Անի քաղաքի ու նրա շրջակայքի եռաչափ մոդելավորմամբ հայկական պատմական և մշակութային հուշարձանների եռաչափ (3D) մոդելավորող, վերակազմող Պարգև Ֆրանգյանն ու իր գործընկերները սկսեցին զբաղվել դեռ տասը տարի առաջ: «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում Ֆրանգյանը պատմեց վիրտուալ վերաստեղծման աշխատանքի նրբությունների, ինչպես նաև գործընթացից ստացած իր տպավորությունների մասին: «Ես ու գործընկերներս 15 տարի առաջ սկսեցինք քննարկել եռաչափ մոդելավորման գաղափարը և 10 տարի առաջ սկսեցինք այն իրագործել: Այդ ընթացքում մեզ հաջողվեց վիրտուալ կերպով վերականգնել շուրջ 20 հայկական եկեղեցի: Հիմնականում մենք զբաղվում ենք այն պատմական հուշարձաններով, որոնք գտնվում են Հայաստանից դուրս»,- նշեց Ֆրանգյանը:
Դիզայները պատմեց, որ հայ մասնագետների մի խումբ աշխատում է կամուրջների, եկեղեցիների, պալատների, քարավանատների և այն ամենի վերականգնման վրա, ինչը պատմամշակութային ժառանգություն է համարվում: 2009 թ. թիմը սկսել է Անի քաղաքի վիրտուալ վերականգնումը: Սկզբում ուշարդության կենտրոնում հիմնականում այն եկեղեցիներն էին, որոնց մասին շատ է խոսվում, և դրանք ավելի հայտնի են, քան մյուսները. Մայր տաճարը, որի եռաչափ վերականգնումը դեռ ընթացքում է, Ամենափրկիչ եկեղեցին, Կուսանաց եկեղեցին, Գագկաշենը, Բազմախորանը և ոչ միայն:
«Այժմ մենք վերականգնում ենք նաև այն եկեղեցիները, որոնք ամբողջովին գետնին են հավասարվել: Սակայն մեր հիմնական նպատակը` ստանալ Անի քաղաքի և նրա շրջակայքի ամբողջական պատկերը»,- նշեց մեր զրուցակիցը: Ֆրանգյանի խոսքով` նախքան աշխատանքները սկսելը, ինչպես նաև` դրանց ընթացքում մի շարք նյութեր են հետազոտվել, ուսումնասիրվել է պատմությունը, հասկանալու համար, թե ինչպիսին է եղել հայկական այդ քաղաքը մի քանի հարյուրամյակ առաջ:
Մասնագետները աշխատում են XIX-XX դարի պատմական հետազոտությունների և արդեն իսկ պատրաստի գծագրերի հիման վրա, ինչպես նաև` այն ժամանակաշրջանի ճարտարապետության առանձնահատկության, երբ կառուցվում էր եկեղեցին:
Ինչպես նշում է մոդելավորողը, վիրտուալ վերականգնած բոլոր պատմամշակութային օբյեկտները 60-100%-ով նման են բնօրինակին: «Հատուկենտ տարրեր են լինում կամ նրբություններ, որոնք մենք չենք կարողանում վերականգնել: Սակայն յուրաքանչյուր դարաշրջան տարբերվում է ճարտարապետության բացառիկությամբ, ինչն էլ օգնում է մեզ աշխատանքի ժամանակ վերականգնել ամենամանր տարրերն ու դրանց ճիշտ նմանակն ստեղծել»,- ասաց Ֆրանգյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայում բազմիցս փորձեր են արվել իրենց տեսանկյունից ներկայացնել հայկական պաշմամշակութային կոթողները: Դա տարբեր նկատառումներով էր արվում, այդ թվում նաև նրա համար, որ ցանկանում էին «վերացնել» հայկական հետքը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է՝ Ֆրանգյանի և իր գործընկերների պատրաստի աշխատանքներով հետագայում վերականգնվեն Անիում գտնվող եկեղեցիները կամ քաղաքը, նա պատասխանեց, որ այդ հարցով պետք է իրավասու մարդիկ զբաղվեն: «Մենք պարզապես պահպանում ենք պատմամշակութային ժառանգությունը մեր ձևով: Անի քաղաքը միջնադարի բարձրագույն քաղաքակրթության խորհրդանիշն է, ինչպես նաև` հայ ճարտարապետության բնօրրանը: Այդ քաղաքը եղել է եկեղեցիների մայրաքաղաք, պատահական չեն ասում, որ «Անին 1001 եկեղեցիների քաղաք է»: Իհարկե, սա չափազանցված է, քանի որ քաղաքում կա շուրջ 50 եկեղեցի»,- ասաց դիզայները:
Ֆրանգյանը նաև հավելեց, որ աշխատանքի ընթացքում ամենատպավորիչն այն է, երբ որևէ նորություն ես գտնում այս կամ այն շենքի, կառույցի ու շինության հետ կապված: Երբեմն նաև գեղարվեստական գրականություն են ընթերցում և ուրախանում, եթե կարևոր ու նոր որևէ տեղեկություն են գտնում: Ներկա պահին հայ մասնագետները 3-D ձևաչափում վերականգնել են Պարոնի պալատը: Սա պայմանական անվանում է, քանի որ հայտնի չէ, թե ում է պատկանում Անիում գտնվող այդ լուրջ ճարտարապետական հուշարձանը: Ֆրանգյանի խոսքով` դա բնակելի դղյակ է, որը տարբերվում է իր հարուստ զարդանախշերով և ճոխ շքամուտքով: