Դասագրքեր գրողները պետք է երեխայագետ լինեն: «Դասագիրք գրողները պետք է շատ լավ հասկանան՝ ինչ են սիրում այսօրվա երեխաները: Դասագիրք գրողը պետք է նայի այն մուլտֆիլմերը, այն կինոները, որոնք նայում են երեխաները, որպեսզի նաև այդ ամեն ինչը օգտագործենք, որպեսզի հասկանա՝ երեխան ինչու է սիրում այս մուլտֆիլմը, ինչ պիտի անեմ ես, որ այդ ոճի ինչ–որ մի բան ես իմ դասագրքում դնեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Դասագիրքը գիտական մենագրություն չէ, և լավ դասագիրք գրելու համար հեղինակները գեղարվեստական գրականություն պիտի կարդացած լինեն։ Այս հարցերի շուրջ բանավեճ էր տեղի ունեցել նաև մի քանի օր առաջ 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը՝ խորհրդարանում: «Հիմա իմ՝ 7-րդ դասարանի երեխայի հետ զուգահեռ նայում եմ, ինձ թվում է՝ այդ գրքերի որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն 100 տոկոսով, ու մենք էդքան միամիտ չենք, հասկանում ենք՝ ովքեր են գրում գրքերը: Դուք ասում եք արտասահմանից գտնենք լավ գրքեր, ինչի սովետական միության գրքերը վա՞տն էին: Ոչ թե նոստալգիկ, այլ ուզում եմ հասկանալ՝ ո՞ւր կորան այդ գրքերը»,- Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ ասել էր ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ի պատասխան նրան՝ Լևոն Մկրտչյանն ասել էր. «ՌԴ–ում էլ են կորել այդ գրքերը, դրանք 25-30 տարվա են»:
Արձագանքում է նաև Սերոբ Խաչատրյանը. «Ընդհանրապես աննորմալություն յուրաքանչյուր մարդու մեջ էլ կա, սակայն կառավարման համակարգերի խնդիրն այն է, որպեսզի հնարավորություն չտանք աննորմալությունը դրսևորվի»:
Վերադառնալ խորհրդային դասագրքերի՞ն, թե՞ դրսի լավագույն գրքերը ադապտացնել մեր միջավայրին. հարցը դեռ լուծում չունի: «Խորհրդային դասագրքերը ժամանակին ընդհանուր առմամբ լավն էին, սակայն այսօրվա երեխաներին այդ դասագրքերը չեն կարող բավարարել: Համաձայն չեմ, որ վերցնենք այլ երկրի դասագրքեր, քանի որ ես ուզում եմ, որ ՀՀ երեխայի դասագիրքը գրվի ՀՀ–ում, քանի որ այլ երկրի հեղինակը չի կարող գրել այնպես, որ բոլոր երկրների երեխաների համար այդ դասագիրքը օգտակար լինի: Ի վերջո, մենք դասագրքում բերում ենք օրինակներ, որոնք կապված են տվյալ երկրի առանձնահատկությունների, մշակույթի, պատմության հետ: Այդ մասն ինչպե՞ս ենք անելու»,- նկատում է Սերոբ Խաչատրյանը:
Փորձագետը վկայակոչում է աշխարհի փորձը՝ շատ երկրներում դասագիրք գրելը մասնագիտություն է: Տեսակետը համընկնում է ԿԳՆ մոտեցումներին: «Նախ ուզում ենք դասագիրք գրողի մասնագետներ ուենանք՝ որևէ համալսարանում դնենք մաստեր ծրագիր, որտեղ մարդիկ, մասնագետները սովորեն՝ ինչպես դասագիրք գրել»,- ասել էր նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այս մասը թողնվել է շուկայական մեխանիզմով՝ մարդիկ գումար են ստացել, գիրք են գրել, բայց կարծում եմ՝ դպրոցական կրթության հետ կապված չի կարելի ամբողջությամբ շուկայական կառավարումով անել: Դասագրքի դեպքում պարտադիր է, որ պետությունը ներդրումներ անի այս ոլորտում, ստեղծի հստակ չափորոշիչներ: Դասագիրք գրողների մեծ մասն իր մտածածով է գրում, բայց կարևորը տեսնեն՝ ի՞նչ պահանջներ ունեն հոգեբանները, մասնագետները, ի՞նչ չափորոշիչներ են դնում»,- կարծում է Սերոբ Խաչատրյանը:
Դասագրքերի ոլորտում խնդիրների լուծման, կոռուպցիայի վերացման, ինչպես նաև՝ մրցույթների թափանցիկ անցկացման համար, Սերոբ Խաչատրյանի կարծիքով, շահագրգիռ բոլոր կողմերը՝ հեղինակները, ուսուցիչները, ծնողները, նախարարությունը պետք է նստեն կլոր սեղանի շուրջ ու երկխոսեն: