Tert.am Life–ի հարցազրույցը լի է բացահայտումներով։
Քրիստինան և «Կայարանի» գլխավոր հերոսին մարմնավորող Վարուժան Մարգարյանը համակուրսեցիներ են, ավելին` 2 տարի է` ընկերություն են անում։ Ամիսներ շարունակ անձնական կապի մասին լռելուց հետո Քրիստինան Tert.am Life–ի հետ խոսել է իր և Վարուժանի հարաբերությունների մասին։
–Քրիստինա, մտադիր էիր լեզվաբան դառնալ, ինչպե՞ս հայտնվեցիր Թատերականում։
–Ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին, սակայն մանկուց առնչվել եմ թատրոնի, կինոյի հետ։ Հայրս և տատիկս Թատերականն են ավարտել, հայրս` Մալյանի, տատիկս` Աճեմյանի կուրսը։ Երկուսն էլ մասնագիտությամբ ռեժիսոր են, թեև հայրս հիմա այլ աշխատանքով է զբաղվում։ Ես ուզում էի լեզվաբան դառնալ, բայց հայրս խորհուրդ տվեց ընտրել այս մասնագիտությունը։ Մայրս էլ էր կողմ։ Ես ընդունվեցի և՛ Սլավոնական համալսարան, և՛ Թատերական, 2 տեղում էլ դասի գնացի և ընտրեցի Թատերականը։ Ինձ շատ գրավեց այստեղի մթնոլորտը։ Հասկացա, որ դա է իմը։
–Հաճելի արտաքին ունես։ Ի՞նչ ես կարծում, որքանո՞վ է դա նպաստումհեռուստատեսությունում հայտնվելուն։
–Կարծում եմ` դա ազդում է, որովհետև շատ հեռուստադիտողներ արտաքնապես են դատում։ Սակայն եթե հաջողությունը վերագրում են բացառապես արտաքինին, վիրավորական է դերասանի համար։
–Թե՛ քո դասախոս Նազենի Հովհաննիսյանը, թե՛ «Կայարանի» ռեժիսոր Ելենա Արշակյանը բավականին լավ են արտահայտվել քո մասնագիտական կարողությունների մասին` նշելով, որ կարող ես լավ ապագա ունենալ, եթե չդադարես աշխատել քեզ վրա։ Սերիալի ծանրաբեռնված գրաֆիկը թույլ տալի՞ս է աշխատել քեզ վրա։
–Իրականում, շատ դժվար է, որովհետև գեղարվեստական ֆիլմում նախապատրաստական փուլ ես անցնում մինչև դերդ խաղալը։ Սերիալում այդ հնարավորությունը չկա, քանի որ ժամանակի խնդիր կա, միանգամից պետք է նկարահանվես։ Շատ դժվար է այդ ձևաչափում աշխատել քեզ վրա, սակայն սերիալն էլ իր դրական կողմն ունի։ Այն երկար է տևում, և դու ակամայից սկսում ես աշխատել քեզ վրա։ Ես հիմա տեսնում եմ իմ աճը, սակայն դերասանը պետք է միշտ աշխատի իր վրա կարևոր չէ` քանի տարեկան է։ Այն պահին, երբ դերասանն ասաց` վերջ, ես կայացած դերասան եմ, ամեն ինչ վերջանում է։
–Նկարահանման հրապարակում հայտնվեցիր ընկերոջդ` Վարուժանի հետ։ Օտար միջավայրում հարազատ մարդու ներկայությունն ինչքանո՞վ օգնեց քեզ։
–Դա, միանշանակ, օգնում էր։ Հատկապես սկզբի սերիաներում շատ էինք նկարահանվում իրար հետ։ Հիմա այդքան էլ շատ տեսարաններ չունենք միասին, բայց արդեն երկուսս էլ վարժվել ենք։
–Խորհուրդներով հաճա՞խ էիք օգնում իրար։
–Այո։ Ինքն ինձանից մի փոքր փորձված էր, դեր էր ունեցել «Կյանք ու կռիվ 2»–ում, սակայն եթե ես ինչ–որ բան էի նկատում, ասում էի։ Այդ պարագայում մենք իրար համար երրորդ աչք ենք և էական չէ` ես իր ընկերուհին եմ, կուրսընկերն եմ, թե ով։
–Ե՞րբ սկսվեց քո և Վարուժանի ընկերությունը։ Եթե չեմ սխալվում, նա ուշ է միացել ձերկուրսին, քանի որ ծառայում էր Արցախում։ Միանգամի՞ց մտերմացաք։
–Ինքն առաջին կուրսի վերջում է եկել։ Միանշանակ, դա սեր չէր առաջին հայացքից։ Հիմա պատմում է, որ սկզբում մտածել է` տարօրինակ եմ, անընդհատ դեպրեսիայի մեջ։ Այդ փուլում ընտանեկան խնդիր ունեի, տխուր էի։ Ամեն ինչ սկսվեց դպրոցի թեմայից։ Շատ, հանկարծակի, պարզեցինք, որ նույն դպրոցից ենք եղել։
–Իսկ դու իր մասին ի՞նչ էիր մտածում։
–Ես շատ նեյտրալ էի վերաբերում, որովհետև ուրիշ մտահոգությունների մեջ էի։ Ինձ մեկ էր` ով եկավ, ով գնաց։
Ամբողջությամբ՝ life.tert.am