Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թել Ավիվ-Երևան չվերթի ժամանակ: Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայելի օդանավակայանում ուղևորների գրանցման համակարգը խափանվել է, ինչի հետևանքով Բուլղարիա մեկնող ուղևորը սխալմամբ հայտնվել է «Արմենիա» ավիաընկերության` Թել Ավիվից Երևան մեկնող օդանավում:
Ուշագրավ է, որ օդանավի անձնակազմը, որպես կանոն, նախքան չվերթը մի քանի անգամ՝ հայերեն և անգլերեն լեզուներով հայտարարում է, որ ինքնաթիռը մեկնում է Երևան, սակայն, հավանաբար, օտարերկրացի ուղևորի մոտ Հայաստան մեկնելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ որոշել է չիջնել օդանավից:
Yerkir.am-ի հետ զրույցում «Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնեց, որ խնդիրը կապված է եղել Թել Ավիվի օդանավակայանի հետ: «Թել Ավիվի օդանավակայանի աշխատակիցները ծրագրի խափանման պատճառով չեն կարողացել ժամանակին տրամադրել չվերթի ուղևորների վերջնական ցուցակը: Օդանավի անձնակազմը հավելյալ 2 ժամ սպասել է, որպեսզի վերջնական ցուցակները շտկվեն, սակայն, հաշվի առնելով ուշացման հետ կապված` ուղևորների դժգոհությունը, չեն հասցրել պարզել և գտնել լրացուցիչ ուղևորին և իրականացրել են Թել Ավիվ-Երևան չվերթը: Միայն Երևանում է հայտնի դարձել, որ օտարերկրացի ուղևորը սխալմամբ ժամանել է Երևան»,- պատմեց նա:
Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ թեև ուղևորին պատճառված անհարմարությունն անմիջական առնչություն չունի «Արմենիա» ավիաընկերության հետ, այնուամենայնիվ, ընկերությունը սեփական միջոցներով ուղևորին ճանապարհել է Բուլղարիա: