ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ժուռնալիստների միության անդամ, հաղորդավարուհի Զառա Արամյանն իր երկու երեխաների հետ այս պահին ԱՄՆ-ում է, իսկ թե ինչու՝ պատմել է Life.panorama.am-ին:
«Ժամանակին ծնողներս կարողացել են ինձ ցույց տալ աշխարհի շատ երկրներ, ընտանիքիս հետ շատ եմ ճամփորդել, քանի որ ծնողներս գիտակցել են, որ ճամփորդությունն ու շփումը տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ձևավորում է աշխարհընկալումդ, ճաշակդ, տեսակդ… Հիմա էլ ես եմ փորձում երեխաներիս համար նույնը անել, և մեծ հետաքրքրությամբ հետևում եմ, թե ինչպես է նրանց աշխարհայացքը փոխվում` ամեն մի նոր քաղաք տեսնելիս»,- նշեց Զառա Արամյանը:
Մեր հարցին` արդյոք հնարավոր է, որ Զառա Արամյանը ընտանիքով տեղափոխվի Միացյալ նահանգներ, շեշտեց.
«Ես հայրենիքում ունեմ հիվանդ մայր, թանկ ու տարեց սկեսուր և սկեսրայր: Հայաստանում ունեմ իմ սիրելի աշխատանքը, որն անում եմ արդեն 20 տարուց ավելի: Ընկերներ ունեմ, առանց որոնց կյանքս աղքատ կլիներ: Չնայած այստեղ մնալու բազում հրավերներ ունեմ, միևնույն է, սիրով, ժպիտով, բայց նաև վստահ հրաժարվում եմ»:
Զառա Արամյանը երեխաների հետ հունիսի կեսին կվերադառնա Երևան, իսկ մինչ այդ դստեր և որդու համար կփորձի բացահայտել ԱՄՆ-ն.
«Ես շատ բաներ տեսել եմ, հիմա վերապրում եմ բացահայտելու զգացողություններս: Հինգ օր է, ինչ այստեղ ենք, բայց երկու կարևոր բան արդեն ֆիքսել ենք. մարդիկ այստեղ անասելի ջերմ ու բարեհամբյուր են: Եթե պատահաբար մեկին հրես, առաջինը ինքը կպտտվի և ներեղություն կխնդրի: Նաև այստեղ խիստ կարգապահություն է տիրում: Եթե անգամ տարածքում ոստիկան կամ տեսախցիկ չկա, միևնույն է, վարորդները կապում են ամրագոտիներն ու երբևէ աղբ չեն նետում պատուհանից: Հիշում եմ՝ մի անգամ Երևանում մի վարորդի նկատողություն արեցի, երբ մեքենայի պատուհանից նետեց ծխախոտի տուփն ու պլաստիկե շիշը: Նրան ասացի, որ եթե ԱՄՆ-ում նման բան աներ, ապա ստիպված կլինի տուգանք վճարել, իսկ նա ինձ հետևյալ պատասխանը տվեց՝ «Զառա ջան, երևի դրա համար էլ դեսպանատունն ինձ անընդհատ մերժում է, մի բան արա անցնեմ»: Այդ ժամանակ զարմանքից կարկամեցի ու հասկացա, որ դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի մեզ մոտ մարդիկ սիրեն մեր երկիրն ու քաղաքավարություն ցուցաբերեն»,- ժպիտով պատմեց Զառա Արամյանը:
Ի դեպ՝ մեր զրուցակիցը նշեց, որ ԱՄՆ-ի ժամային գրաֆիկին հարմարվելու համար իր մոտեցումն ունի.
«Սա ամենաբարդն է, բայց իմ իսկ փորձով՝ հաղթահարելի: Մեկնելուց առաջ՝ վերջին օրերին Երևանում փորձեցի փոխել մեր կենսաբանական ժամերի գրաֆիկը, բացի այդ, ինքնաթիռում ևս քնում ու արթնանու էինք՝ ըստ ամերիկյան ժամային գրաֆիկի: Այնպես որ, այստեղ հեշտ հարմարվեցինք դրան, դե իսկ վերադառնալիս՝ նույնը կանեմ, որպեսզի Երևանում ևս երեխաներս դժվարոթյուններ չկրեն: Ի դեպ, որպես մայր՝ զգում եմ, որ երեխաներս ևս սկսել են այստեղի օրենքներով շարժվել, ինչն ինձ ուրախացնում է»,- նկատեց հաղորդավարուհին:
ԱՄՆ-ում հայերը շատ են, Զառա Արամյանն էլ այնտեղ ընկերներ ու հարազատներ ունի, որոնց պարտադիր կփորձի տեսակցել.
«Ընդամենը մի քանի օր է, ինչ այստեղ ենք, և հասցրել ենք միայն մի երկու ընկերոջ ու բարեկամի տեսնել: Սակայն անպայման կփորձենք մեծամասնությանը տեսակցել: Շատերին եմ կարոտել, և քանի որ մեր՝ այստեղ մնալու ժամանակն էլ սուղ է, պետք է կարողանամ հնարավորինս իմ և հարազատներիս կարոտը հագեցնել: Ի դեպ, երբ որևէ վայրում սոցիալական ցանցերով նշում ենք մեր տեղը, այստեղ ապրող ընկերներս անմիջապես զանգում են ու գրում և առաջարկում անպայման հանդիպել: Շատ հաճելի է գիտակցելը, որ քեզ սիրում ու կարոտում են, շահագրգռված են հանդիպել նաև օտար երկրում»,- հուզված նշեց նա:
Հետաքրքրվելով, թե ըստ Զառա Արամյանի ինչպիսի՞նն է ամերիկաբնակ հայերի կյանքը, պատասխանեց.
«Սա շատ բարդ հարց է: Երևի այստեղի հայերին օգնում է այն, որ մշտական շփում ունեն իրենց ընկերների, բարեկամների, Հայաստանից եկած հյուրերի հետ: Գիտեք, Ձեր հարցին այսպես կպատասխանեմ. Երբ գալիս ես այստեղ ու ԱՄՆ-ում ապրող մտերիմներիդ հարցնում ես, թե ինչ բերեմ Երևանից, պատասխանում են՝ մեր սիրելի երևանյան կոնֆետները: Նրանք այստեղ միշտ կարոտած են ապրում»:
Իսկ վերջում հետաքրքրվելով, թե Զառա Արամյանի համար դժվար չէ արդյոք առանց ամուսնու երեխաների հետ շրջել օտար երկրում, սիրված հաղորդավարուհին նշեց.
«Իհարկե, դժվար է, բայց ինտերնետն ու հեռախոսը մեզ օգնության են հասնում: Երեխաներս անընդհատ տեսանյութեր ու ռեպորտաժներ են պատրաստում հայրիկի համար և ուղարկում նրան, որից հետո էլ միասին երկար քննարկում են: Ամուսինս ևս այստեղ շատ բարեկամներ ու ընկերներ ունի, նրանք մեզնով են փորձում փարատել իրենց կարոտը ամուսնուս նկատմամբ, մենք էլ այդ ամենը հավաքում ենք մեր սրտում, որպեսզի հետ վերադառնալով՝ փոխանցենք իրեն»: