Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է՝ Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։
Այս մասին գրում է razm.info-ն:
Սակայն ինչպես երևում է ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։ Ավելին, ՊԲ-ն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականանետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։
Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի «արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին»։ Հատուկ շեշտենք, որ քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։