Հայաստանը ցանկանում է միանալ Չինաստանի Belt & Road նախաձեռնությանը. Վաչե Գաբրիելյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանը հարցազրույց են տվել CGTN-ին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանը ցանկանում է միանալ Չինաստանի Belt & Road նախաձեռնությանը. Վաչե Գաբրիելյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանը հարցազրույց են տվել CGTN-ին

Մի քանի օր առաջ տեղի ունեցած Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը հարցազրույց են տվել չինաստանյան CGTN հեռուստաընկերությանը։

Հիմնական թեման եղել է Չինաստանի Belt and Road (Մեկ գոտի, մեկ ուղի) նախաձեռնությունը, որին ցանկանում է միանալ նաև Հայաստանը։

Belt and Road-ը Չինաստանի կողմից առաջ քաշված նախաձեռնություն է, որը նպատակ ունի միացնել Չինաստանը՝ ասիական երկրների և Եվրոպայի հետ։ Ցամաքային ուղուց բացի, որը, այսպես ասած, նորացված «Մետաքսի ճանապարհն» է, ըստ նախագծի պետք է լինի նաև ծովային ուղի։ Այդ նպատակով Չինաստանը նախագծում ընդգրկված երկրների տարածքում ֆինանսավորելու է մեծածավալ ենթակառուցվածքների շինարարությունը՝ ճանապարհներ, երկաթուղիներ, նավահանգիստներ և այլն։

Հարցին, թե որն է Հայաստանի մրցակցային առավելությունը և ինչու Հայաստանը պետք է դիտարկվի որպես այս պրոյեկտի առանցքային մասնակից՝ հաշվի առնելով այլ երկրների հետաքրքրվածությունն ու մրցակցությունը, Վաչե Գաբրիելյանը պատասխանել է՝ մենք առաջարկում ենք հաշվել ծախսերը։

Հայաստանի փոխվարչապետը ասել է, որ երկաթուղու կառուցման դեպքում՝ Հայաստանի տարածքով Եվրոպայից Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն ավելի հարմար կլինեն և քիչ ծախսատար։

Վ. Գաբրիելյանը ավելացրել է, որ խոսքը չի վերաբերում միայն Belt and Road նախաձեռնությանը, այլ ընդհանրապես՝ Չինաստանի ավելի ակտիվ ներգրավվածությանը ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում։ Նա նշել է, որ չինացիները արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում ՀՀ տնտեսության, մասնավորապես, հանքարդյունաբերության նկատմամբ։

Հաղորդավարը արձագանքել է, որ աշխարհի շատ երկրներ հակառակը՝ մտավախություններ ունեն չինական կապիտալի ակտիվացման հետ կապված, և իրենց երկրներում Չինաստանի ներկայության մեծացման մեջ վտանգ են տեսնում։

Ի պատասխան այս հարցին՝ Ա. Խաչատուրյանը նշել է, որ ոչ մի հարց միանշանակ չէ, և ցանկացած գործարքի դեպքում պետք է քննարկել բոլոր ասպեկտները, բանակցել և եզրակացություններ անել։ «Մենք առաջարկում ենք ցանկացած չինական ընկերության՝ նստել մեզ հետ սեղանի շուրջ և անկեղծ բանակցել», – ասել է ՌՆԿ ղեկավարը՝ նշելով, որ Հայաստանը չի տարանջատում գործընկերներին՝ նրանք արաբ են, չինացի, թե մեկ այլ ազգության։

Վաչե Գաբրիելյանն իր հերթին կատակով ավելացրել է, որ Հայաստանը չի վախենում Չինաստանի կողմից, այսպես ասած, կլանվելուց (takeover), որովհետև աշխարհում շատ ավելի մեծ թվով հայեր կան։

b4b.am