ԱՄՆ-ի նոր նախագահը մշտապես լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում է, նրա անգամ բարևելու և լուսանկարվելու «արարողությունն» առանց բուռն հանրային քննարկումների չի անցնում: ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ևս նոր փուլ են թևակոխել: Գերտերությունների հարաբերությունների, միջազգային անցուդարձի և Հայաստանի վրա այդ ամենի ազդեցության մասին զրուցում ենք քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Այսօր ի՞նչ շրջան է սկսվել ռուս-ամերիկյան հարաբերություններում: Աշխարհում այս գերտերություններից ո՞ւմ նժարն է առավել ծանրանում:
-Դժվար է ասել: Նախ` Ռուսաստանը, որպես գերտերություն, ԱՄՆ-ի հետ նույն քաշային կատեգորիայում չէ: ՌԴ-ն գերտերություն է, բայց, այսպես ասած, երկրորդ գերտերություն: Սա ոչ միայն քաղաքագետների, վերլուծաբանների կարծիքն է, այլև Ռուսաստանի նախագահի: Բայց սա բացարձակ չի նշանակում, որ նրանք միմյանց հետ չեն մրցակցում, համագործակցում տարբեր հարցերի շուրջ: ԱՄՆ-ի գնացող նախագահի` Օբամայի վարչակազմը առավելագույնս լարեց ռուս-ամերիկյան հարաբերությունները, բայց ռուսները շատ ճիշտ գնահատեցին իրավիճակը և հասկացան, որ սա ընդամենը հեռացող վարչակազմի դիրքորոշում է: Հասկանալով իրավիճակը, Ռուսաստանը չի գնում լարման ու սպասում է, թե ինչպես է Թրամփն իր արտաքին քաղաքականությունը կառուցելու: Օբամայի ադմինիստրացիան ութ ամսում փոխվեց, որից հետո եկավ այն թիմը, որի հետ նա աշխատեց:
-Հայկական դիվանագիտությունը, քաղաքական միտքը ճի՞շտ է ընկալում համաշխարհային զարգացումները, կարողանո՞ւմ է գերտերությունների շահերի բախում թույլ չտալ մեզանում:
-Մինսկի խումբը, թերևս, ամենալավ օրինակն է, որ մեզանում գերտերությունների շահերը կարող են համընկնել: Մեր դիվանագիտությունը փորձում է բալանսավորված աշխատել և ԱՄՆ-ի, և ՌԴ-ի հետ: Անշուշտ, կարող էր այս կամ այն կողմի հետ առավել խորացնել, բայց փորձում է հավասարակշռությունը պահել: Սա բնորոշ է եղել մեր երեք նախագահներին էլ: ԵԱՏՄ-ին անդամակցելով, մենք չենք գնացել դեպի Ռուսաստան, քանի որ Արևմուտքի հետ ևս բանակցում ենք: Ոչ էլ ամբողջովին տրվել եք ԱՄՆ-ին և խզել ենք կապերը ՌԴ-ի հետ, ինչպես Վրաստանը:
-Փաստորեն, արդյունավե՞տ եք գնահատում հայկական դիվանագիտական աշխատանքը:
-Այո, եթե չենք դարձել Վրաստանի պես պետություն, որ ինչ-որ բան կորցրել է ինչ-որ բանի հասնելու համար: Մենք չենք կարող Վրաստանի նման ծանր գին վճարել, կարծում եմ, դրա անհրաժեշտությունն էլ չկա: Ինչպես է հնարավոր, որ երկու գերտերության ոտքի տակ լինելով, կողմնորոշվես մեկի օգտին, միշտ կարող ես մյուսի ոտքի տակ ընկնել: Այնպես պետք է անել, որ ոչ մեկի ոտքի տակ չընկնես, բոլորի հետ էլ համագործակցես: Երբ ասում են, թե Հայաստանը լիովին ռուսամետ քաղաքականություն է վարում, միշտ դեսպան Հեֆեռնի ասածն եմ մեջբերում, որ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այդքան բարձր մակարդակի չեն եղել, որքան Սարգսյանի և Օբամայի օրոք: Այս գնահատականը ամերիկացիներինն է, որ նշանակում է` հարաբերություններում իսկապես աճ կա:
-Մինչդեռ վերջին շրջանում ակտիվացել են (հիմնականում սոցիալական ցանցերում) հակառուսական տրամադրություններ «ցանողները», «հունձքի» ի՞նչ ակնկալիքով, դժվար է ասել: Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչն է մեզ այդքան վախեցնում այդ հարաբերություններում:
-Չգիտեմ` դա վախ է, թե անվստահություն կամ ատելություն: Պատճառները տարբեր կարող են լինել: Կարող եմ ասել միայն, որ հստակ ինչ-որ ուղղորդում կա: Այս ատելությունը իսկապես տարածվում է: ՈՒկրաինայի իրադարձություններից հետո ավելի են մեծացել այդ տրամադրությունները: Ի միջի այլոց, ռուսներն էլ այդքան «գլուխ» չեն կոտրում, ակտիվ չեն աշխատում, ինչի պատճառով տրամադրությունների աճ է նկատվում: Ռուս պաշտոնյաները ինչ-որ հայտարարություններ կարող են անել, որ Հայաստանում մեծ ալիք բարձրանա: Մեկ հայտարարությամբ հնարավոր կլինի իրավիճակը հանգստացնել, հանդարտեցնել, բայց դա էլ չեն անում:
-Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունն ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած:
-Մենք ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններում կարողացել ենք հնարավորինս մանևրել, բալանսավորված քաղաքականություն վարել: Իհարկե, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման դեռ մեծ հնարավորություններ ունենք, քանի որ պոտենցիալի ընդամենը մեկ տոկոսն է օգտագործված: Ռուսների հետ ևս հարաբերությունների խորացման տեղ ունենք: Մենք բացարձակապես բալանսավորված քաղաքականություն չունենք Մերձավոր Արևելքում: ՈՒնենք լավ հարաբերություններ արաբական որոշ պետությունների հետ: Ամենամեծ բացթողումը. չունենք հարաբերություններ տարածաշրջանային գերտերություններից մեկի` Իսրայելի հետ: Սա շատ վատ է: Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենալը նշանակում է լավ հարաբերություններ ունենալ տարբեր երկրների հրեական համայնքների հետ: Իսրայելում դեսպան չունենալն անընդունելի է: Ինձ ասում են, որ երբ իրենք այստեղ դեսպանություն կբացեն, այն ժամանակ էլ մենք կունենանք դեսպան այնտեղ: Եթե նրանց պետք չէ այստեղ, բայց մեզ պետք է Իսրայելում դեսպան ունենալ, ուրեմն այնտեղ դեսպանատուն չբացե՞նք: Մենք ունենք դեսպան, որը սակայն նստում է Եգիպտոսում: Մեզ դեսպան է պետք այնտեղ, որովհետև Իսրայելում ունենք շատ կարևոր եկեղեցապահպան գույք, առաջնորդ, 19-հազարանոց համայնք, սրբատեղի, որի համար պայքարում ենք: Իսրայելը զենք է վաճառում քո հակառակորդին, իսկ դու դեսպան չունես, որ գնա կռիվ տա ու ասի, թե դա անընդունելի է: Իսրայելում դեսպան չունենալը չի բխում մեր շահերից ու նաև նպաստում է Վաշինգտոնում մեր ազդեցության նվազմանը: Հայ-իսրայելական հարաբերությունները պետք է դիտարկել նաև որպես հայ-ամերիկյան հարաբերություններ:
Զրույցը` Ռուզան Խաչատրյանի
Ամբողջությամբ՝ irates.am