«Անհամեմատ ավելի հեշտ է ազատվել տարատեսակ նևրոզներից և դեպրեսիաներից, քան կախվածությունից». հոգեբան Կարինե Նալչաջյան
Advertisement 1000 x 90

«Անհամեմատ ավելի հեշտ է ազատվել տարատեսակ նևրոզներից և դեպրեսիաներից, քան կախվածությունից». հոգեբան Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ խոսեց անկախության՝ որպես արժեքի մասին, որը ձևավորում է երկրի քաղաքացուն, ինչպես նաև անդրադարձավ անկախության սերնդի հոգեբանական կերտվածքին:

Մամուլի ասուլիսը մեկնարկեց հոգեբան Կարինե Նալչաջյանի շնորհավորանքով՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով.

«Անկախությունը, հոգեբանական իմաստով, բացարձակ արժեք է: Չմոռանանք, որ անկախության հակառակ իմաստը կախված լինելն է, իսկ հոգեբանության մեջ ախտաբանական երևույթների մի մեծ խումբ կա, որ մենք անվանում ենք՝ կախվածություններ: Ընդ որում, կցանկանայի հատկապես նշել, որ անհամեմատ ավելի հեշտ է ազատվել տարատեսակ նևրոզներից և դեպրեսիաներից, քան կախվածությունից: Կախվածությունը չարիք է: Հետևաբար, այսօր քննարկել անկախության արժեքը՝ նույնիսկ չարժե»:

Հոգեբանի տեսանկյունից՝ մեզ շատ թանկ գնով է հաջողվել ձեռք բերել անկախ պետություն, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր անկախության հետ որևէ բան չպատահի.

«Տարբեր են քաղաքացիական գիտակցության ընկալումները խորհրդային տարիներին ձևավորված մարդկանց և անկախության սերնդի մոտ: Խորհրդային ժամանակներն ապրած մարդիկ այս կամ այն կերպ հետ ենք նայում, համեմատում ենք՝ ի՞նչն էր լավ, ի՞նչն էր վատ, իսկ երիտասարդ սերունդը հետ նայելու, համեմատելու անձնական փորձառություն չունի: Իհարկե, երիտասարդը կարող է հետաքրքրվել պատմությամբ, և այլն, բայց ինքը համեմատում է մեզ և այլ երկրներին: Քաղաքացի լինելու զգացողությունն անկախության սերնդի մոտ շատ ավելի ընդգծված է, քան հին սերնդի, որովհետև մեր ժամանակներում մենք մի տեսակ միապաղաղ կյանքով էինք ապրում, գիտեինք, որ մեր փոխարեն օրենքներ ընդունող կար, և մեր օրերն այնքան նման էին մեկը մյուսին: Հիմա հստակ է՝ անկախության սերունդն ինքն է տերն իր երկրի, և սա, ըստ իս, շատ կարևոր գիտակցություն է»:

Հոգեբանն անդրադարձավ նաև ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ Հայաստանում տիրող քաղաքակրթական ճգնաժամի թեմային.

«Ճգնաժամի մեջ ենք ոչ միայն մենք՝ հայերս, այլև ամբողջ աշխարհը: Ուսումնասիրողներից մեկը, որ տղամարդ էր, հայաստանյան ճգնաժամի մասին գրում է՝ հայ կանայք այսօր ծնում են կամ զոհեր, կամ կիսաստվածներ, այսինքն՝ կարելի է բնորոշել այսպես՝ մենք գտնվում ենք քաղաքակրթական էգզոգեն ճգնաժամի կիզակետում, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի անբարյացակամ հարևաններով ենք շրջապատված: Հետևաբար՝ մեզ պետք են լուրջ մասնագիտական՝ տնտեսագիտական, քաղաքական, հոգեբանական, էթնոգեն ուսումնասիրություններ, որպեսզի հասկանանք՝ ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս իրավիճակից»:

Հոգեբանն անդրադարձավ նաև անկախության սերնդի՝ դրսում կրթություն ստանալու և վերադառնալու հարցին. «Չեմ ընդունում դրսում կրթություն ստանալու և վերադառնալու «լուսապսակը»… Երբեմն այդ մասին այնքան ինքնագոհ են բարձրաձայնում նրանց դրսերում կրթություն ստանալու ուղղորդողները: Բայց չէ՞ որ կարելի է մեր երկրում ուսման մակարդակն այնքան բարձրացնել, որ այլևս դուրս գալու խնդիր չառաջանա: Սա ես համարում եմ աղավաղված մի բան: Վաղուց անցել են մաշտոցյան ժամանակները, երբ թագավորն իր լավագույն երիտասարդներին ուղարկում էր դուրս, որպեսզի նրանք այնտեղից լույս բերեին: Եկեք հանենք մեր միջից այն մտայնությունը, թե դրսում ամեն ինչ շատ լավ է…»:

Ամփոփելով հանդիպումը՝ հոգեբանը հույս հայտնեց. «Ես շատ կցանկանայի, որ անկախության մեր սերունդն իր հույսերն ու առաջընթացի նպատակներն ու դրանց հասնելու բոլոր ուղիները կապեր միայն ու միայն իր Հայրենիքի հետ: Այնուամենայնիվ, շատ էլ չէի ցանկանա երկու սերունդների միջև տարբերության նշան դնել, որովհետև մենք նույն էթնոհոգեբանության կրողն ենք, նույն ազգի զավակները»:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ

 



Նման նյութեր