Եթե ոմանց թվում է, թե բանկիրի մասնագիտությունը, ողջ օրը թվերի հետ գործ ունենալն անհետաքրքիր և հոգնեցնող զբաղմունք է, ապա Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի հետ մի քանի րոպե զրուցելը հաստատ կստիպի այլ կերպ մտածել։
Նա իր գործին մոտենում է ոչ պակաս ոգևորությամբ, քան ֆուտբոլիստը՝ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Ա. Օսիպյանին կարելի է համարել բանկային ոլորտի բժիշկ։ Իհարկե, նրա գործը ոչ թե «հիվանդ» բանկերի հետ է, այլ նոր մեկնարկած։ Նա օգնում է աճել, զարգանալ, ոտքի կանգնել… Երբ տեսնում է, որ «մանուկն» արդեն կարող է ինքնուրույն քայլել, բաց է թողնում և անցնում մեկ այլ «մանկան» զարգացմանը։
Զրուցելիս երբեք չես ասի, որ Աշոտ Օսիպյանը խիստ մարդ է։ Սակայն, իր իսկ խոսքերով, աշխատանքի մեջ ինքն այդպիսին է։ Ասում է՝ առանց խստապահանջության բանկային ոլորտում հաջողության չես հասնի։
Իհարկե, սա՝ աշխատանքում։ Իսկ աշխատանքից դուրս՝ ընտանիքին և ընկերներին նվիրված մարդ է։ Մինչև հիմա կապը պահպանում է անգամ դպրոցական ընկերների հետ, և ուրախությամբ հիշում է դպրոցական, ուսանողական տարիներն ու ընկերներին։
Իսկ ամենահետաքրքիրը, թերևս, այն է, որ Աշոտ Օսիպյանի կինը՝ Գայանեն, եղել է նրա ուսանողուհին, հետո՝ աշխատակցուհին։ Այնպես որ, խստությունը, ինչպես կյանքում ամեն ինչ, հարաբերական հասկացություն է…
– Ծնվել եմ 1968թ. Երևանում։ Ավարտել եմ Բելինսկու անվան դպրոցը։ Շատ եմ սիրել իմ դպրոցը, լավ կրթություն եմ ստացել։ Ավարտելուց հետո աշխատել եմ «Երևանշին» արտադրական միավորումում։ Ընդունվել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտի շինարարության էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ավարտել եմ արդեն Երևանի ճարտարապետաշինարարակական ինստիտուտը։
– Ինչպիսի՞ ուսանող եք եղել։
– Բավականին ակտիվ՝ ներգրավված տարբեր ուսանողական շարժումների մեջ։ Սկսած դպրոցից՝ ինձ վստահվել է շաբաթը մեկ ներկայացնել քաղաքական իրադրությունն աշխարհում։ Իսկ ինստիտուտում եղել եմ կոմսոմոլի և՛ քարտուղար, և՛ բյուրոյի անդամ. չեմ թաքցնում, որովհետև դա էլ էր դպրոց։ Անկեղծ ասած, երբեք չեմ ձգտել գերազանցիկ լինել։ Թեև ինստիտուտում այնպես է ստացվել, որ գերազանցիկ եմ եղել և շատ լավ բազային կրթություն եմ ստացել, շնորհիվ իմ դասախոսների։ Մասնագիտությունս հետաքրքիր էր, որովհետև և՛ տեխնիկական կրթություն եմ ստացել, և՛ խորացված տնտեսագիտական։
– Իսկ աշխատանքային գործունեությո՞ւնը որտեղից եք սկսել։
– Դիպլոմային աշխատանքիս թեման եղել է՝ «Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությունը զարգացող երկրներում»։ Այդ աշխատանքի գրախոսականը և երաշխավորագիրը ստացա Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններից (այն ժամանակ դրանք առանձին կառույցներ էին)։ 1993թ. ինձ առաջարկեցին աշխատել Էկոնոմիկայի նախարարության Միջազգային կապերի վարչությունում։ Այդ ժամանակ ես աշխատում էի շինարարությունում և որոշում կայացրի մնալ շինարարությունում ու աշխատեցի այդ ոլորտում ևս մեկ տարի։
Հրավերք ունեի նաև Ֆինանսների նախարարությունից` զբաղվել արժեթղթերով։ Ինստիտուտում շատ լավ կրթություն էի ստացել արժեթղթերի շուկայի մասով, բավական գիտելիքներ ունեի այդ ոլորտում։ Հարցազրույց ունեցա այն ժամանակվա առաջին փոխնախարար Վահրամ Ավանեսյանի հետ։ Նա ինձ առաջարկեց զբաղվել կա՛մ շինարարության ֆինանսավորմամբ, կա՛մ արժեթղթերով։ Ես նախընտրեցի վերջինը, քանի որ արժեթղթերը նոր ոլորտ էր Հայաստանում, և 1994թ. սեպտեմբերին ընդունվեցի Ֆինանսների նախարարություն։ Դարձա Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացման ռեֆորմ կատարողների թիմի անդամներից մեկը։ Շատ մեծ հաճույքով եմ դա ասում, որովհետև մենք իսկապես ռեֆորմ էինք իրականացնում. մինչ այդ հայաստանյան շուկան չգիտեր մուրհակ, պարտատոմս հասկացությունները։
1995թ. նշանակվեցի Արժեթղթերի շուկայի վերահսկողության վարչության պետ, 1996թ.՝ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ։ Մեր վարչությունը զբաղվում էր առևտրային բանկերում պետական մասնակցության կառավարմամբ։ 1997թ. վերջին նշանակվեցի Ֆինանսական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 1998թ. ապրիլին տեղափոխվեցի Կենտրոնական բանկ՝ որպես նախագահի խորհրդական։ Հետո տեղափոխվեցի «Հայէկոնոմբանկ», որտեղ աշխատեցի մինչև 2006թ.:
– Ինչպե՞ս պատահեց, որ մասնավոր սեկտորից՝ «Հայէկոնոմբանկից» տեղափոխվեցիք Կենտրոնական բանկ, հետո նորից վերադարձաք մասնավոր, այս անգամ՝ Արարատբանկ։
– 2006-ին ես ինձ համար սկզբունքային որոշում կայացրի` հեռանալ բանկային համակարգից, գնալ դեպի կարգավորում, մեթոդաբանություն։ Գնացի ԿԲ։ ԿԲ նախագահի խորհրդական աշխատելու ընթացքում սկսեցի տարբեր առևտրային բանկերից առաջարկներ ստանալ՝ ղեկավարել այդ բանկերը։ Ես մտածում էի, անկեղծ ասած, այդքան չէի ուզում։ Բայց որոշ ժամանակ հետո հասկացա, որ կապված եմ բանկային համակարգի հետ, և ընդունեցի Արարատբանկը ղեկավարելու առաջարկը։
– Ինչո՞ւ հենց Արարատբանկը։
– Մենք բավական երկար բանակցում էինք սեփականատիրոջ հետ։ Ինձ համար կարևոր էր սեփականատիրոջ մոտեցումը բանկի զարգացման հարցերում և վերջնական նպատակը։ Ինձ դուր եկան մոտեցումները, բացի այդ, համընկան զարգացման սկզբունքները։ Ես ընդունեցի այդ հրավերքը։ Ինձ համար որպես մասնագետ շատ հետաքրքիր էր. նոր պրոյեկտ էր, և իմ ցանկությունն էր` այս նորաստեղծ բանկը դարձնել հանրապետության լավագույն բանկերից մեկը։
– Այսինքն, սա մարտահրավե՞ր էր։
– Այո։ «Հայէկոնոմբանկից» իմ դուրս գալը պայմանավորված էր նաև նրանով, որ այդտեղ ես իմ ծրագիրը վերջացրել էի և, կարծես թե, բավականին հաջող։ Արարատբանկի առաջարկն իրոք մարտահրավեր էր՝ կկարողանա՞մ արդյոք իրականացնել նոր ծրագիրը, թե՞ ոչ։ Ես ընդունեցի այդ մարտահրավերը, և ինձ համար այսօր շատ հետաքրքիր է։ Ես ապրում եմ այս գործընթացներով, յուրաքանչյուր հաջողություն ինձ համար մեծ ուրախություն է։
– Կարելի՞ է ենթադրել, որ երբ Արարատբանկը հասնի զարգացման մի որոշակի մակարդակի, դուք համարեք, որ կատարել եք ձեր ծրագիրը, տեղափոխվեք մի նոր ասպարեզ, ամեն ինչ նորից սկսեք։
– Ինձ թվում է՝ դա կյանքի նպատակն է, իմաստը։ Ես չեմ սիրում հանգիստ։ Ինձ համար կարևոր է ծրագիրը, ծրագրի լուծումը։ Խնդիրն ավարտելուց հետո նույն Արարատբանկում, բնական է, ինձ հետաքրքիր չի լինելու, և այդ ժամանակ կմտածեմ՝ ինչով զբաղվեմ։
– Այսինքն՝ անհանգիստ բնավորություն ունեք՝ նույն տեղում միշտ չեք աշխատի։
– Երբ ես «Հայէկոնոմբանկից» դուրս եկա, գործընկերներիցս մեկն ասաց՝ ես քեզ շատ եմ նմանեցնում «Ֆորդի» մենեջերին, որն ընդունեց հրավերքը և «Ֆորդը» դարձրեց լավագույն ընկերություններից մեկը։ Ինձ համար մեծ պատիվ է, երբ ինձ համեմատում են այդ մարդու հետ, բայց որոշ նմանություն իրոք կա. ինձ հրավիրում են որոշակի ծրագիր իրականացնելու, ծրագիրն իրականացնում եմ և անցնում ուրիշ ծրագրի։
– Ստացվում է՝ Դուք անընդհատ նոր մարտահրավերներ եք փնտրում, որ կյանքն ավելի հետաքրքիր դարձնեք։ Դա միայն աշխատանքո՞ւմ է արտահայտվում, թե՞ կյանքում էլ եք այդպիսին։
– Երևի՝ կյանքում էլ։ Շատերի համար, այդ թվում՝ ընկերներիս, զարմանալի էր «Հայէկոնոմբանկից» իմ դուրս գալը, որովհետև կարծես թե ոչ մի բան չէր խանգարում մնալ և մի քանի տարի ևս աշխատել, շարունակել զարգացումը։ Բայց ես ինձ համար սկզբունքային որոշում կայացրի, որ իմ ծրագիրն ավարտել եմ։ Այստեղ է դա զարմանալի թվում, բայց արևմտյան մենեջմենթում նորմալ, ընդունված երևույթ է։
– Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին։
– Հայրս եղել է շինարար։ Նա մեծ լումա ունի իմ դաստիարակության և որպես անձ՝ ձևավորմանս մեջ։ Մայրս մանկավարժ է, երկար տարիներ եղել է քիմիայի ուսուցչուհի։ Կինս՝ Գայանեն, իմ ուսանողուհին է եղել։ Նա էլ է տնտեսագետ շինարար։ Ունեմ երկու երեխա. աղջիկս՝ Մագդան (մորս անունն է) տասը տարեկան է, տղաս՝ Հովհաննեսը՝ 2.5 տարեկան։ Ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև մորական տատիկս ու պապիկս, որոնք նույնպես մանկավարժներ են եղել։
– Ինչպե՞ս եղավ, որ ձեր ուսանողուհին դարձավ ձեր կինը։
– 1995 թվականն էր, դասավանդում էի Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում։ Ընտրեցի չորս լավագույն ուսանողներին, որոնք պետք է ամռանը պրակտիկա անցնեին Ֆինանսների նախարարությունում։ Գայանեն այդ չորսի մեջ էր, այդ ժամանակ չորրորդ կուրսում էր սովորում։ Հետո այնպես ստացվեց, որ ձևավորվեցին որոշակի հարաբերություններ, իհարկե, ոչ միանգամից։ 1995-ի դեկտեմբերին եմ առաջին անգամ ցույց տվել զգացմունքներս։ Այդ տարվա ամանորյա արձակուրդս անցկացնում էի Մոսկվայում՝ բարեկամներիս մոտ, և ընկերներս իմ խնդրանքով բացակայությանս ժամանակ նրան ծաղկեփունջ էին նվիրել։ Դրանից հետո մեր հարաբերությունները կարծես հստակեցվեցին։ Մի օր զանգահարեցի աշխատանքի վայր, հարցրեցի՝ ի՞նչ կա-չկա, և Գայանեն ասաց՝ բոլորը հարցնում են` երբ եք գալու, մենք ձեզ կարոտել ենք։ Իր այդ ասածի մեջ ես մի բան զգացի և հասկացա, որ մեր զգացմունքները փոխադարձ են։ Ես նաև իր դիպլոմայինի ղեկավարն էի։ Երբ դիպլոմայինն ավարտեց, մենք ամուսնացանք։ Դա հունիսի 22-ին էր։ Անցյալ տարի մենք տոնեցինք մեր ամուսնության տասնամյակը։
– Իսկ ինչպիսի՞ն էին ձեր հարաբերություններն աշխատավայրում։
– Ինքը որպես լավագույն ուսանողուհի՝ ընդունվեց մեզ մոտ աշխատանքի։ Եվ երբ մեր հարաբերություններն արդեն հստակ էին, ես, անկեղծ ասած, ինձ վատ էի զգում. չէի ուզում իմ աշխատողի հետ նման հարաբերություն ունենալ։ Ընկերոջս՝ Տիգրան Դավթյանին (ով այդ ժամանակ Կենտրոնական բանկում Արժեթղթերի շուկայի վարչության պետն էր), ասացի՝ մի լավ աշխատող ունեմ, կխնդրեմ հետը զրուցես՝ աշխատանքի ընդունելու համար։ Հետո Գայանեին բացատրեցի, որ դա սխալ է, բիզնես էթիկայից դուրս է, երբ միևնույն վարչությունում մեր միջև նման հարաբերություններ լինեն։ Դավթյանը Գայանեի հետ զրուցեց, և, երբ ես զանգեցի, ասաց՝ փայլուն է։ Շատ ուրախացա իմ մեջ, որովհետև նրան ոչինչ չէի ասել մեր հարաբերությունների մասին։ Այդպես Գայանեին ընդունեցին աշխատանքի ԿԲ-ում։ Այսինքն, երբ մենք ամուսնացանք, կինս արդեն իմ աշխատողը չէր։
– Որքա՞ն է ձեր տարիքային տարբերությունը։
– Վեց տարի։
– Ո՞ր պահից սկսած նա սկսեց ձեզ դիմել ոչ թե՝ պրն Օսիպյան, այլ՝ անունով։
– Իր մոտ այդ անցումը շատ դժվար էր։ Թեև մենք երեկոյան հանդիպում էինք, գնում էինք սրճարան կամ մեկ այլ տեղ, ինքն այդ դասախոս-ուսանող, և ավելի շատ՝ ղեկավար-աշխատող արգելքը չէր կարողանում հաղթահարել։ Չէր կարողանում «պարոն Օսիպյանից» անցնել «Աշոտի»։ Հետո ես ասացի՝ խնդրում եմ, չի կարելի էդպես։ Դա ի վերջո անցավ։ Իմ համար էլ էր դժվար, որովհետև չէի էլ պատկերացնում, որ կամուսնանամ իմ ուսանողուհու հետ։ Բայց կյանքն այդպես ստացվեց։
– Շրջապատի բնութագրմամբ՝ դուք ի՞նչ բնավորության տեր մարդ եք։
– Ավելի ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել հենց շրջապատին։ Բայց կարող եմ ասել, որ աշխատանքի մեջ խիստ եմ, որովհետև դա է պահանջում այն ոլորտը, որտեղ ես աշխատում եմ։ Խիստ լինելուց բացի՝ պետք է զգայուն լինես բոլոր ազդակների նկատմամբ, որովհետև աշխատանքը կապված է ռիսկերի հետ, ռիսկերի կառավարման հետ, և խիստ չլինելը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել։ Կյանքում, ընդհանրապես, համբերատար եմ, ընկերասեր։ Շատ եմ սիրում իմ ընկերներին, ընտանիքս… Օրինակ, ավանդույթ ունենք՝ ամեն դեկտեմբերի 31-ին դասարանի ընկերներով հավաքվում և ճանապարհում ենք անցնող տարին։ Ուսանողական ընկերներիս հետ նույնպես շատ մոտ եմ։ Շատ եմ կարևորում այն, որ մեր ընկերությունը ձևավորվել է այն ժամանակ, երբ մենք եղել ենք անշահախնդիր, կյանքից բան չհասկացող երիտասարդներ (Թեև այն ժամանակ մեզ թվում էր, որ ամեն ինչ էլ հասկանում ենք)։
– Դուք հիմա էլ եք դասավանդում։ Ի՞նչ տարբերություն եք տեսնում ձեր ուսանողական տարիների և հիմիկվա երիտասարդության միջև՝ հենց թեկուզ ձեր նշած անշահախնդիր հարաբերությունների առումով։
– Մենք շատ համախմբված էինք՝ ամբողջ կուրսով, բոլորս ընկերներ էինք, բոլոր առիթները միասին էինք նշում։ Մեր ուսանողական ընկերությունը մինչև այժմ էլ պահպանվում է, անկախ այն հանգամանքից, որ կյանքը մեզ տարբեր ուղղություններով տարավ. մեկին՝ Ռուսաստան, մյուսին՝ Ֆրանսիա, Ամերիկա։ Բայց աշխատում եմ կապը բոլորի հետ էլ պահել: Տարին մեկ անգամ հավաքվում ենք։ Իսկ 2003-ին տոնում էինք ինստիտուտն ավարտելու 10-ամյակը և շատ մեծ տոնակատարություն կազմակերպեցինք։
Իսկ այսօրվա երիտասարդության մեջ այդ համախմբվածությունը կարծես չեմ տեսնում։
Սակայն բարի նախանձով եմ նայում մեր երիտասարդներին. գիտելիք ստանալու համար նրանք ունեն այնպիսի տեղեկատվական բազա, որը մենք, ցավոք սրտի, չունեինք։ Երբ 1993թ. դիպլոմային էի գրում Արժույթի միջազգային հիմնադրամի մասին, ոչ ոք չգիտեր՝ դա ինչ է։ Նյութեր ստանալու համար ես նամակ էի գրել «Еженедельник зарубежом» հանդեսին, որտեղ ինձ հետաքրքրող հոդված էի տեսել։ Եվ մի օր, երբ տանը նստած էի, եկավ փոստատարը և մի փաթեթ հանձնեց՝ նյութեր էին ԱՄՀ-ի մասին։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Մինչև հիմա պահում եմ այդ նյութերը։ Իսկ այսօր ուսանողությունը նման խնդիր չունի։ Ցանկացած ինֆորմացիա կարելի է շատ արագ ստանալ, հնարավորություն ունեն դուրսը կրթվել՝ կան բավականին շատ ծրագրեր, գրանտներ։ Իսկ մենք, հիշում եմ՝ ինչպես էինք գրադարանում նստած, թուղթ-գրիչը ձեռքներիս նյութեր հավաքում. մեր ժամանակ քսերոքս էլ չկար…
– Ասում են՝ ձեզ հաճախ կարելի է տեսնել Երևանով զբոսնելիս…
– Միշտ սիրել եմ Երևանով զբոսնել, յուրաքանչյուր անկյունն ինձ հարազատ է։
Ամենից շատ սիրում եմ Աբովյան փողոցը, որը շատ գեղեցիկ հուշերի հետ է կապված։ Հիշում եմ՝ հայրս և պապիկս հաճախ էին ձեռքս բռնած ինձ ման տալիս Աբովյան փողոցով։
– Հիմա է՞լ եք զբոսնում։ Քանդած փողոցներն ու երթևեկությունը ձեզ չե՞ն խանգարում։
– Հիմա ավելի շատ Սայաթ-Նովա փողոցով եմ զբոսնում։ Այդ վերականգնման աշխատանքները ժամանակավոր են և շուտով կավարտվեն, թեև դրանք էլ չեն խանգարում, որ մենք ընկերներով շաբաթը 3-4 անգամ զբոսնենք. հանդիպում ենք, քայլելով խոսում տարբեր թեմաներով ու չնկատելով՝ քաղաքի կեսն անցնում ենք։ Իհարկե, երբեմն ճանապարհից շեղվում ենք՝ սուրճ կամ գարեջուր խմելու համար…
– Քանի որ խոսքը հասավ դրան, կասե՞ք ալկոհոլային խմիչքներից որն եք նախընտրում։
– Նայած ինչ ուտեստի հետ։ Հիմնականում նախընտրում եմ կարմիր գինի և վիսկի։
– Իսկ որպես զբաղմունք՝ ի՞նչ եք սիրում խաղալ։ Ասենք՝ նարդի, շախմատ կամ թղթախաղ, որոնք, խմիչքի նման, հայկական խնջույքների անբաժանելի մասն են կազմում։
– Ես ավելի շատ նախընտրում եմ սպորտային խաղերը։ Եթե ժամանակ է լինում, շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ։ Բասկետբոլ, վոլեյբոլ էլ եմ խաղում, հնարավորության դեպքում ընկերներով առիթը բաց չենք թողնում։
– Հիշեցիք, որ ձեր հոր հետ զբոսնում էիք Երևանով։ Իսկ դո՞ւք ձեր երեխաներին ուր եք տանում։ Ընդհանրապես, հաճա՞խ եք երեխաների հետ տեղ գնում։
– Իհարկե, կիրակի օրը ես ամբողջությամբ նվիրում եմ երեխաներիս՝ դա արդեն ձևավորված ավանդույթ է դարձել։ Տանում եմ զբոսայգիներ։ Երեխաներս շատ սիրում են «Մանկական երկաթուղին», մանավանդ՝ տղաս։ Աշխատում եմ նաև Երևանից դուրս տանել, ծանոթացնել մեր մշակութային արժեքների հետ։
– Պրն Օսիպյան, լսել եմ, որ դուք երկու մեծ շուն եք պահում։
– Այո, մեկը զտարյուն գերմանական հովվաշուն է, մյուսը նույնպես զտարյուն ռուսական սև Տերիեր: Տերիերն ինձ ուղարկել է ընկերս՝ Ռուսաստանից։ Այնպես էր ստացվել, որ դրսում եղած ժամանակ տեսա այդ ցեղատեսակը, հետո սկսեցի հետաքրքրվել՝ պարզվեց, որ եզակի ցեղատեսակ է, չափսերով շատ մեծ և խելացի։ Ընկերոջս խնդրեցի հետաքրքրվել՝ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել այդ ցեղատեսակի շուն։ Եվ մի օր հանկարծ նա զանգահարեց և ասաց՝ շանն ուղարկել եմ, գնա օդանավակայան, դիմավորիր։ Նվեր էր արել։ Այդպես բերեցի տուն, և մինչ այժմ պահում ենք։
– Երեխաները չե՞ն վախենում։
– Ոչ, ընդհակառակը։ Երբեմն այնպիսի բաներ են անում, որ ես չէի համարձակվի անել։ Մանավանդ տղաս. ձիու տեղ հեծնում է։
– Ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
– Սիրում եմ ձկնորսությամբ զբաղվել։ Իսկ որսորդություն չեմ անում, դա իմ խառնվածքին չի համապատասխանում։ Ունեմ թղթադրամների հավաքածու, վաղուց եմ սկսել հավաքել։ Հավաքում եմ նաև լուցկիներ՝ տարբեր երկրների և տարբեր ժամանակների։
Զրուցեց Բաբկեն Թունյանը
«3 Միլիոն»
15 Նոյեմբեր, 2007