Այսօր կյանքին հրաժեշտ է տվել ԵՀՄՖ-ի նախագահության անդամ, Սլովակիայի հայկական համայնքի փոխնախագահ, տաղանդավոր երաժիշտ և փայլուն դաշնակահարուհի Հասմիկ Հրաչյաի Գաբրիելյանը:
Նա ծնվել էր Գյումրիում 1955 թ. նոյեմբերի 27-ին: Ավարտել էր Երևանի Պետական Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը:
Համերգներով հանդես էր եկել Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Պրահայում, Բրատիսլավայում և այլ եվրոպական կենտրոններում:
Համարվում էր Յ.Ս. Բախի անզուգական մեկնաբան: Միջին Եվրոպայի երկրներում հանդես էր գալիս համերգներով՝ ծրագրում պրոպագանդելով հայ դասականների գործերը:
Հատկապես հիանալի մեկնաբանությամբ ներկայացնում էր Ա. Խաչատրյանի, Ալ. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի և այլոց հայտնի գործերը:
Հասմիկ Գաբրիելյանի համերգները վերածվում էին հայ մշակույթի կարևորագույն իրադարձությունների: Այդ համերգների և մշակութային միջոցառումների շնորհիվ Սլովակիայի պառլամենտի և կառավարության մեծ մասը ծանոթացավ հայոց ցեղասպանության փաստի հետ:
Հասմիկ Գաբրիելյանը մեկն էր, որ իր ամուսնու՝ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողքին անմնացորդ պայքարեց հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար. 2004 թ. նոյեմբերին այդ պայքարն ավարտվեց փայլուն հաղթանակով և Սլովակիայի ԱԽ-ը հաստատեց հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը:
Հասմիկ Գաբրիելյանը մասնակից է եղել հայ դատի շուրջ մղվող ողջ անցուդարձին:
Ծնել և դաստիարակել է երկու հայրենասեր դուստրերին՝ Անի և Տաթևիկ Գրիգորյաններին, որոնք ստացել են փայլուն իրավաբանական կրթություն Անգլիայի ամենահեղինակավոր համալսարաններում:
Մինչև վերջին պահը տիկին Գաբրիելյանը ապրում էր Հայաստանի խնդիրներով և անմնացորդ օգնում իր հայրենիքին: Նրան ճանաչողները զարմանում էին նրա մարդկության նկատմամբ ունեցած անսահման սիրո, անհավատալի բարության, չափեր չունեցող ներողամտության և բարձր մարդկային հատկությունների վրա:
Նրա կորուստը անվերականգնելի է և ապրած կյանքը բացառիկ օրինակ սերունդների համար:
Նրա հիշատակը կմնա պայծառ բոլորիս սրտում:
ԵՀՄՖ-ի նախագահություն