Փամբակում գոմաղբից կենսական գազ են ստանում. hetq.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փամբակում գոմաղբից կենսական գազ են ստանում. hetq.am

Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում ամուսիններ Նվեր և Նունե Խլոյաններն արդեն 3-րդ տարին է` իրենց տան բակում գոմաղբից կենսական գազ են ստանում։

Կենսական գազը ստանում և օգտագործում են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին, քանի որ գոմաղբը գազի վերածող տեխնիկական սարքերը տեղադրված են բացօթյա այգում, և ձմռան ամիսներին խողովակներով հոսող հեղուկը սառչում է։

Խլոյաններն այնքան են մասնագիտացել այս աշխատանքներում, որ գազի ստացման պրոցեսում նորարություններ են կիրառել, մասնավորապես՝ գազը մի հորից մյուս հոր տեղափոխող քարե մակերեսը ծակել են, փայտյա խողովակներ տեղադրել, որով խառնում են գազը, որպեսզի այն հեշտությամբ և ավելի արագ հասնի ֆիլտրման հորերին։

Վերջնական ֆիլտրած գոմաղբը հումուսի է վերածվում, դա էլ օգտագործում են որպես պարարտանյութ՝ այգին մշակելու համար։

Խլոյանների այս նորարարությանը ծանոթացել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նրան ամուսինները ներկայացրել են գազի ստացման տեխնոլոգիան, խնդրել ստեղծել հնարավորություն՝ քարե շինությամբ այդ սարքավորումները ծածկելու, ողջ տարին գազ ունենալու համար։ Անգամ հաշվարկել են անհրաժեշտ գումարի չափը, սակայն մինչ օրս նախարարությունից որևէ պատասխան չկա։

Դիանա Ղազարյան

Սարո Բաղդասարյան

hetq.am