Հանգստյան այս սեզոնին, երբ Հայաստանից Եվրոպա մարդկանց հոսքը սկսում է ավելանալ, ու շատերը շտապում են Հին աշխարհ՝ վայելելու իրենց հանգիստը, ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատների հետ շփումներն ակտիվանում են: Ցավոք, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, ՀՀ քաղաքացիները, փորձելով մեկնել եվրոպական առանձին երկրներ, դեսպանատներում բախվում են այնպիսի խոչընդոտների, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում մարդկային բանականության սահմաններում:
Այսպես՝ ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրությունը քաղաքացիներից ահազանգեր է ստանում` հատկապես կապված Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ստեղծած արհեստական խոչընդոտների հետ:
Բանն այն է, որ ՀՀ քաղաքացին, երբ փորձում է մտնել դեսպանատուն` վիզա ստանալու համար համապատասխան դիմում հանձնելու, ասել է թե` հարցազրույցի, ստիպված է լինում ավելին քանի երկու ամիս սպասել, այն պարագայում, երբ այլ երկրների դեսպանատների պարագայում այդ պրոցեսը բավականին կարճ է տևում:
Արդյունքում ոչ միայն մարդիկ զրկվում են ասենք իրենց ամառային հանգիստը Գերմանիայում անցկացնելու կամ այնտեղ բնակվող հարազատներին տեսակցելու իրենց բնական իրավունքից, այլև չեն կարողանում նույնիսկ գործնական նպատակով մեկնել Գերմանիա՝ դառնալով, ըստ էության, խտրականության զոհ. չտեսնել այս ամենում դեսպանատան հստակ միտումը՝ հնարավորինս արհեստականորեն խոչընդոտելու հայաստանաբնակներին՝ այցելելու Գերմանիա, պարզապես, անհնարին է:
Հարց՝ ինչո՞ւմն է խնդիրը: Ենթադրելի է, որ այս ամենը պայմանավորված է գերմանական պետության քաղաքականությամբ՝ սահանափակելու անօրինական միգրանտների հոսքը երկիր. գերմանիայում լուրջ ճգնաժամ կա անօրինական միգրանտների հետ կապված, ուստի՝ ենթադրելի է, որ հենց այս խնդրի պատճառով է, որ հայաստանցիների նկատմամբ վարվում է նման քաղաքականություն: Արդյունքում, սակայն, այդ քաղաքականության զոհ են դառնում հատկապես օրինական հիմունքներով Գերմանիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, ինչը, բնականբար, ոչ մի կերպ արդարացված չես համարի:
Անկասկած է նաև, որ այս տհաճ երևույթի պատճառը Հայաստանի ԱԳՆ թերացումն է. փոխարենը սույն խնդրով զվաղվելու, փոխարենը կոնկրետ աշխատանքներ տանելու համապատասխան ուղղությամբ՝ այս պետական գերատեսչությունն առկա խնդիրը ուղղակի աչքաթող է արել: Նախարարությունը գերմանացիներին պետք է բացատրի, որ Հայաստանում միայն Գերմանիա ապօրինի հիմունքներով արտագաղթելու նպատակ ունեցողները չեն, որ դիմում են այդ երկրի դեսպանատուն ու փորձում անցնել այդ երկիր: ԱԳՆ պատասխանատուներին, սակայն, կարծես այնքան էլ այս ամենը չի հուզում… Ինչո՞ւ: