Պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին քայլելու համար մեծ ջանքեր են պետք։ Բակից տուն դառնալը մեծ դժվարություն է։ 2011-ին Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայության է մտել։ Ամեն ինչ սկսվեց մեկ տարի անց, երբ աղիքային բորբոքում ստացած Դավիթը հայտնվեց Մուրացանի հոսպիտալում։
«Չեմ հիշում ոնց են ինձ առաջին վիրահատությունն արել, առաջին վիրահատությունն ինչ–որսխալ ա եղել, երկրորդն են արել, երկրորդից հետո ընկել եմ կոմայի մեջ ու սենց վիճակ առաջացել մոտս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Դավիթ Հակոբյանը։
Նա 28 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ 2006-2008 թվականներին Արցախում սահմանային զորամասում է ծառայել։ Առողջական խնդիրներ չի ունեցել նաև պայմանագրային զինծառայության մտնելիս։ Մուրացանի բժիշկները հեռացրել են Դավիթի աղիքը, ինչից հետո նա անշարժացել է՝ քայլելը դարձել է գրեթե անհնարին։
«Էս ամեն ինչը առաջացել է կոնկրետ վիրահատության հետևանքներից, սաղ սխալ է եղել, էդ մարդը չգիտեմ ինչ ձև է արել վիրահատությունը, բժշկին նկատի ունեմ՝ Տոնոյան Գագիկին»,- պատմում է նա։
Ոտքն սկսել է գետնին դնել Կարմիր խաչի հիվանդանոցում բուժվելու արդյունքում։ Սկզբում ՊՆ-ն ցանկացել է զինծառայողի բուժումը Գերմանիայում կազմակերպել՝ անգամ կանչել են Մուրացանի հոսպիտալ, անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել. «Մի շաբաթ հետո ինձ ասեցին, որ չենք ուղարկում՝ առանց պատճառն ասելու»։
Պաշտպանական գերատեսչության անգործությունից հուսալքված Դավիթը երկու տարի առաջ կտրուկ քայլի է դիմել։ Օրեցօր վատթարացող առողջական վիճակի մասին հիշեցնելու համար զանգել է ոստիկանություն, հայտնելով, որ Բաղրամյան 26-ում, ՊՆ Սեյրան Օհանյանի գրասենյակում, Մուրացան հոսպիտալում ռումբ կա։ «Տենց արել եմ, որ ուշադրություն դարձնեն, ես ասեմ, բացատրեմ, որ ես էս վիճակում մնալուց չեմ բուժվում»։
Բուժումն արտերկրում կազմակերպելու փոխարեն ուղարկել են բանտ, որտեղ 16 ամիս է անցկացրել։ 6 ամիս է՝ ինչ ազատության մեջ է։ Բանտից դուրս գալուց հետո ՊՆ Վիգեն Սարգսյանին 4 նամակ է ուղարկել, ուղղակի պատասխան չի ստացել։
«Նոր նախարարը ասում ա ինձ տեղյակ պահեն, որ ոչ օգնելու է ինձ բուժման հարցով, ոչ էլ ընդհանրապես՝ օգնելու է։ Ֆինանսի խնդիր չի, որ ինձ թողեն էս վիճակում գնալով ավելի բարդանա։ Եթե մարդիկ նպատակ են դրել, որ մահանամ, ես էլ չեմ ուզում մահանալ»։
«Ինչի՞, պարտադիր պետք է մարդ իր թշնամուց վիրավորվի, իսկ եթե կոնկրետ իր հայրենակիցն է իրեն ավելի վատ վիճակի մեջ գցում, դրան ոչ մի ուշադրություն չկա։ Ես ուրախ կլինեի ինձ թշնամին խփեր էս վիճակի մեջ ընկնեի ես կիմանայի՝ ինչի եմ ընկել էս վիճակի մեջ»։
Սեփական միջոցներով ընտանիքը չի կարող Դավիթի առողջությունը վերականգնել։ Արդեն 6 տարի առաջին կարգի հաշմանդամություն ունեցող որդու խնամքը հոգալու համար տան ունեցվածքն են վաճառքի դրել։ Բայց այլևս վաճառելու բան չի մնացել։ Գումար չկա ու չեն կարողանում դեղեր առնել, ինչի պատճառով իսկ առողջականն օրերցօր վատթարանում է։
«Դրա հետևանքով ոսկորս արդեն երևում է, էլ սնուցում չկա, գնալով մաշվում է ձեռքս, ոտքս, գնալով հասնում է ոսկորիս»։
Դավիթը մերժել է 70 000 դրամով Արմավիրի զորամաս աշխատանքի մտնելու նախարարի առաջարկը։ Առաջարկված աշխատավարձը կբավարարի միայն ճանապարհածախսին։
Դավիթը պաշտպանության նախարարից ընդունելություն է հայցում, վստահ է, երբ նախարարն իրեն լսի՝ միտքը կփոխի։ Դավիթին բուժելու համար ծնողները դիմել են հայաստանյան բուժհիմնարկներին։ Մասնագետները միաբերան պնդում են՝ նախկին զինծառայողի առողջությունը հնարավոր կլինի արտասահմանում վերականգնել. այստեղ սարքավորումներ չկան։ Դավիթին անհասականալի է օրենքի դրույթը, ըստ որի՝ պետությունը միայն հակառակորդի գնդակից վիրավորվածների բուժումն է արտերկրում կազմակերպում։