Հանքարդյունաբերական հումքի արտահանումը. ampop.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հանքարդյունաբերական հումքի արտահանումը. ampop.am

Տարիներ շարունակ Հայաստանից արտահանվող ապրանքների շարքում շուրջ 70%-ը բաժին է ընկնում հիմնականում 4 ապրանքախմբերի: Այստեղ ամենամեծ մասնաբաժինը հասնում է հատկապես հանքահումքային արտադրանքին: Սույն հոդվածը միտված է բացահայտելու արտահանման մեջ հանքամթերքի ծավալների շարժը և միտումները:

Իրավիճակ

Արտահանումը տնտեսության զարգացվածության մակարդակը բնորոշող կարևոր բաղկացուցիչներից է, և վերջինիս ապրանքային կառուցվածքը ցույց է տալիս, թե երկիրը որ ոլորտների հաշվին է ապահովում արտաքին առևտրաշրջանառությունը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2016թ.: Այն կազմել է 1մլրդ 782 մլն դոլար` 2015թ. համեմատ գրանցելով 20% աճ կամ ավելանալով 300 մլն դոլարով:

Արտահանման ընդհանուր տեսակարար կշռի շուրջ 69%-ը կամ 1մլրդ 224 մլն դոլարը բաժին է ընկել «Հանքահումքային արտադրանք», «Պատրաստի սննդամթերք», «Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ» և «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբերին: Իսկ սա փաստում է արտահանման կենտրոնացվածության բարձր մակարդակի մասին: Եթե հաշվի առնենք, որ տվյալ 4 ապրանքախմբերից 3-ն ուղղակի կամ անուղղակի կապված են հանքարդյունաբերության ոլորտի հետ, ստացվում է, որ հանքահումքային արտադրանքի ծավալը կազմում է ընդհանուր արտահանման կեսից ավելին:

Արտահանվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ մասնաբաժինն ունի պղինձը: Հայաստանից արտահանվում է երեք տեսակի պղինձ՝  պղնձի խտանյութ,  չզտած պղինձ և պղնձի ջարդոն: Պղնձի արտահանումը Հայաստանում տարեցտարի աճող դինամիկա է արձանագրում: Առաջիկայում այն կրկին կունենա դրական միտում՝ հաշվի առնելով թե՛ գործող հանքավայրերի ակտիվ շահագործումը, թե՛ միջազգային շուկայում պղնձի չնվազող պահանջարկը:

Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքատեսակի՝ պղնձի խտանյութի արտահանումը 2007-2016թթ. աճել է 4 անգամ, միևնույն ժամանակ արտահանման տեսակարար կշռում պղնձի (խտանյութ, չզտած և պղնձի ջարդոն) արտահանումը 14%-ից հասել է 24-26%-ի: Նույն ժամանակահատվածում չզտած պղնձի և պղնձի ջարդոնի արտահանման ծավալները մնացել են գրեթե նույնը: Պղնձի խտանյութի արտահանումը 2007թ. համեմատ 2016թ․ աճել է ավելի քան 6 անգամ՝ 61 հազար տոննայից ՝ հասնելով 389 հազար տոննայի:

2007-ից 2008թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պղնձի գները միջազգային շուկայում մեկ տոննայի դիմաց 5600 դոլարից աճել են մինչև 7000 դոլար, այնուհետև, կապված միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, կտրուկ նվազել են մինչև 3000 դոլար: Գները սկսել են վերականգնվել 2009թ. երկրորդ կիսամյակից՝ հասնելով նախաճգնաժամային մակարդակի, իսկ 2011թ. արձանագրել են մինչև 9800 դոլարի աճ: Ներկայումս (2017 հունիս) Լոնդոնի միջազգային շուկայում պղնձի մեկ տոննան սակարկվում է 5540 դոլարով: Պղնձի միջազգային գների փոփոխության վրա ամենամեծ ազդեցությունն ունենում են աշխարհում պղնձի ամենամեծ սպառողի՝ Չինաստանի ներմուծման վարքագիծը և տնտեսական աճի տեմպերը:

Ամենևին պատահական չէ, որ հայկական պղնձի ամենամեծ ներմուծողը հենց Չինաստանն է: 2015թ. Հայաստանից Չինաստան արտահանվել է շուրջ 164 մլն դոլարի հանքաքար, որի առյուծի բաժինը (139 մլն դոլարը) ունի հենց պղնձի խտանյութը: Պղնձի ներմուծմամբ երկրորդ տեղում է Բուլղարիան (78.5 մլն դոլար), երրորդ տեղում՝ Վրաստանը (40 մլն դոլար): Հայաստանից  պղնձի խտանյութի, չզտած պղնձի և ջարդոնի ավելի փոքր խմբաքանակ են ներկրում նաև Ռումինիան, Շվեյցարիան, Գերմանիան:

2015թ. Ռուսաստանի տնտեսությունում անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանի ընդհանուր արտահանումը կրճատվել էր 4%-ով: Իսկ ընդհանուր առմամբ արտահանման ցուցանիշը վերջին 10 տարիներին ավելացել է 1.5 անգամ:

Հանքահումքային մթերքների արտահանման կառուցվածքում շոշափելի մասնաբաժին ունի նաև ցինկի, մոլիբդենի և թանկարժեք մետաղների հանքաքարերի արտահանումը: 2016թ. արտահանվել են 5.8 մլն դոլարի մոլիբդենի, 9.6 մլն դոլարի ցինկի և 33 մլն դոլարի թանկարժեք մետաղների հանքաքարեր:

Թանկարժեք մետաղներից 2015թ. արտահանվել է 97 մլն դոլար արժողությամբ անմշակ, կիսամշակ ոսկի և ոսկու փոշի: Նույն թվականին արտահանվել են 22 մլն դոլարի ոսկերչական իրեր: