Արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում 40-45%-ի հասցնելու խոստումը ՀՀ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից էր։ Այն տեղ էր գտել թե՛ նախորդ տարվա վերջին Կարեն Կարապետյանի առաջին կառավարության ծրագրում, թե՛ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում ունեցած ծրագրային ելույթում, և թե՛ ՀՀ կառավարության նոր ծրագրում։
Ի տարբերություն նախորդ ծրագրերի՝ կառավարությունն այս անգամ կոնկրետացրել էր ասելիքը և հստակ նշել, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների 3արտահանմանը։ Միայն ապրանքների արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2016 թվականին մոտ 17% է եղել, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը միասին՝ 33%։ Բնականաբար, 33%-ից 40-45%-ի հասնելը ավելի իրատեսական է, քան 17%-ից։
Սակայն։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) ։ Ծավալուն այս փաստաթղթում, բացի ընթացիկ իրավիճակի վերլուծությունից, կան նաև կանխատեսումներ՝ առաջիկա 2-3 տարիների կտրվածքով, այդ թվում՝ արտահանման և ներմուծման համար։ Աչքի անցկացրեք այս գծապատկերը, որը կազմվել է ՄԺԾԾ-ի հիման վրա։
Ինչպես տեսնում եք, այս տարի ծրագրվում է արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 34.7%-, 2018 թվականին՝ 35.2%-ի։ 2019 թվականին ցուցանիշի բարելավում կանխատեսվում է ընդամենը 0.1 տոկոսային կետով՝ 35.3%, իսկ 2020 թվականին՝ 2019-ի համեմատ, ցուցանիշը մնում է նույն մակարդակի վրա՝ 35.3%:
Հիշեցնենք, որ 40-45%-ի խոստումը վերաբերում է 2017-2022 թվականերին։ Այսինքն՝ այդ խոստումն ապահովելու համար 2021 և 2022 թվականներին արտահանումը պետք է կտրուկ աճի՝ 5-10 տոկոսային կետով։ Սակայն հաշվի առնելով 2017-2020թթ. աճի համեստ տեմպը՝ անհասկանալի է, թե ինչի հաշվին է գրանցվելու այդ թռիչքը։
Նշենք նաև, որ կառավարությունը խոստանում է առաջիկա 5 տարիների ընթացքում հասնել նրան, որ արտահանման ծավալը գերազանցի ներմուծմանը։ Ըստ ՄԺԾԾ-ում ներկայացված կանխատեսումների՝ դա նույնպես անիրատեսական է թվում։ Որպեսզի պատկերն առավել պարզ լինի, կարող եք աչքի անցկացնել նաև այս գծապատկերը՝ կրկին ՄԺԾԾ-ի տվյալների հիման վրա։
Ըստ այս կանխատեսումների՝ 2020 թվականին ապրանքների և ծառայությունների ներմուծման ծավալը կկազմի 6.53 մլրդ դոլար, արտահանման ծավալը՝ 5.03 մլրդ դոլար։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2020 թվականին կկազմի 1.5 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2016 թվականին եղել է մոտ 1 մլրդ դոլար։ Այսինքն, ըստ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներմուծման և արտահանման ծավալների տարբերությունը (հօգուտ ներմուծման) 2020 թվականին ավելի մեծ է լինելու, քան հիմա։
Ու եթե կառավարությունը իր խոստման տերը պետք է լինի՝ արտահանման ծավալը հասցնի և անցկացնի ներմուծման ծավալից, ապա դա նշանակում է, որ 2021-2022 թվականներին արտահանումը պետք է թռիչքաձև աճ ունենա, ինչը կրկին քիչ հավանական է թվում՝ այս կանխատեսումների ֆոնին։