Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին:
Հիշեցնենք` Խարկովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճեց միայն Հովհաննես Բաչկովը` դառնալով Եվրոպայի չեմպիոն:
– Հավաքականի տղաներից հատկապես Կարեն Տոնականյանը ևս մոտ էր մեդալ նվաճելուն: Ի՞նչ կասեք նրա և մեր մյուս մարզիկների ելույթների մասին:
– Ավելի լավ է 1 ոսկե մեդալ նվաճել, քան` 15 արծաթ կամ բրոնզ: Մենք մեր ծրագիրը կատարել ենք: Ինչ վերաբերում է ուրիշ մեդալներ նվաճելու հավանականությանը, դա ուրիշ խոսակցություն է: Երևի` հետո կանդրադառնանք: Այսպիսի մրցաշարերում մեդալներ նվաճելն ու տեղաշարժվելը պետք է այլ տեսանկյունից դիտել: Ուղիղ նայելով չէ: Փոքր երկիր ենք, մեր հնարավորությունները սահմանափակ ենք:
– Եվրոպայի առաջնությունում խաղարկվում են աշխարհի առաջնության ուղեգրեր: Կա՞ն այլ մրցաշարեր, որոնց մասնակցելով` մեր բռնցքամարտիկները կարող են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
– Գիտեք` ժամանակը շատ քիչ է: Իմ խորը համոզմամբ այդ մրցույթների հաջորդականությունը` Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնություն, դիլետանտներ են կազմել, ոչ պրոֆեսիոնալներ: Այս ծանր առաջնությունից ընդամենը 1.5 ամիս անց պետք է մասնակցենք աշխարհի առաջնությանը: Այնպես որ, չկան վարկանիշային այլ մրցաշարեր: Այս պահին մենք երկու մասնակից ունենք` Կարեն Տոնականյանն ու Հովհաննես Բաչկովը:
Կարծում եմ` կհամագործակցենք ֆեդերացիայի նախագահի հետ և կդիմենք EUBC, քանի որ Նարեկ Մանասյանին շատ «նեղացրին»: Մեզ էլ` նրա հետ միասին: Գուցե` կարողանանք արտահերթ կարգով նրան էլ աշխարհի առաջնության մասնակից դարձնել:
– Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը մասնակցում են պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարերի: Նրանց մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ ծրագրեր կան:
– Ավելացնենք նաև Գոռ Երիցյանի անունը …երեքն են: Օգոստոսի 4-ին Սոչիում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաջորդ շոուն: Կմասնակցեն Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը` 8-ական ռաուդներում, և Գոռ Երիցյանը` կարծում եմ 6 ռաունդ: Պրոֆեսիոնալ մրցումները բոլորովին այլ են: Կարծում եմ` ամեն ինչ կընթանա ճիշտ ճանապարհով:
– Պարոն Թորսյան, հավաքականն ինչպե՞ս է նախապատրաստվելու աշխարհի առաջնությանը: Ի՞նչ հավաքներ եք մտադիր անցկացնել:
– Նշեցի, որ այս մրցումների կազմակերպիչները սիրողական մոտեցում են ցուցաբերել: Նվազագույնը մեկ ամիս է անհրաժեշտ հանգստանալու և վերականգնվելու համար, բայց միանգամից սկսվում է աշխարհի առաջնությունը: Օրինակ, Բաչկովին նվազագույնը 4 շաբաթ է անհրաժեշտ հանգստանալու համար, բայց նրան պետք է «գյամենք», որպեսզի հասցնի: Ամեն դեպքում, պետք է ենթարկվենք այդ օրենքներին, դա է դժվարությունը:
Երկու մասից բաղկացած կլինի մեր հավաքը: Նախապատրաստությունը կանցկացնենք օլիմպավանում: Հիանալի պայմաններ են: Կխնդրեմ Օլիմպիական կոմիտեի ղեկավարներին հնարավորություն ընձեռել ոչ միայն մեր հավաքները, այլև` բոլոր մարզումներն անցկացնել օլիմպավանի այդ չքնաղ դահլիճում: Մեր հաջողությունների գրավականը նաև դա է: Այդ դեպքում, կարծում եմ` արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա:
– Մեկ հարց էլ կապված Անուշ Գրիգորյանի հետ: Հետագայում մրցաշարերի մասնակցելու՞ է, մարզվու՞մ է:
– Անուշ Գրիգորյանը որոշ ժամանակով հեռացավ բռնցքամարտից: Հետո կապ հաստատեց ինձ հետ: Ճիշտն ասած` ես շատ չեզոք մոտեցում դրսևորեցի: Բայց վերադառնալու նրա ցանկությունը չափազանց մեծ էր: Հանդիպեցինք: Ես նրան իր իսկ ցանկությամբ վերցրի հավաքի: Անկասկած, շնորհալի երիտասարդ աղջիկ է: Նրա գերխնդիրը ոչ միայն սիրողականում, այլև` պրոֆեսիոնալ բռնցքամարտում մասնակցելն է: Ես նրան միշտ կվերցնեմ հավաքի և կօգնեմ նրան:
– Որպես մարզիչ` ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ Հովհաննես Բաչկովը ցանկանում է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Խրախուսու՞մ եք նրա այդ որոշումը:
– Ես բազմիցս ասել եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտով մենք այլ դուռ ենք բացում, այլ խոսակցություն ենք տանում: Բայց քանի որ այսօր AIBA-ն սիրողական բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ բռնցքամարտում մենամարտելու հնարավորություն է ընձեռել, ինչպես դա արեց Նարեկ Աբգարյանը, բայց համենայն դեպս, եթե Բաչկովը տեղափոխվի պրոֆեսիոնալ բռնցքամարտ, նույն հաջողությամբ կարող է մասնակցել նաև օլիմպիական խաղերին և մնացած առաջնություններին:
Բայց այստեղ մի բարդություն կա: Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելով` նրանք, անկախ իրենց կամքից, հեռանում են սիրողականից:
– Նշեցիք, որ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ժամանակը կարճ է: Բայց չէ՞ որ եվրոպական բոլոր երկրների մարզիկների մոտ կա այդ խնդիրը: Գուցե` այդ տրամաբանությամբ Ասիայի և Ամերիկայի ներկայացուցիչներն ավելի՞ շահեկան վիճակում են գտնվում:
– Օրինակ Բաչկովի քաշային կարգում մասնակցում էին օլիմպիական երկու մրցանակակիրներ: Այս քաշում աշխարհի հիմնական զինանոցն այստեղ էր հավաքված: Նրանք բոլորն էլ պարտվեցին: Ադրբեջանը ներկայացնող կուբացինխայտառակ պարտություն կրեց լեհ մարզիկից, որին Բաչկովը կիսաեզրափակչում ջախջախեց:Պետրաուսկասը, որն անցած օլիմպիական խաղերի մրցանակակիր էր, 3-րդ տեղը զբաղեցրեց: Սա շատ հզոր քաշ էր, ու ուժեղագույնները հենց Եվրոպան են ներկայացնում: Ամեն դեպքում, բռնցքամարտը շատ անկանխատեսելի մարզաձև է, որտեղ շատ կարևոր է նաև հոգեբանական գործոնը: Այս առիթով, կցանկանամ շնորհակալություն հայտնել այն թիմին, որը մեզ հետ աշխատում էր հենց հոգեբանության վրա:
armsport.am