ՀՀ-ում գործող միակ պետական` Երևանի կենդանաբանական այգում արդեն մի քանի ամիս է, ինչ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ինչի պատճառով այցելուների համար այգու մի հատվածը դեռ փակ է: Եվ չնայած սրան` այգու ղեկավարությունը շարունակում է այցելուներից գանձել մուտքի վճարներ: Իսկ ինչ գումարների մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Երևանի կենդանաբանական այգու՝ 2014, 2015 և 2016 թվականների ֆինանսական մուտքերն ու դրանց օգտագործման մանրամասները։
Անցած տարվա ընթացքում այգու ֆինանսական միջոցների մուտքերը կազմել են 448 մլն 600 հազար դրամ, որից միայն 273 մլն դրամը պետական բյուջեից է հատկացվել: Իսկ 145 մլն 500 հազար դրամը բնակչությանը մատուցված վճարովի ծառայություններից է: Այսինքն՝ այգու մուտքի վճարներից գոյացած գումարը կազմել է 145 մլն 500 հազար դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության` կենդանաբանական այգուն 2016 թվականին նվիրել են 3.7 մլն դրամ: Այգին ունեցել է նաև այլ մուտքեր, որոնք էլ կազմել են 26.4 մլն դրամ: Ստացվում է, որ կենդանաբանական այգին անցած տարի ունեցել է ավելի քան 930 հազար դոլար։
Իսկ ինչպես է ծախսել այդ գումարը այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։ Ունեցած 448 մլն 600 հազար դրամից այգու տնօրինությունը անցած տարվա ընթացքում ծախսել է 448 մլն 300 հազար դրամը, որից միայն 83 մլն 700 հազար դրամը կազմել են նյութական ծախսերը, իսկ ոչ նյութական ծառայությունների վճարումները կազմել են 88 մլն 200 հազար դրամ: Ի դեպ, նաև գործուղումների վրա են ծախսվել գումարներ՝ 3.8 մլն դրամ: Թե կոնկրետ ով և որտեղ է գործուղվել, նշված չէ մեր ձեռքի տակ առկա փաստաթղթերում։ Միայն աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները կազմել են 154 մլն դրամ:
Այգու հիմնանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման համար ծախսվել է 12.1 մլն դրամ: Պաշտոնական վիճակագրությամբ այգու «այլ» ծախսերը կազմել են 106.5 մլն դրամ: Թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը 106.5 մլն դրամը ինչի վրա է ծախսել կամ ինչեր է ձեռք բերել դրանով, փաստաթղթում նշված չէ:
Իր կատարած ծախսերի մասին այգու ղեկավարությունը երբևէ չի բարեհաճել մանրամասն տեղեկացնել հանրությանը:
Այցելուներից ստացված վճարներն էլ 2015 թվականի համեմատ զգալի նվազել են: Եթե անցած տարի այգու մուտքի վճարներից գոյացած գումարը կազմել է 145 մլն 500 հազար դրամ, ապա 2015 թվականին այն 217 մլն 400 հազար դրամ է եղել: Այսինքն՝ 71.9 մլն դրամով նվազել են մուտքի վճարները: Նկատենք, որ այգու ղեկավարությունը ծախսում է այնքան գումար, որքան իրեն հատկացվում է ընթացիկ տարվա համար: Օրինակ՝ 2015 թվականին այգու ֆինանսական մուտքը կազմել է 586 մլն 900 հազար դրամ, իսկ ծախսվել է 586 մլն 400 հազար դրամը:
Սյունե Համբարձումյան
Ամբողջությամբ՝ armlur.am