Հայաստանում հայտնաբերված «կեղծ» Պրեստանսի բաղադրությունը օրիգինալին համապատասխանում է. Servier
Advertisement 1000 x 90

Հայաստանում հայտնաբերված «կեղծ» Պրեստանսի բաղադրությունը օրիգինալին համապատասխանում է. Servier

Les Laboratoires Servier ընկերության անցկացրած փորձաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում հայտնաբերված կեղծ Պրեստանսի քիմիական բաղադրությունը համապատասխանում է օրիգինալ դեղամիջոցի բաղադրությանը, և´ «կեղծ», և´ օրիգինալ դեղամիջոցում միևնույն ներգործող նյութն է` պերինդոպրիլ արգինին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Les Laboratoires Servier-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Վելիջանյանը:

«Մենք պնդում ենք, որ գտնված փաթեթներում օրիգինալ դեղն է, որն արտադրվել է Servier-ի գործարաններում, ներգործող օրիգինալ նյութով`  պերինդոպրիլ արգինինով: Սակայն այս դեղերի փաթեթներն իսկապես կեղծված են: Այսինքն` այս դեղերը  նորից են փաթեթավորվել` հայտնի չէ որտեղ, ըստ որում` ընկերության փաթեթավորման պահանջների խախտմամբ»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` այժմ կեղծ փաթեթների գործով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, և դեռևս հայտնի չէ, թե հատկապես որտեղ են արտադրվել այդ փաթեթները և ինչպես են հայտնվել հայկական շուկայում:

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ փորձաքննության ընթացքում ստուգել են նաև «կեղծ» դեղերի պիտանիության ժամկետը` կասկածեելով, որ հնարավոր է հին դեղերն են նորից փաթեթավորվել, որ հնարավոր լինի վաճառել. պարզվել է, որ դեղերը այնքան էլ թարմ չէին, սակայն դրանց պիտանիության ժամկետը չէր լրացել:

«Դեռևս հասկանալի չէ, թե ինչ իմաստ ուներ մեր դեղերը նորից կեղծ փաթեթներով փաթեթավորել: Մենք ինքներս էլ կցանկանայինք այս հարցի պատասխանը ստանալ»,- նշեց Գագիկ Վելիջանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Առողջապահության նախարարությունից հայտնել են կեղծ դեղերի 2 խմբաքանակի հայտնաբերման մասին` Servier ընկերության ճնշման դեմ Պրեստանսի (5 մգ/10 մգ, N30, սերիա 0590516, պիտանիության ժամկետը 11.2018)  և Ցեֆտրիակսոն-Աստերիա ներարկային հակաբիոտիկի: Ինչպես հաղորդվել էր, Պրեստանսի այս խմբաքանակը կեղծված փաթեթներով էր, որոնց սերիան յոթանիշ էր, մինչդեռ Հայաստանում գրանցված է վեցանիշ սերիայով Պրեստանս: Ավելի ուշ պարզվել էր, որ յոթանիշ սերիայով դեղերն արտադրվում են Ռուսասատնում գտնվող Servier-ի գործարանում: Սակայն դեռևս հայտնի չէ, արդյո՞ք կեղծ փաթեթները Ռուսաստանում են արտադրվել:

med.news.am