

Գայա Արզումանյանը զրույցի վերջում իր ջերմ շնորհավորանքները հղեց այս տարվա բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով, որպեսզի նոր կյանքում նրանց միայն հաջողությունը ուղեկցի:

 



Նման նյութեր