Life.panorama.am-ի զրուցակիցն է երգչուհի Աննա Խաչատրյանը:
– Աննա, նախ ուզում եմ հետաքրքրվել՝ առաջիկայում Ձեր երկրպագուներին նորություններ սպասվո՞ւմ են, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանք չեք ներկայացրել:
– Այո, շուտով կլինի նոր տեսահոլովակ, բայց ժամկետներ կխուսափեմ նշել: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, հավանաբար նկարահանումները շուտով կսկսվեն: Ամեն ինչ անում եմ՝ գեղեցիկ աշխատանք ստանալու համար, երգը շատ լավն է, որը, հուսամ, կսիրվի հանդիսատեսի կողմից:
– Ձեր պարագայում որքան էլ երկար լինեն էկրանային դադարները, միեւնույն է, չեք մոռացվում: Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր այդ հաջողությունը:
– Ընդհանուր առմամբ չգիտեմ այս հարցի պատասխանը, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում այդ առումով: Այո, տեսահոլովակներ ուշ-ուշ եմ նկարահանում, բայց ասպարեզում ժամանակ առ ժամանակ երեւում եմ եւ գուցե դա էլ նշանակութուն ունի: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մարդիկ ինձ սիրում են ու չեն մոռանում՝ անկախ նոր աշխատանքների քանակից:
– Աննա, շատերը կարծում են, թե տեսահոլովակները արտիստի համար պարտադիր են, ոմանք էլ՝ հակադրվում են՝ բերելով համաշխարահային օրինակներ: Հետաքրքիր է՝ այս առումով ի՞նչ կարծիք ունեք:
– Սա դժվար հարց է, որովհետեւ կան արտիստներ, որոնց պարագայում դա պարտադիր է, կան արտիստներ էլ, որոնց համար տեսահոլովակի առկայությունը ոչինչ չի փոխում: Կոնկրետ ես նոր աշխատանք եմ ներկայացնում, երբ գտնում եմ ինձ համար ինչ-որ իմաստով, արժեքավոր երաժշտական նյութ, որը 15 րոպե անց չի մոռացվի: Օրինակ՝ «Բաղմանչի» տեսահոլովակը ներկայացրել եմ երկու տարի առաջ, բայց առ այսօր այն հանդիսատեսն ինձ հետ երգում է:
– Կարծիքները երկու մասի են բաժնված նաեւ տեսահոլովակի բյուջեի հետ կապված: Ոմանք պնդում են, որ լավ գաղափարը կարելի է իրականացնել անգամ հեռախոսով նկարելով, ոմանք էլ հակադարձում են, թե որակյալ տեսահոլովակի համար մեծ բյուջե է հարկավոր: Դուք այս կարծիքների, ո՞ր հատվածին եք սատարում:
– Իհարկե, եթե ունես մեծ բյուջե, կարող ես շատ ավելի գունեղ ու մասշտաբային տեսահոլովակ նկարահանել: Բյուջեն հեշտացնում է գործդ, բայց նաեւ պակաս կարեւոր չէ լավ գաղափարը, որովհետեւ, եթե երգը լավն է, իսկ տեսահոլովակը՝ վատը, ապա երգը հաստատ տուժում է: Հարկավոր է գտնել ոսկե միջինը:
– Աննա, ուզում եմ լսել հայկական երգարվեստի այսօրվա պատկերի վերաբերյալ Ձեր կարծիքը:
– Այսօր մեր երգարվեստում նորաթուխ երգիչներն այնքան շատ են, որ ես, լինելով գործող երգչուհի, իրենց ուղիղ կեսին չեմ ճանաչում: Թող ինձ ներեն նրանք, բայց անորակությունը, անճաշակությունն ու աղբը այնքան շատ է, որ որակյալ երեխեքն անգամ կորում են նրանց մեջ: Ոմանց բախտը բերում է եւ ինչ-որ բաների հաշվին առանձնանում են այդ ամենից, բայց ոմանց բախտն էլ ուղղակի չի բերում: Վատ ֆոնը այնքան մեծ է, որ մարդիկ չեն էլ ուզում փնտրեն ու լավը տեսնեն:
– Նրանք Ձեզ որեւէ կերպ խանգարո՞ւմ են, կամ հիասթափությունների պատճառ դառնում:
– Հիասթափություններ միշտ էլ լինում են: Փաստը մնում է փաստ, որ անորակ ու իրենցից ոչինչ չներկայացնող երգիչներն այնքան շատ են, որ նրանք ֆինանսապես մեծ վնաս են հասցնում կայացած ու արդեն իրենց գինն իմացող երգիչներին: Կայացած երգիչը թանկ հաճույք է, իսկ մնացածը՝ ոչ այնքան: Արդյունքում կազմակերպիչները կամ ռեստորան-ակումբների գործատուները գումար քիչ ծախսելու նպատակով ընտրում ու հրավիրում են անորակ երգիչների՝ սեփական խնայողությունների համար: Իհարկե, անպայման գալիս է մի ժամանակ, երբ նրանք էլ հասկանում են որակի իմաստը ու կայացած երգիչների են հրավիրում, բայց, միեւնույն է, այդ խնդիրը կա: Ցավոք, անորակ երգիչները քանակային առավելություն ունեն կայացած երգիչների նկատմամբ:
– Ձեզ փորձեցիք դերասանական արվեստում, որը, կարծես թե, հաջողեց: Նոր առաջարկներ ունե՞ք:
– Ոչ, նոր առաջարկներ չկան, քանի որ ամռանը ավելի պասիվ է այդ ոլորտը: Ինձ դուր եկավ այդ աշխատանքը, եւ հուսամ, որ նոր եթերաշրջանում հրավերներ կունենամ:
– Աննա, կերպար կերտելիս դժվարություններ չեղա՞ն:
– Բնականաբար, դժվարություններ կան, քանի որ սա նոր տեսակի աշխատանք է, բայց ես կարողանում եմ իմ առջեւ դրված խնդիրները հաղթահարել: Ես կարողացա հեշտությամբ յուրացնել ու ներկայացնել դերասանական արվեստը:
– Որպես դերասանուհի՝ ինչ արձագանքներ եք լսել:
– Արձագանքները եւ դրական են, եւ բացասական, որոնք հիմնականում կապված էր հերոսուհուս հետ, շատերը սկսեցին անգամ ինձ նույնացնել կերտածս բացասական կերպարի հետ, բայց ես որեւէ կապ չունեմ իմ հերոսուհու հետ: Ոմանք անգամ չէին հասկացել, որ ես եմ խաղում, բայց յուրաքանչյուր կարծիքի ադեկվատ եմ վերաբերվում:
– Հաճախ հնչում է՝ «Թող ամեն մեկն իր գործով զբաղվի» կոչը: Չե՞ք վախենում, որ այն Ձեր հասցեին էլ կարող է հնչել:
– Ես համամիտ եմ այդ խոսքի հետ, բայց եթե ամեն մեկն իր գործով զբաղվի, ուրեմն մեր հանրապետությունում հաշված քանակի երգիչներ պետք է լինեն: Երբ այդ բոլոր մարդիկ կզբաղվեն իրենց գործով, ես էլ կզբաղվեմ միայն երգելով: