«Ամուսինս ասում էր` կնոջ ներկայությունը քաղաքականության մեջ տղամարդկանց ջենտլմեն է պահում». Անահիտ Բախշյան
Advertisement 1000 x 90

«Ամուսինս ասում էր` կնոջ ներկայությունը քաղաքականության մեջ տղամարդկանց ջենտլմեն է պահում». Անահիտ Բախշյան

Տիկին Բախշյան, կյանքի տարբեր փուլերում աշխատել եք ամենատարբեր ոլորտներում` գրանցելով հարուստ կենսագրություն: Ըստ Ձեզ` ի՞նչն եք բաց թողել այդ ճանապարհին, ինչո՞վ դեռ պիտի լրացնեք այդ շարքը:

Ես այդ ամենով չեմ սահմանափակվում և կարծում եմ, որ անելիքներ շատ ունեմ: Վստահ եմ, Երևանի ավագանու նոր կազմում «Ելք» դաշինքի հետ միասին աշխատելու եմ, և «Ելքի» երիտասարդ թիմն ինձ շատ է ոգևորում, թևեր տալիս: Իմ փորձը և իրենց երիտասարդ ավյունը, չտրորված ճանապարհով գնալու մղումն ինձ շատ ոգևորում է, ուստի կշարունակեմ օգտակար լինել նրանց:

– Հաշվի առնելով քաղաքականության խորն ու խճճված պատկերը, սեփական անձի ու սկզբունքների միջև անընդհատ պայքարը` ինչո՞ւ ընտրեցիք քաղաքականության ճանապարհը, և արդյո՞ք այդ ընտրությունը գիտակցված է եղել:

– Դեպի քաղաքականություն ճանապարհը ես ընտրել եմ իմ կյանքում շատ ողբերգական դեպքից հետո: Մինչ այդ չեմ սիրել այս ոլորտը` տեսնելով ամուսնուս տառապանքները, ընդվզումները… Հենց Ազգային ժողովի դահլիճում կատարված ողբերգությունը զարգացրեց իմ մեջ ցեցի պես կրծող այն հարցերը, թե ինչպես կարող էր Ազգային ժողով մտնել ահաբեկչական խումբ: Ո՞ւմ էր դա ձեռնտու: Ո՞վ էր դրա ղեկավարը: Հարցեր, որոնց պատասխանների փնտրտուքն էլ ինձ տարավ քաղաքականություն` իհարկե, ընդդիմադիր դաշտ: Դրանց պատասխանը ես չգտա, որի փոխարեն՝ շատ նոր կարողություններ բացահայտեցի իմ մեջ, նոր հմտություններ ձեռք բերեցի և հասկացա, որ ցանկացած ազնիվ նպատակներ ունենալու դեպքում ես կարող եմ ծառայել իմ երկրին և շարունակել իմ ամուսնու գործը, բայց արդեն՝ հակառակ դաշտում:

Ես շարունակել եմ Յուրայի հետքն Ազգային ժողովում, քաղաքապետարանում, Կրթության ազգային ինստիտուտում… Շատ հետաքրքիր է մեր ճակատագիրը. որտեղ Յուրան ոտքը դրել է՝ ես հայտնվում եմ այդտեղ:

– Գուցե նա է ուղղորդում…

– Հաստատ: Այո´, ուղղորդում է: Արդեն 18 տարի է՝ Յուրան չկա, բայց մենք ամբողջություն ենք: Ես հաճախ եմ նրա ձեռքը զգում իմ թիկունքին, երբ ասում էր` «դու կարող ես, դու կանես»… Ես սիրում եմ Յուրային…

– Ո՞րն է Ձեր գլխավոր անելիքը քաղաքականության մեջ, որ չեք արել ու դեռ պիտի անեք:

– Հավանաբար պիտի շարունակեմ անել այն, ինչ արել եմ արդեն տարիներ շարունակ: Ես ուզում եմ` օրենքի իշխանությունը հաստատվի իմ երկրում, ամեն առիթն օգտագործում եմ (իսկ դրանք հազարավոր են), որպեսզի բարձրաձայնեմ մարդկանց, նրանց երեխաների ոտնահարված իրավունքները: Ես սկսում եմ օրենքից` ցույց տալով, թե այն որտեղ է շեղվել, և քանի դեռ մենք որպես իրավական պետություն չենք կայանում, թվում է` քո արածն էլ փոշիանում է: Ըստ երևույթին, պետության «գլխարկը»` Սահմանադրությունը, որ պիտի կրի յուրաքանչյուրը, պարզապես շպրտված է ոտքերի տակ, և ում ինչպես հարմար է, այնպես էլ գործում է: Ինձ երբեմն համարում են Դոն Կիխոտ, ես այդպես չեմ կարծում, քանի որ, թեկուզ առանձին քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը հաջողվում է:

– Տիկին Բախշյան, երկար տարիներ աշխատել եք կրթության ոլորտում, հստակ գիտեք դրա «ներսն ու դուրսը». գիտակցելով ոլորտի կարևորությունը` այն ինչպե՞ս եք պրոյեկտում քաղաքականության մեջ:

– Մեր քաղաքականության մեջ բոլոր «ճչացող» երևույթների հիմքը կրթությունն է, դպրոցը: Երբ դպրոցի տնօրենն առանց ամաչելու ծնողներին ցուցակագրում է՝ ընտրություններին ընդառաջ, չի սաստում նվերներ գնելու համար դրամահավաքությունները, կամ, երբ երեխայի մտածելակերպը չեն ազատականացնում, ցանկացած բանում, այդ թվում՝ հագուստի, գրքի, վերաբերմունքի մեջ ընտրություն կատարելու շուրջ չի հյուսվում նրա կրթությունը, մենք ունենում ենք այն, ինչ ունենք:

Յուրան ինձ ասում էր` թող երեխաները մի բան պակաս իմանան քիմիայից, ֆիզիկայից, բայց թույլ տուր նրանց քաղաքացի մեծանալ, զարգացնել ցանկացած ոլորտում իրենց ընտրելու կարողությունները: Եվ հենց այդ տարի մենք կրթական համակարգ ներմուծեցինք մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք երաշխավորված առարկաները: Յուրացնելով դասընթացները` երեխաներն սկսեցին մեղվի նման աշխատել. կառուցեցին ու քանդեցին իրենց պատկերացրած պետությունը, նախագահականից անցան խորհրդարանականին… Սովորեցին ծրագիր գրել, այդ ծրագիրը քարոզել, մի խոսքով, սկսեցին մտածել` ինչ են ցանկանում: Կրթության մեջ է թաքնված և´ բուժումը, և´ այն ռումբը, որ կարող է մեր պետականությունը շտկել կամ հակառակն անել:

– Ի՞նչ անհապաղ անելիքներ կան կրթական համակարգում:

– Երևանի նոր գումարման ավագանին պիտի աշխատանքներ տանի դպրոցի տնօրենների վարքի շուրջ, դպրոցների կառավարման խորհուրդները պիտի հատ-հատ ուսումնասիրի` ինչպե՞ս են ընտրվում, և որքանո՞վ դրանց անկախությունը կարելի է ապահովել քաղաքական վերնախավի ցուցումներից: Մանկապարտեզներում լուրջ խնդիրներ կան. հաճախ վարչական շրջանների ղեկավարները գերանդին վերցնում ու սկսում են «հնձել», և փոխարենը՝ իրենց նախընտրածներին նշանակել: Սա մարդու աշխատանքի իրավունքը ոտնահարելու վառ օրինակ է:

– Հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ Ձեզ բնորոշեցին՝ որպես ուժեղ կին, Դուք նշեցիք, որ դա ոչ թե ուժի, այլ սիրո դրսևորում է. մի՞թե ամենամեծ ուժը սերը չէ, և այս երկու հասկացությունները չե՞ն համընկնում Ձեր դեպքում:

– Ճիշտ եք… Երբ սիրում ես, առաջին հերթին՝ սիրում ես ինքդ քեզ: Մարդն իրեն սիրում է, որովհետև իր արժեքների առանցքը և իր տեսլականը, քայլերը համատեղ են: Ուրեմն նա պատասխանատու է իր ամեն ասածի ու արածի նկատմամբ: Նա հենց դրանով է ուժեղ: Այո´, ես ուժեղ եմ, որովհետև սիրում եմ ինձ, իմ ժողովրդին ու իմ երկիրը:

– Կնոջ համար ի՞նչ արգելքներ կան այս կամ այն ոլորտում, մասնավորապես՝ քաղաքականության մեջ դրսևորվելու ու կայանալու մեջ:

– Սովորաբար կանայք են ընդվզում քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության դեմ: Այդ ընդվզումը բնական է, քանի որ առօրյա հոգսերի հետ աշխատանքը համարում են անհամատեղելի: Ես ունեմ երեք երեխա, ամուսնուս հետ նրանց լավ կրթություն ու դաստիարակություն ենք տվել, բայց ոչ մի օր տանը չեմ նստել, աշխատել եմ օրը ճիշտ կազմակերպել, անելիքները դասակարգել, և ընդամենը: Ամուսինս ասում էր` կնոջ ներկայությունը քաղաքականության մեջ տղամարդկանց ջենթլմեն է պահում:

Ես մերժում եմ «կինը քաղաքականության մեջ» եզրույթը. մա´րդն է քաղաքականության մեջ։

– Անձնականը և հասարակականն այնպես եք համատեղել և համատեղում, որպեսզի ոչ մի կողմը չտուժի…

– Ո´չ, տուժում է (ժպտում է.- Հ.Ս.): Անձնականը տուժում է: Ինձ մոտ այսպես է դրված. եթե ընտանիքս ունի իմ կարիքը, անշուշտ, առաջին տեղում նա է, բայց վաղուց արդեն երեխաներս ինքնուրույն են, ամեն մեկն իր ընտանիքն ունի: Ես էլ ունեմ իմ անձնական կյանքը, իմ գործունեության ոլորտը, որն այսօր ինձանից ողջ ժամանակս է խլում:

– Մի առիթով նշել եք, որ ինքներդ Ձեզ չեք համարում «լավ տատիկ», քանի որ ժամանակ չունեք բավարար խնամք ու ուշադրություն ցուցաբերելու։ Միևնույն ժամանակ՝ երկար տարիներ աշխատել եք դպրոցում` նվիրվելով երեխաներին: Արդյոք չկա՞ր խանդ ասվածը:

– Եղել է (ծիծաղում է.- Հ.Ս.): Իմ երեխաները հաճախ խանդել են իմ աշակերտներին, որովհետև քո երեխան քեզ հետ է ապրում, մեծանում, և եթե մի բան այնպես չի անում, շատ կտրուկ եմ արտահայտվում, իսկ աշակերտը քեզ հետ չի ապրում, դու նրան քո օրինակով ես մեծացնում: Այն, ինչ դու իրենից պահանջում ես, երեխան ինքը պիտի տեսնի քեզ մոտ, քո օրինակը պիտի վարակիչ լինի: Եվ երբ աշակերտի հաջողությունը շատ էի գնահատում, նրանք սրտնեղում էին, որ իրենց հանդեպ էլ նույնը չեմ: Ես բացատրում էի, որ իրենք դրա կարիքը չունեն, իսկ աշակերտը պիտի անընդհատ լսի՝ ինչպես պարսավող, այնպես էլ՝ գոտեպնդող խոսքեր:

– Ըստ Ձեզ` ի՞նչն է պակասում երիտասարդների մեջ:

– Կրթությունը… Այն կրթությունը, որն իրենց լիարժեք զգալու հաճույքը կտա, այն պիտի երեխային տա ընտրելու համը, նա պիտի սովորի` սա՞ անել, թե՞ նա, սա՞ կարդալ, թե՞ նա, թեկուզ սխալվելու գնով, բայց այդ հնարավորությունը երեխային դեռևս դպրոցում պիտի տրվի: Երեխա կար, դպրոցում զանգը տալուց հետո պիտի դուրս գար ու գոռար: Հա´, թող գոռա, նա այդպես է լիցքաթափվում, հանգստանում: Հենց այդ ընտրություն կատարելու կարողությունը, հմտությունն ունենալու համար պիտի երեխայի ողնաշարին փոքր տարիքից զոդես բարոյական արժեքների համակարգը:

– Երազանքների մասին…

– Գիտեք, ես չեմ ուզում արդեն երազել, ես ուզում եմ ինչ որ բան տեսնել, իմ նախորդ երազանքների արդյունքը տեսնել: Դա օրինական պետության տեսլականն է: Ես ուզում եմ դա տեսնել: Հերիք է, այլևս ժամանակ չունեմ սպասելու…

Հասմիկ Սիրունյան



Նման նյութեր