Ձայնը չեն ժառանգում
Advertisement 1000 x 90

Ձայնը չեն ժառանգում

Երգիչ Արման Հովհաննիսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական բաժինը: Երեք տարի դասական բաժնում սովորելուց հետո Արմանը որոշել է տեղափոխվել ժողովրդական բաժին՝ Ռուբեն Մաթևոսյանի մոտ: Ավարտել է նաև նույն բաժնի ասպիրանտուրան:

 

– Արման, ի՞նչն է պատճառը, որ շատերի նման դու էլ Կոնսերվատորիայում չես դասավանդում:

– 27 տարին երգչի համար սովորելու, ոչ թե դասավանդելու տարիք է:

– Ինչպիսի՞ն է եղել Ռուբեն Մաթևոսյանի դերը քո կյանքում:

-Հսկայական:

– Ձայնդ ումի՞ց ես ժառանգել։

-Ձայնը չեն ժառանգում, այն կամ կա, կամ չկա:

– Մուտքդ հայկական երգարվեստ ինչպե՞ս ստացվեց:

– 1997թ. ընդունվեցի Կոնսերվատորիա, իսկ երկու տարի հետո՝ 1999-ին, լույս տեսավ իմ առաջին ձայներիզը, որը կոչվում էր «Սեր և Հայրենիք»: Դրանից հետո մինչև 2005 թվականն ինձ մոտ տևական դադար էր: 2005-ին որոշվեց նկարահանել նոր տեսահոլովակ, նոր երգեր, ամեն ինչ այդպես էլ սկսվեց: Սկսեցի համագործակցել իմ պրոդյուսեր Արթուր Հովհաննիսյանի հետ: Կարելի է ասել՝ առանց անակնկալների:

– Հատկապես ո՞ր երգը քեզ ճանաչում բերեց:

– Կարծում եմ՝ Արմեն Մանդակունյանի «Սիրելիս» երգը:

– Շատ սիրվեց նաև քո «Երևան» երգը, իսկ դու ինքդ Երևանի՞ց ես:

– Ոչ, ես ծնվել և ապրում եմ Մասիս քաղաքում:

– Երգում ես և՛ էստրադային, և՛ ժողովրդական երգեր. ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ես երգում եմ «հայկական փոփ» ժանրում:

– Քանի՞ ձայնասկավառակ ունես:

– Այս տարի թողարկվեց իմ երրորդ՝ «Գիտեմ» ձայնասկավառակը:

Առաջին ձայնասկավառակս թողարկվել է 1999թ., մի փոքր լռությունից հետո 2006 թվականին դուրս եկավ «Սիրելիս» ձայնասկավառակը:

– Հիմա ի՞նչ նորություններ ունի Արման Հովհաննիսյանը:

– Արմենչիկի գրած «Գիտեմ» երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: Իսկ մայիս ամսին կլինի իմ առաջին մեծ մենահամերգը:

– Ովքե՞ր են երգերիդ հեղինակները, ո՞ւմ հետ ես ավելի շատ համագործակցում:

– Վաչե Ավեյան, Արսեն Գրիգորյան, Արմենչիկ, Լիա Կառոյան և այլք:

– Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը ո՞ր անվանակարգերում էիր ներկայացված:

– Տարվա լավագույն երգիչ:

– Ըստ քեզ, Հայաստանում նման մրցանակաբաշխություններն անկողմնակա՞լ են անցկացվում:

– Անկողմնակալության, արդարության մասին կարող եմ ասել, որ մարդիկ չեն, որ պետք է դատեն: Կա միայն մեկ դատավոր բոլորիս համար:

– Իսկ ի՞նչ այլ մրցույթների ես մասնակցել:

– Շատ մրցույթների եմ մասնակցել, որին էլ չեմ ուզել՝ չեմ մասնակցել:

– Արման, իսկ ընկերներդ ավելի շատ ո՞ր բնագավառից են:

– Լավագույն ընկերներիցս մեկն իմ պրոդյուսեր Արթուր Հովհաննիսյանն է, արդեն տասը տարի է՝ ընկերություն ենք անում: Ընդհանուր առմամբ, ամենատարբեր բնագավառներից շատ մտերիմ ու լավ ընկերներ ունեմ: Գերակշռող մասն, այնուամենայնիվ, շոու-բիզնեսից են:

– Շոու-բիզնեսում իսկական ընկերություն հնարավո՞ր է:

– Առայժմ այո, հետագայում միգուցե արդեն դժվար լինի:

– Քո այս տարիքում, կարելի է ասել, շատ բաների ես հասել, ինչպե՞ս է դա քեզ հաջողվում:

– Իսկ ո՞վ ասաց, որ հասել եմ: Ես դեռ ճանապարհի սկզբում եմ:

– Ունե՞ս երազանքներ, որոնք դեռևս իրականություն չեն դարձել:

– Այո, չիրականացած բազմաթիվ երազանքներ կան:

– Այսօր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ կողմնակի բիզնես ունեն, իսկ դո՞ւ:

– Այո, փոքր ատոմակայան ունեմ (կատակում է.– Ա.Հ.):

– Ի՞նչ մեքենա ես վարում, և արդյո՞ք մեր երգիչներն այնքան վաստակում են, որ կարողանան լավ մեքենաներ ունենալ:

– Ես «Toyota Prado» ունեմ: Իսկ ինչ վերաբերում է վաստակելուն, ես քսան տարեկանից աշխատում եմ: Երբեք չեմ ամաչի ասել, որ երգել եմ ռեստորանում, իսկ մյուս երգիչների ֆինանսների աուդիտով երբևէ չեմ զբաղվել:

– Իսկ հիմա որևէ ռեստորանային համալիրում երգո՞ւմ ես:

– Ոչ, արդեն էլ ոչ մի տեղ չեմ երգում, որովհետև ավելի ծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում՝ ալբոմներ, համերգներ և այլն:

– Կա՞ որևէ նախընտրելի ռեստորան կամ ակումբ, որտեղ քեզ հաճախ կարելի է հանդիպել:

– Ոչ, չկա, կարելի է ասել, որ նման տեղեր շատ չեմ հաճախում:

– Իսկ հագուստի նախընտրելի բրենդ ունի՞ Արման Հովհաննիսյանը:

– Ոչ մի բրենդ էլ չկա: Հասարակ, նորմալ հագուկապի կողմնակից եմ:

– Նվերներ ստանա՞լ, թե՞ նվիրել ես ավելի շատ սիրում:

– Եթե անկեղծ խոստովանեմ, ստանալն ավելի հաճելի է: Ի դեպ, առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր կանանց ու աղջիկների Մարտի 8-ը, ցանկանալ նրանց սեր ու անսահման երջանկություն։

– Արման, ընդհանրապես շա՞տ ես շրջագայում:

– Բավականաչափ:

– Կինդ խանդոտ չէ՞:

– Ինչպես ցանկացած հայ կին: Ընդհանրապես, ուժեղ մարդը խանդի մասին չի մտածում:

– Աղջիկդ, երբ հայրիկին տեսնում է հեռուստատեսությամբ, ինչպե՞ս է արձագանքում:

– Աղջիկս՝ Էլենը, երեքուկես տարեկան է: Շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին գիտի: Սկզբում ասում էր՝ պապան է երգում, հիմա սկսում է հեռուստացույցի մոտ շրջանաձև վազել, թռվռալ ու իմ բոլոր երգերն անգիր գիտի:

– Երկրպագուհիներդ ինչպե՞ս կարող են քեզ հետ շփվել, արձագանքել, արտահայտել իրենց կարծիքները։

– Դա անելու ամենահեշտ եղանակն ինտերնետն է։ Նրանք կարող են այցելել իմ կայքէջը` www.armanhovhannissyan.am կամ իրենց կարծիքն արտահայտել նամակներով, էլ-փոստով և հեռախոսով:

– Երկրորդ «Երկու աստղ» նախագծին մասնակցելու էիր Նազենի Հովհաննիսյանի հետ, սակայն մասնակցեցիր երրորդին ու «32 ատամ» ակումբի Զառայի հետ, ինչո՞վ էր պայմանավորված փոփոխությունը:

– Առաջինի դեպքում մասնակիցներն այնքան ուժեղ էին, որ ես որոշեցի՝ ավելի լավ է՝ չմասնակցել:

– Ինչպե՞ս որոշվեց, որ երգելու ես Զառայի հետ:

– Ես արդեն Զառայի հետ էլ չեմ երգում:

– Ինչո՞ւ:

– Որովհետև այս երրորդի կազմն էլ էր շատ ուժեղ, և ես հասկացա, որ այստեղ էլ որևէ շանս չունեմ:

– Արման, ինչպե՞ս ես վերաբերվում լրագրողներին ընդհանրապես:

– Ինչպես բոլոր հայտնի մարդիկ:

– Ինչպիսի՞ն պետք է լինի զրուցակիցդ, որպեսզի անկեղծանաս:

– Նախ և առաջ ինքը պետք է անկեղծ լինի, որպեսզի դիմացինն էլ անկաշկանդ խոսի:

– Գիտեմ, որ կենդանիներ շատ ես սիրում, նույնիսկ տանը եղնիկներ ունես:

– Այո, ճիշտ է, երկու եղնիկ ունեմ, և արդեն յոթ-ութ ամիս է, ինչ մեր տանն են:

– Իսկ ի՞նչն է Արման Հովհաննիսյանի համար ամենակարևորը կյանքում:

– Հենց ինքը՝ կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով: Ինչպես նաև՝ մարդկային ճիշտ փոխհարաբերությունները:

– Կյանքում կարգախոս ունե՞ս:

– Սիրել, երգել և ապրել…

– Իսկ թալիսմաններ ունե՞ս կամ հորոսկոպին հավատո՞ւմ ես:

– Թալիսմաններ չունեմ, հորոսկոպներին էլ չեմ հավատում: Հավատում եմ Աստծուն և մեր Հայ Առաքելական եկեղեցուն:

– Մարդկային մեծություններից ո՞ւմ հետ կուզեիր հանդիպել և ի՞նչ հարց կտայիր նրան:

– Նրանք, ում հետ կցանկանայի հանդիպել, ցավոք, կենդանի չեն: Մհեր Մկրտչյանը նրանցից առաջինն է: Հարց չէի տա, նրան տեսնելն ինձ համար արդեն մեծ բան կլիներ:

– Ո՞րն է ամենամեծ «ինչո՞ւ»-ն քեզ համար:

– Ինչո՞ւ վերացան դինոզավրերը (ծիծաղում է.– Ա.Հ.):

Արմանի մասին իր կարծիքն արտահայտեց նաև նրա ընկերն ու պրոդյուսերը՝ Արթուր Հովհաննիսյանը. «Նա լավ ընտանիքից է դուրս եկել: Շատ, ինչպես ասում են, չափ ու ձևը իմացող, դաստիարակված մարդ է: Որպես պրոդյուսեր՝ կարող եմ վստահ ասել, ինչքան էլ մարդու վրա փողեր ծախսվեն, եթե տվյալ անձնավորությունն աշխատասեր չէ կամ իրենից բան չի ներկայացնում, հաստատ ոչ մի արդյունք էլ չի լինի: Արմանը շատ աշխատասեր է, երբեք գործը վաղվան չի թողնում, ինչն այս ոլորտում հատկապես կարևոր է»։

Անի Հարոյան

«3 Միլիոն»



Նման նյութեր