ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի Facebook-յան գրառումը:
Գրեթե միշտ առաջարկություններ եմ արել տնտեսական քաղաքականության մասով։ Դրանց մեջ եղել են նաև արտադրական նշանակության հարցեր։ Այսօր վերստին ուզում եմ բարձրացնել մի քանի խնդիր։ Շարադրում եմ դրանցից առաջինը։ Ակնկալում եմ, որ հանուն ծրագրի իրականացման տեղեկատվությունը կտարածվի սոցիալական ցանցերում։
Ծրագրի գաղափարը պատկանում է Վարազդատ Վասիլյանին։ Այն ես մի քանի անգամ առաջ եմ քաշել 5-րդ գումարման ԱԺ-ում՝ բյուջետային քննարկումների ժամանակ։ Գաղափարն այսպիսին է. կառուցել Դիլիջան-Վանաձոր երկաթգիծը (ընդամենը 26 կմ), որի շնորհիվ Երևան-Թբիլիսի երկաթուղային ճանապարհահատվածը կրջատվում է 400 կմ-ով։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է 1.5 ժամանոց արագընթաց էքսպրեսս Երևան-Թբիլիսի։
Դա նշանակում է 1600 դոլարի տնտեսում ամեն մի վագոնի մեջ կամ մոտ 40 դոլար 1 տոննայի հաշվով։ Դա նշանակում է ՀՀ տրանսպորտային ծախսերի իջեցում 2%-ով։ Դա նշանակում է նույնքանով էլ ՀՆԱ աճ՝ օդից։ Իհարկե, Հարավկովկասյան երկաթուղին կարող է չհամաձայնվել։ Նա գերատեսչական շահեր ունի։
Հիշում եմ նախկին տրանսպորտի նախարար Ա.Մանուկյանին՝ հրճվում էր ՌեԳ-ին երկաթուղին կոնցեսիայով հանձնելու պահով։ Դեռ այն ժամանակ ասում էինք. կոնցեսիայով հանձնում են շարժակազմը, աչլ ոչ թե գծերը։ Այնուամենայնիվ, խնդիրը լուծում ունի։ Կարելի է համաձայնեցնել։
Ինչպես տեսնում ենք երբեմն մենք ինքներս էլ ենք մեզ շրջափակել։ Ու շարունակում ենք խորացնել…