Դիզայներ Մանուկ Ալեքսանյանի խորհուրդներն՝ ամառային նորաձևության մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանի խորհուրդներն՝ ամառային նորաձևության մասին. life.panorama.am

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանը՝ Մանչը, Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ամառային նորաձևության մասին, տվել իր մասնագիտական խորհուրդներն ու նշել թրենդային հագուստ կրելուց զատ անհատականությունը պահպանելու կարևոր հատկանիշները:
«Այս ամռանը նորաձևությունը խիստ անկանխատեսելի է: Նորաձևության աշխարհ են գալիս փանկ և փողոցային ոճերը: Աշխարհահռչակ նորաձևության տները ևս շեշտը դրել են այս ոճերի վրա: Սրանց շարքում են շորտերը, պատռոտված շապիկները, մաշված ու քրքրված հագուստները: Նորաձև է նաև վինտաժ ոճը, որոնք դեռ 1960-ականների ռոք խմբերի հագուստներում կարելի էր հանդիպել: Պրինտներով շապիկները շատ հետաքրքիր են այս սեզոնին, դրանց շարքում կարող են լինել տարբեր բրենդների անունները, օրինակ՝ իմ նոր հավաքածույի թեման ԱՄՆ է և ամենամեծ լոգոների համար ընտրել եմ «Coca-Cola»-ն: Այսինքն հայտնի բրենդների անունները շապիկների վրա այս սեզոնին իրենց հաղթարշավն են սկսել»,- նշեց դիզայները:

Մանչի խոսքով՝ տաբատներ ընտրելիս պետք է խուսաՓել նեղ մոդելներից.

«Եթե նախորդ տարիներին առավել նորաձև էին նեղ ջինսե տաբատները, ապա այս տարի դրանք հակաթրենդ են համարվում: Փոխարենը շատ նորաձև են այսպես կոչված «boyfriend» ջինսերը, որոնք լայն են, բարձր գոտկատեղով ու անունից ելնելով՝ հիշեցնում են ընկերոջդ տաբատները: Ի դեպ՝ դրանք վինտաժ ոճում ևս ակտուալ են»,- հավելեց նա:

Կոշիկների հարցում նույնպես կան հակաթրենդներ.

«Այս տարի նորաձև չեն բարձրակրունկ կոշիկները: Շատ ակտուալ են հողաթափեր հիշեցնող կոշիկները, թրենդային են գունավոր սպորտային կոշիկները՝ բոթասները: Սրանք կարելի է կրել անգամ երեկոյան զգեստներով»,- ընդգծեց Մանչը:

Ի դեպ՝ դիզայների խոսքով, եթե տարիներ առաջ համաշխարհային նորաձևությունը ստեղծվում էր հիմնականում 25 տարեկանից բարձր կանանց համար, ապա վերջին շրջանում նորաձևությունը ավելի երիտասարդացել է: Հավաքածուները հիմնականում ստեղծվում են մինչև 25 տարեկանների համար, ովքեր կազմում են սոցիալական ցանցերի հետևորդների մեծ մասը:

Աքսեսուրաները միջոցներ են, որոնք կերպարը լրացուցիչ և էլ ավելի տպավորիչ են դարձնում: Այս առումով դիզայները ևս իր խորհուրդները տվեց.

«Աքսեսուարների համար թրենդային է փանկ ոճը: Կերպարներին հետաքրքիր երանգ կարող են հաղորդել խոշոր զարդերը, որոնք նորաձև էին դեռևս 70-ականներին: Շատ ակտուալ են ոսկեգույն զարդերը, պլասմասե ականջողերը: Մատանիների հարցում ևս խոշորության վրա պետք է շեշտը դնել: Ինչ վերաբերվում  է պայուսակներին, այս պարագայում նորաձև են ձեռքով նկարված պրինտները՝ կարգախոսների տեսքով, որոնց դիմում են աշխարհահռչակ բրենդները՝ «Christian dior»-ը, «Gucci»-ին և այլն»:

Զրույցի վերջում Մանուկ Ալեքսանյանը շեշտեց.

«Անկախ նորաձևության թելադրանքներից՝ պետք է հիշել, որ նորաձևությունը հուշում է 3-4 ճանապարհ, իսկ թե որոնցով ենք ուզում ընթանալ, ընտրում ենք ինքներս: Այս ընթացքում ոչ մի դեպքում չպետք է մոռանալ ձեր անհատականության մասին, որովհետև հաճախորդն է ստեղծում նորաձևությունը, իսկ դիզայները զարգացնում ու ներկայանալի է դարձնում այցելուի գաղափարները: Այսինքն՝ ամեն մեկն ինքն է ստեղծում տվյալ շրջանի նորաձևությունը»:



Նման նյութեր