Վարդան Սարգսյան. «Ես իմ կնոջ և երեխայի հետ կապրեմ արտերկրում». life.tert.am
Advertisement 1000 x 90

Վարդան Սարգսյան. «Ես իմ կնոջ և երեխայի հետ կապրեմ արտերկրում». life.tert.am

Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն արտերկրում բնակություն հաստատելու ցանկություն ունի։ Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել  Վարդանի հետ, որի ընթացքում նա պատմել է, թե ինչպես սկսեց կոմպլեքսավորվել, երբ իր երգը ծաղրի առարկա դարձավ, ինչու դադարեց նոր տեսահոլովակներ թողարկել և ինչու է որոշել, որ իր ընտանիքն ապրելու է արտերկրում։

–Վարդան, երկար տարիներ երաժշտական աշխատանքներ չէիք ներկայացնում հանդիսատեսին, թեև ի սկզբանե հայտնի եք որպես երգիչ։ Ինչո՞ւ։

–Ճանապարհորդություններիս  պատճառով։ Այն ժամանակ չկար «Տնից հեռուն», սակայն ես շատ էի սիրում ճանապարհորդել։ Սկզբում աշխատածս գումարը ներդնում էի տեսահոլովակներ նկարահանելու մեջ, հետո հասկացա, որ դա ինձ չի հետաքրքրում, ես ավելի շատ ուզում  եմ ճանապարհորդել։ Երկուսն անել չէի կարող, նախընտրեցի ճանապարհորդելը։ Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել տարբեր երկրների նիստուկացը։ Այդ պահին դա հոգեպես ավելի մեծ բավարարվածություն էր տալիս ինձ, քան երգը։

Գործունեությունս, որպես այդպիսին, չեմ դադարեցրել, աշխատում եմ ակումբներում, շրջագայում եմ նաև համերգային ծրագրերով։ Ուղղակի ինձ մոտ եթերային դադար էր, սակայն շուտով նաև տեսահոլովակ կներկայացնեմ հանդիսատեսիս։

–Կարելի՞ է ենթադրել, որ «Տնից հեռու» նախագծի շրջանակներում հասել եք ֆինանսական կայունության, որպեսզի և՛ երաժշտական գործունեություն ծավալեք, և՛ կարողանաք ճանապարհորդել։

–Իհարկե, կա ֆինանսական աճ, որը նաև իմ աշխատասիրության արդյունքն է։ Անկեղծ ասած, այն, ինչ ես եմ հասցնում անել, քչերը կկարողանային։ Կան մարդիկ, ովքեր դիտում են ծրագիրն ու կարծում են, թե ես գնում, հանգստանում, վերադառնում եմ։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Ես շատ եմ հոգնում նկարահանումներից և վերադառնում եմ  հանգստանալու ցանկությամբ։ Դա աշխատանք է, իսկ ես չեմ կարողանում «գրդոն» անել։ Ամեն ինչ լավ անելու ցանկությունս ինձանից շատ ուժ է խլում։ Ես հիմա ունեմ շատ հրավերներ՝ որպես երգիչ, հեռուստանախագիծ, որն ունի հովանավորներ, տուրիստական իմ գործակալությունը։ Դա ինձ հնարավորություն է տալիս աշխատածս գումարի մի հատվածն էլ տրամադրել երգիս, թեև չգիտեմ` ծախսը կվերադարձնեմ, թե ոչ։ Իրականում, դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում։ Հիմա ուզում եմ այս աշխատանքն անել, որպեսզի ինձ հանգիստ զգամ։

–Հայտնի մարդկանցից շատերի ուղղությամբ պարբերաբար բացասական սլաքներ են ուղղվում։ Ձեր կենսափորձում տարբեր փուլեր են եղել, այդ թվում` շրջան, երբ ձեր երգերը հաճախ էին դառնում հումորի առարկա։ Ինչպե՞ս էր այդ ամենն անդրադառնում Ձեզ վրա։

–Ես շատ լավ եմ վերաբերում դրան։ Ես այդ երգերը ձայնագրել եմ 13-14 տարի առաջ։ Նույն «Խենթ աղջիկը», Օլգա Այվազյանի հետ «Ուրիշի գրկում ես դու» զուգերգը մինչև այսօր դահլիճն ինձ հետ երգում է։ Երգի հաղթանակը, կարծում եմ, դա է։

Հումորին շատ լավ էի վերաբերում։ Բոլոր խնջույքներին Ռաֆոն իմ տնազն էր անում և միասին երգում էինք այդ երգը։ Այնպես չէ, որ դա ինձ հարվածելու համար էր արվում։ Երբ իմացա, որ «Կարգին հաղորդման» մեջ պետք է երգեն իմ ձևով, շատ նորմալ ընդունեցի։ Աշխարհի բոլոր երգիչների տնազն անում են, և դա նորմալ է, սակայն հիմա։ Այն ժամանակ մարդկանց թվում էր, որ ինձ ծաղրում են և սկսվեց վատ վերաբերմունք իմ հանդեպ։ Ինձ համար դա ծիծաղելի էր, բայց այդ ժամանակ սկսեցի կոմպլեքսավորվել և չերգել այդ երգը, չնայած այն ուներ մեծ ճանաչում։

–Իսկ հիմա՞։

–Ժամանակի հետ այդ ամենն անցավ։ Մի անգամ ակումբներից մեկում Ռաֆոյի հետ երգեցինք այդ երգը։ Հրաշալի էր։ Հիմա նոր երգ եմ թողարկում, պիտի խնդրեմ Ռաֆոն որևէ ծրագրում անդրադառնա իմ այս երգին, որովհետև դա ինձ համար լավ PR կլինի։ Վստահ եմ` հիմա այլ կերպ կընկալվի։

–Ժամանակի հետ այդ ամենին այլ տեսանկյունից նայելը փոփոխությունների փուլ է ենթադրում։ Ի՞նչ փոխվեց։

–Ես չեմ անցել այդ փուլը, մարդկանց մտածելակերպն ու ժամանակներն են փոխվել։ Այն ժամանակ Հայաստանում մի քիչ այլ մտածելակերպ էր։ Ես ուրախ եմ, որ շատերից մի քայլ առաջ էի։ Եթե ես առաջինն  էի, որ կարող էի ինձ թույլ տալ տեսահոլովակում հագնել ճղված ջինս (այն ժամանակ այստեղ չկային նման բաներ, ես խնդրում էի ինձ համար արտերկրից բերեն այդպիսի ջինս), հիմա աղջիկները մերկ են նկարահանվում, տղաները` դիմահարդարմամբ։

Ներքին հաղթահարման փուլ չի եղել, սակայն ինձ համար ցավալի էր, որ մարդիկ ինձ այլ կերպ էին ընկալում։ Հիմա ինձ ընկալում են այնպիսին, ինչպիսին կամ, որովհետև իմ նախագծում շատ անկեղծ եմ։

–17 տարի է` բեմում եք, Ձեր պրակտիկայում ո՞ր փուլն եք համարում անկումային։

–Անկումային ընթացք չեմ ունեցել։ Եթե որևէ մեկի համար իմ տեսահոլովակ չնկարահանելը, եթերում չլինելն անկումային է, ինձ համար այդպես չէ, որովհետև միշտ կարողացել եմ աշխատել գումար, հրավերներ եմ ունեցել։ Որևէ խնդիր չեմ ունեցել։ Կան մարդիկ, ովքեր ամբողջ օրը եթերում են, բայց համերգներ չունեն։

–Հիմա բիզնես եք սկսել և տուրիստական գործակալություն ունեք։ Այս տարիների ընթացքում այլ աշխատանքներով զբաղվե՞լ եք Ձեր նպատակներին հասնելու համար։

–Հիմնականում ամեն ինչ պտտվել է երգի շուրջ։ Թեև ունեմ լրագրողի, ռեժիսորի  մասնագիտություն։ Ես միշտ զբաղված եմ եղել։ Հիմա շնորհիվ իմ աշխատանքի փոխվել է կյանքիս ռիթմը։ Չունեմ ազատ օրեր, հանգիստս վայելու ժամանակ, որովհետև ինձ մոտ մի քանի բան է` երգ, «Տնից հեռու» նախագիծը և տուրիստական գործակալությունս, որին ուշադիր հետևում եմ։

Հնարավոր է` վաղը որոշեմ օդաչու դառնալ. հասկանամ, որ երգը, «Տնից հեռուն» այլևս գումար չեն բերում, նոր մասնագիտություն սովորեմ։ Իմ դեպքում ամեն ինչ հնարավոր է։

–Փաստորեն, մաքառող տեսակ եք։

–Այո, և շատ եմ  սիրում մտածել վաղվա օրվա մասին։ Դա ինձ ստիպում է ավելի արագ շարժվել և գործունեություն ծավալել։ Երբեք չեմ ընկալել մարդկանց, որոնք ապրում են  միայն այսօրով։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր