2012 թվականն էր: Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր: Ռմբակոծիչ օդանավերը սլանում էին Հալեպի կապույտ երկնքում, և Լիանան, տան բացօթյա պատշգամբում նստած, տեսնում էր, թե ինչպես են ռումբերը թափվում մոտակա թաղամասերի վրա:
Հայաստանում ծնված, Սիրիա հարս գնացած Լիանան, որ հազիվ էր հարմարվել Հալեպի կյանքին, անգամ մասնագիտությամբ աշխատանք գտել (նա մարզիչ կինեզիոլոգ է), անհանգստությամբ էր հետևում իրադարձություններին: Մի օր էլ ռմբակոծիչն ուղիղ գլխավերևով է սլանում, ու մինչ նա ուշքի է գալիս, դիմացի շենքն այլևս չկար: Դա արդեն հստակ ազդանշան էր. Հալեպում կյանքը վտանգված է: Բայց չնայած օրեցօր վատացող իրավիճակին՝ հալեպցիներն ամեն անգամ հույս էին փայփայում, որ վերջին փամփուշտն է կրակվում: Չէին պատկերացնում, որ երբեմնի հզոր ու ծաղկուն քաղաքը շուտով ավերակների է վերածվելու: Դա էր պատճառը, որ 2012-ի ամռանը Լիանան ու ամուսինը որոշում են երկու շաբաթով գալ Հայաստան, մինչև մի քիչ վիճակը կկարգավորվի: Անգամ իրենց հետ շատ հագուստ չեն վերցնում, քանի որ Լիանան հղի էր, չէր ուզում ծանրաբեռնել ճամփորդությունը: Գալիս են, և երկշաբաթյա ուղևորությունը շարունակվում է մինչ օրս: Այն արդեն ճամփորդություն-հայրենադարձություն է:
«Ոչինչ չունեինք, անգամ ձմեռվա հագուստ: Կարելի է ասել՝ սկսեցինք զրոյից, ավելի ճիշտ՝ մինուսից,- ասում է Լիանան՝ թվարկելով, թե ինչեր ունեին Սիրիայում ու ինչեր կորցրին,- տուն, ամառանոց, կահույքի գործարան… Հիմա ամեն ինչ թալանված է, ոչինչ չկա, չորս պատերն են մնացել»:
Լիանան ասում է, որ չեն էլ ուզում հիշել ու ապրել անցյալով, որովհետև միլիոններ կորցնելուց հետո այլևս կարևոր չէ, թե ինչ վիճակում են չորս պատերը: Փոխարենը չկոտրվեցին, Հայաստանում ամեն ինչ սկսեցին նորից. «Օրեր կային, որ անգամ հացի գումար չունեինք, բայց ոչ մի օր չենք հուսահատվել, ոչ մի նեղված օր չենք ունեցել, որովհետև վստահ էինք, որ ոտքի կկանգնենք»:
Լիանայի ամուսինը՝ Ավիգ Բաղդիկյանը, կահույքագործ է: Հայաստանում սկսում է կահույքագործությամբ զբաղվել: Սիրիայում ունեցած համբավի շնորհիվ նախ տեղի սիրիահայերի համար է կահույք պատարստում, հետո արդեն, իբրև իր գործի վարպետ և ազնիվ մարդ, բազմաթիվ պատվերներ է ստանում տեղացիներից: Գործն օրեցօր բարելավվում է:
Իբրև 15 տարվա մարզիչ՝ Լիանան լավ գիտի գործի նրբությունները և ամենայն բծախնդրությամբ է մոտենում ամեն մի մանրուքի. չէ՞ որ սա պարզապես ժամանց չէ, այլ առողջությանն է վերաբերում: Նա հատկապես կարևորում է երեխաների հետ տարվող աշխատանքը և կարծում է, որ երեխային փոքրուց պետք է մարզել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն, մինչդեռ մեզ մոտ մատների արանքով են վերաբերվում մանկական մարզումներին, անգամ՝ ֆիզկուլտուրայի դասերին: «Հայաստանում ամեն քայլափոխի մտավոր զարգացման կենտրոններ կտեսնես, ինչը շատ ուրախալի է, բայց ֆիզիոլոգիական զարգացումը, որը նույնքան կարևոր է, շատ թույլ է»,- նշում է նա,- դուրս եկեք փողոց և տեսեք մեր երեխաների կեցվածքը: Մանկապարտեզում երեխային ասում են՝ նստիր, դպրոցում ասում են՝ նստիր, տանը՝ նստիր: Երեխան ամբողջ օրը նստած է, և դա բացասական հետևանքներ է բերում՝ գերակտիվ վիճակ, սթրես, տեսողության խնդիրներ և այլն»:
Լիանան ուզում է մեկ այլ կարծրատիպ էլ կոտրել և տարեցների շրջանում խթանել մարզումները: Իրենց մոտ ամենատարեց մարզվողը 80 տարեկան է: Սակայն այս խմբին պետք է հատուկ մոտեցում ցույց տալ՝ հաշվի առնելով տարիքը, ճնշումը, արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը և այլն:
Ամբողջությամբ՝ ankakh.com