Երևանի ժամանակակից արվեստի թանգարանն այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը։ Այն հիմնադրվել է 1972 թվականին՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ջանքերով։ Մի քանի տարի առաջ՝ թանգարանի հիմնադրման 40-ամյակի առիթով, լույս էր տեսել Հենրիկ Իգիթյանի ջանքերով կազմված կատալոգը, որը ներառում էր 1960-ականների գործերը։ Նա, ցավոք, չհասցրեց տեսնել կատալոգի թողարկված տարբերակը։ Այս տարի արդեն թողարկվել է կատալոգի երկրորդ հատորը՝ անգլերեն և ռուսերեն։
Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշել է թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը, իրենք նպատակ են ունեցել շարունակել Իգիթյանի սկսած գործը։ Կատալոգի շնորհանդեսը կկայանա հունիսի 14-ին, ժամը 17։00-ին։ Նույն օրը տեղի կունենա նաև 1980-ականների հայ նկարիչների գործերի ցուցահանդեսը։
Հավելենք, որ բացի կատալոգից՝ շուտով կթողարկվեն և վաճառքի կհանվեն նաև բացիկներ, որոնք կներառեն նոր կազմված կատալոգից գործեր և թանգարանի մասին տեղեկատվություն։
Աննա Բաբաջանյան