B4B.am-ը ամփոփում է «Ով գնա, ով մնա» հարցման արդյունքները։ Մենք 3 օր առաջ՝ մինչ նախարարների նշանակումները, ընթերցողներին առաջարկել էինք քվեարկել թվով 24 պաշտոնյաների համար։
Հարցը հետևյալն էր՝ ցանկանո՞ւմ եք, որ տվյալ պաշտոնյան շարունակի պաշտոնավարել, թե՞ չեք ցանկանում նրան տեսնել կառավարության կազմում։
Առաջինի դեպքում սեղմվում էր «հավանելու» (like) կոճակը, երկրորդ դեպքում՝ dislike:
Նշենք նաև, որ պաշտոնյաների հավաքած ընդհանուր ձայները (լայքերի և դիսլայքերի գումարը) որոշ չափով տարբերվում են։ Դա պարզ բացատրություն ունի՝ քվեարկողներից ոմանք մի քանի պաշտոնյաների քվեարկելուց հետո կիսատ են թողել քվեարկությունը։
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՀԱՇՎԵԼ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Օբյեկտիվությունը պահելու համար մենք վերցրել ենք ոչ թե կողմ քվեարկածների քանակը, այլ հաշվել ենք, թե կողմերը ընդհանուր ձայների մեջ քանի տոկոս են։
Օրինակ, եթե պաշտոնյային կողմ են քվեարկել 500 հոգի, դեմ՝ 1500 հոգի, ապա նա ստանում է 25% և ավելի բարձր տեղ է զբաղեցնում, քան նա, ում կողմ են քվեարկել 510 հոգի, դեմ՝ 1600 հոգի (երկրորդի դեպքում ստացվում է 24%):
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Մոտ 2000 ձայները ամփոփելու արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը։
Ամենապոպուլյար պաշտոնյան ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է՝ 68%-ով (1345 կողմ, 634 դեմ):
Երկրորդ տեղում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 58.2% (1211 կողմ, 871 դեմ):
Երրորդը մեր ցանկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է՝ 56.3% (1142 կողմ, 887 դեմ):
50% և ավելի վարկանիշ ունեն նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Ամենից ցածր տոկոս հավաքել են անշարժ գույքի կադաստրի պետակաի կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը՝ 22.2% (441 կողմ, 1547 դեմ), ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ 17.5% (345 կողմ, 1620 դեմ) և պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը (337 կողմ, 1627 դեմ):
Հատուկ շեշտենք, որ սա պրոֆեսիոնալ հարցում չէ։ Սա պարզապես օնլայն կազմակերպված «թեթև» էքսպերիմենտ է, որը թույլ է տալիս գոնե մոտավոր հասկանալ՝ որ ինչպիսին է հասարակության վերաբերմունքը առանձին պաշտոնյաների նկատմամբ, և որքանո՞վ են իշխանությունները հաշվի առնում այդ վերաբերմունքը՝ կադրային քաղաքականության մեջ։
Օրինակ, Հրանուշ Հակոբյանը երեկ վերանշանակվեց սփյուռքի նախարարի պաշտոնում՝ ունենալով շատ ցածր վարկանիշ: