Մինսկում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի միանգամից չորս ներկայացուցիչ լրացրել է միջազգային գրոսմայստերի նորմը: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Հայկ Մարտիրոսյանը լավագույն արդյունքն է ցույց տվեց 18 տարեկան մասնակիցների մեջ, իսկ Արամ Հակոբյանը երկրորդն էր: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմայստերի չորրորդ նորմն է:
Հայկը նաև զգալիորեն բարելավել է իր վարկանիշը և հոկտեմբերին ՖԻԴԵ-ի առաջիկա համաժողովում պատվավոր կոչումը կշնորհվի նրան: Հայ շախմատի պատմության մեջ սա երկրորդ արդյունքն է:
Ավելի վաղ տարիքում Հայաստանում գրոսմեյստերի կոչմանն արժանացել է միայն Սամվել Տեր-Սահակյանը (15 տարեկան): 20-ամյա Արման Միքայելյանն արդեն երրորդ անգամ է լրացնում գրոսմայստերի նորմը: Որպեսզի ստանա այդ կոչումը, նրան մնում է միայն բարձրացնել իր վարկանիշը 20 կետով` հասցնելով այն 2500-ի:
Միքայելյանը Մինսկում մրցանակային տեղ նվաճելու լավ հնարավորություններ ուներ, բայց վերջին երկու պարտիաներում կրած պարտությունները թույլ չտվեցին նրան անգամ Աշխարհի գավաթի ուղեգիր նվաճել:
15-ամյա Արթուր Դավթյանը կարողացավ առաջին անգամ լրացնել գրոսմայստերի նորմը: Ունենալով 2216 վարկանիշ` նրան հաջողվեց հաղթել իսրայելցի գրոսմայստեր Իյլա Սմիրինին (2676):