Լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ռուսալեզու հրատարակության լրամշակված տարբերակը։ Գաղափարի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Իգիթյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիրքը Վիտալի Սայունցի նախաձեռնությունն է, ով Պյատիգորսկի հայկական համայնքի գործիչներից է։
«Սկզբում գիրքը տպագրել ենք պարզ տարբերակով՝ առանց քարտեզների, լուսանկարների և այլ պատկերների։ Պյատիգորսկի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկը նկարներ ու քարտեզներ ավելացնելու գաղափար տվեց։ Մեզ շատ են օգնել տարբեր պատմաբաններ, պետական կադաստրի քարտեզագրության մասնագետներ, լեզվաբաններ։ Ներառել ենք իտալացի նկարիչների նկարներ՝ Ջուլիանո Ջասո, Ջուլիանո Ֆուզարո, նաև հայ նկարիչներից՝ Հովհաննես Այվազովսկի, Ղարիբյան»,- նշեց Կարեն Իգիթյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ գրքում որոշ բաներ փոխվել են՝ վերամշակվել է ծանոթագրությունների զգալի մասը, ավելացել են պատկերազարդումներ, քարտեզներ։
«Վերահրատարակվել է Մովսես Խորենացու՝ մեր պատմահոր, նշանավոր երկի՝ «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը։ Միայն տեխնիկական չեն եղել գրքի փոփոխությունները, շատ լուրջ վերամշակում է իրականացվել՝ հատկապես ծանոթագրությունները։ Կատարվել է աշխատանք, որով հայերը և Հայաստանը կարող են բարձր գլխով ներկայանալ ռուսալեզու ընթերցողին»,- ընդգծեց Ոսկանյանը։
Գիրքը համալրվել է գունավոր պատմական քարտեզներով, ինչպես նաև 15-րդ դարի իտալացի նկարիչների նկարներով։ Այն տպագրվել է 500 օրինակով և վաճառվում է Հայաստանի բոլոր, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքների գրախանութներում։