Բիզնես էթիկետ
Advertisement 1000 x 90

Բիզնես էթիկետ

Տղամարդ բիզնեսմենի արտաքին տեսքը

Գործարար կյանքն այսօր այնպիսին է, որ հենց ֆիրմայի ղեկավարը պետք է առաջ տանի իր իսկ գաղափարները: Հագուստը և իրեն ներկայացնելու ունակությունը խոսում են առաջին հերթին այն մասին, թե որքան է ղեկավարը գնահատում ինքն իրեն և հարգում շրջապատին: Այսինքն, գործարարի արտաքին տեսքը պետք է վստահություն ներշնչի իր և իր գաղափարների նկատմամբ:

Ենթակաների և գործընկերների համար հասանելիությունը ղեկավարին անհրաժեշտ որակներից մեկն է: Օրինակ, մասնաճյուղ կամ գործարան գնալիս տեղին է հագնել պիջակ կամ բաճկոն` սպորտային տաբատով: Բիզնես-էթիկայի այս կանոնին Հայաստանում շատերն են հետևում, դա հաճախ նկատվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի մոտ, երբ նա այցելում է «Այրարատ» կինոթատրոնի շրջակայք` շինարարության ընթացքին ծանոթանալու:

Հաջողակ բիզնեսմենի իմիջը պահելու համար անհրաժեշտ է լավագույն որակի այն հագուստը, որ կարող է ֆիրմայի ղեկավարն իրեն թույլ տալ գնել:

Մուգ կամ բաց երանգով կապույտ կոստյումը օգնում է թողնել հեղինակավոր մարդու տպավորություն: Խորհուրդ է տրվում կրել սպիտակ կամ փղոսկրի գույնի վերնաշապիկ` նախշերով փողկապով: Ավանդական գորշ կոստյումը ստեղծում է հասանելիության և բարյացակամության մթնոլորտ. այս դեպքում նախընտրելի են «սառը» երանգների վերնաշապիկները` խամրած երկնագույն, խամրած վարդագույն կամ դեղձի գույնի: Նման կոստյումները խորհուրդ է տրվում կրել նոր հաճախորդների հետ հանդիպելիս կամ արտասահմանյան գործուղումների ժամանակ:

Ճիշտ ընտրված գունավոր կոստյումները խոսում են նրբագեղության մասին: Ընդ որում, գծավոր կոստյումների հետ կարելի է կրել համահունչ գծավոր փողկապ, սակայն գծավոր վերնաշապիկն անթույլատրելի է: Վանդակավոր կոստյումները հարմար են կիսագործնական, կիսաաշխարհիկ միջոցառումների ժամանակ: Այս դեպքում ամենալավը դիտվում են սպիտակ կամ բաց գույնի վերնաշապիկները: Փողկապը պետք է ընտրել նախշով, որի վրա կլինի կարմիր գույն:

Նրբագեղ կոստյումների, վերնաշապիկների ու փողկապների ճիշտ համադրությամբ հայ գործարարների շարքում կարելի է նշել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նրա ընտրած վերնաշապիկներին` հիմնականում մանուշակագույն երանգներով և բաց գույնի օձիքներով ու թևքերով:

Հարկ է նկատել նաև, որ ոչ մի իմիջմեյքեր խորհուրդ չի տալիս սև կոստյում կրել, ինչից պետք է հրաժարվեն նաև հայ գործարարները:

Պատրաստեց Զավեն Սարգսյանը

«3 Միլիոն»